«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՉՆԵՐԵԼ ԻՐ ԴԵՄ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ԱԳՆ-ԻՆ
ՀՀ կառավարությունում որոշել են, որ ԱԳՆ նախկին նախարար Արա Այվազյանի նշանակած կադրերը չպետք է մեկնեն իրենց նշանակման երկրներ։ Տեղեկությունը գրում է «Հրապարակն» իր այսօրվա համարում։
«Սթրվեք տեղներդ»,–թերթի տվյալներով` հրահանգել են նրանց։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ԱԳՆ-ից մոտ 10 դիվանագետ՝ ընտանիքներով, պատրաստվում են մեկնել իրենց նշանակման երկրներ՝ ռոտացիոն կարգով մեր ներկայացուցչություններում աշխատելու։
«Այժմ կառավարության գրաքննիչները նստած մանրակրկիտ ուսումնասիրում են դիվանագետների ՖԲ էջերը: Ու, Աստված մի արասցե, եթե հայտնաբերեն ՔՊ-ի կամ նրա առաջնորդի դեմ մի «քոմենթ» կամ «լայք», նրանք կզրկվեն ոչ միայն արտասահմանում աշխատելու իրավունքից՝ ապրուստի միջոցից, այլև առաջխաղացման հեռանկարից։ Ինքնուրույն մտածող, պրոֆեսիոնալ դիվանագետներին փչացնելու գործընթացը շարունակվում է»,–գրում է թերթը։
Նրանց տվյալներով` ԱԳՆ-ում լարված իրավիճակ է, ասում են՝ համբերենք, տեսնենք՝ ով է նախարար գալիս։
«Փաշինյանը որոշել է չներել իր դեմ դուրս եկած ԱԳՆ-ին՝ բոլորը պատժվելու են, այդ թվում՝ Վահագն Մելիքյանը, որի դեմ վաղուց է տրամադրված»,-գրում է թերթը։