ՀԱՍՏԱՏ ՈՉ ՈՒԹ
Թող ներեն ինձ մեր վրացի եղբայրները, բայց ժամանակին մի այսպիսի հայտնի անեկդոտ կար։. Վրացական դպրոցում թվաբանության դաս է։ Ուսուցիչը հարցնում է. «Գոգի, ինչքա՞ն կլինի՝ երկու անգամ երկու»։ Գոգին կանգնում է ու հպարտ պատասխանում. «Ո՛ւթ»։ Ուսուցիչը նախատինքով տարուբերում է գլուխը. «Գոգի, ախր լավ, թող լինի հինգ, վեց, յոթ... բայց հաստատ ո՛չ ութ»։
ԻՆՉՈ՞Ւ ՀԻՇԵՑԻ ԱՅՍ ԱՆԵԿԴՈՏԸ։ Վերջերս հեռուստաընկերություններից մեկով լսում էի «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն, Հայաստանում GALLUP միջազգային ասոցիացիայի իսկական անդամ Արամ Նավասարդյանին։ Սոցիոլոգը փորձում էր պատասխանել այն հարցին, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ իր ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ իշխող կուսակցությունը հունիսի 18-ի դրությամբ ստանում էր ձայների մոտ 24%, իսկ արդեն ընտրություններից հետո անցկացված հարցման համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող էր ստանալ մոտ 36%, բայց ահավասիկ, ըստ ԿԸՀ տվյալների՝ ստացել է ձայների 53,9%... «Ես դժվարանում եմ դա բացատրել»,- ասում էր Նավասարդյանը։
Նրա խոսքերով՝ կարելի է ենթադրել, որ հունիսի 18-ի դրությամբ ՔՊ-ին հատկացվող 24%-ին ավելացել են բոլոր նրանց ձայները, ովքեր, ըստ հարցման, այդ պահին դեռ կողմնորոշված չեն եղել կամ չեն ցանկացել պատասխանել հարցին, կարելի է ենթադրել, որ վերջին պահին ՔՊ-ին են անցել նրանց ձայները, ովքեր մինչ այդ մտադիր էին քվեարկել «Լուսավոր Հայաստան»-ի օգտին, սակայն վերջին օրը եզրակացնելով, որ վերջինս չի անցնելու ԱԺ, իրենց ձայնը տվել են ՔՊ-ին… Այս ամենը կարելի է ենթադրել, տարակուսում էր Նավասարդյանը, սակայն այդ ամենով հանդերձ ՔՊ-ն կարող էր հավաքել 35-36%, բայց հաստատ ոչ 53,9%:
Սոցիոլոգը հիշեցրեց նախորդ տարվա հունիսին իր կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները։ Այն ժամանակ իշխող ուժի վարկանիշը 55% էր։ «Եվ ի՞նչ, մեկ տարվա ընթացքում, կորոնավիրուսի առումով ձախողումներից, տանուլ տված պատերազմից, բազմաթիվ տարածքների կորստից, հազարավոր սպանվածներից և ավելի քան տասը հազար վիրավորներից, հարյուրավոր անհայտ կորածներից և մինչ այժմ գերության մեջ գտնվողներից, Հայաստանի սահմանային տարածքներ Ադրբեջանի ներխուժումից հետո, այն բանից հետո, երբ արդեն մեր տարածքում են գերիներ վերցնում, Շուշիում Էրդողանի ու Ալիևի հայտարարություններից հետո, այդ ամենից հետո, հազարավոր ընտանիքների համար այդքան ողբերգություններից հետո իշխող կուսակցության վարկանիշն ընկել է ընդամենը մեկ տոկոսո՞վ»,- տարակուսում էր Նավասարդյանը:
Նրա խոսքերով, նույնիսկ ՔՊ-ին մոտ կանգնած սոցիոլոգների ամենալավատեսական հարցումները իշխող կուսակցությանը տալիս էին ոչ ավելի, քան 35-36%... Այո, հասկանալի է, որ հարցումները հաշվի չեն առնում վարչական ռեսուրսը, ուղղորդված քվեարկության հնարավորությունները, մասնավորապես՝ ուժային կառույցների։ Բայց կրկին իսկ, նույնիսկ հաշվի առնելով այդ ամենը, ուժայինների և ոչ միայն նրանց ուղղորդված քվեարկությունը, ինքը՝ ՔՊ-ն ակնկալում է ստանալ մոտ 45%, բայց բնավ ոչ 53,9%.
«Ես բացատրություն չունեմ»,- ասաց Արամ Նավասարդյանը, իսկ հետո հիշեցրեց, թե ինչպես է մի շարք մարզերում, այդ թվում մարզկենտրոններում ձայների հաշվարկի ժամանակ «անսպասելիորեն» մարել լույսը: 90-ականների սկզբի ընտրարշավների լավագույն ավանդույթների համաձայն… «Հայաստանի էլեկտրացանցերը» հետո դա բացատրեցին Վրաստանում տեղի ունեցած ինչ-որ խափանումով և ասացին, թե անջատումը տևել է ընդամենը 5-7 րոպե... Դե, ասենք թե ոչ 5-7, որոշ տեղերում շատ ավելի երկար։
Սակայն, հաշվի առնելով զարմացած սոցիոլոգի անկեղծ տարակուսանքը, մի՞թե ցանկություն չի առաջանում դավադիր հարց տալ. իսկ քանի՞ րոպե է, ըստ էության, անհրաժեշտ՝ քվեատուփը փոխելու կամ, է՛լ ավելի հեշտ, պարզապես լրացուցիչ քվեաթերթիկներով այն լցոնելու համար։ Այն էլ բարենպաստ հանգամանքներում։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը ի թիվս այլ նյութերի Սահմանադրական դատարան է ներկայացրել նաև 109 ընտրատեղամասերի արդյունքների վերլուծությունը, որը վերաբերում է մոտ 88000 քվեի: Եվ ահա այդ 88 հազար ձայներից 4 հազարի ստորագրությունները բացակայում են ընտրատեղամասերում հրապարակված ցուցակներում։ Եվ եթե այդ ցուցանիշները բազմապատկվեն բոլոր ընտրատեղամասերի թվով, կամ գոնե այն տեղամասերի, որտեղ «Վրաստանում խափանման» պատճառով հանկարծ մարել է լույսը, ապա... Ապա երկու անգամ երկուսը հանրագումարում կարող է տալ ոչ միայն հինգ, վեց, յոթ, այլ նույնիսկ ամբողջ ութ։