ՊՈՂՊԱՏԵ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԾԱԾԿԱՄԻ՞Տ

Քաղաքական ուժը, որն իշխանության գալու արշալույսին ազդարարեց, թե ինքն ամենաթափանցիկն է, վաղուց արդեն բազում հարցեր լուծում է հասարակայնության աչքից ու ականջից հեռու։ Ստանալով «պողպատե մանդատ», այսօր նա մտադիր է արդեն պաշտոնական մակարդակով՝ կառավարության որոշմամբ սահմանափակել մեկ անձից կատարվող գնումների և պետական ծառայողների գործուղումների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը։ Բնականաբար՝ պետության շահերի մասին հոգացողության պատրվակով։

Այս իշխանությունը, որը երեք տարի շարունակ ներշնչում է հանրությանը, թե ինքն աշխարհի ամենաժողովրդավարն ու թափանցիկն է, համաշխարհային ազատության և ժողովրդավարության ամենաիսկական բաստիոնը, այլևս ձևանալու կարիք չունի։ Պոպուլիզմի ալիքի վրա եկած իշխանությունն այսօր՝ երեք տարի անց, մտադիր է փոփոխություններ կատարել 2018 թվականի սեպտեմբերի 19-ի իր իսկ որոշման մեջ։ Դրանով վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկել էր նախկին կառավարության 2013թ. որոշումը և ընդունել իր սեփականը՝ «պետական կառավարման համակարգի և տեղական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց գործուղումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»:

Դրանով, մասնավորապես, նախատեսվում էր ներկայացնել գործուղման օրակարգը և հիմնավորել դրա անհրաժեշտությունը, հանգամանորեն նկարագրելով ակնկալվող արդյունքները, բացասական ազդեցությունը չմասնակցելու դեպքում և յուրաքանչյուր անդամի դերը մասնակցության պարագայում։ Բացի այդ, գործուղումից վերադառնալուց հետո պետք էր եռօրյա ժամկետում մանրամասն հաշվետվություն ներկայացնել արդյունքների վերաբերյալ (գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, բարձրացված հարցերը, առաջարկությունները, ընդունված որոշումները, ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը և այլն), որը զետեղվում էր կառավարության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվությունը պարունակում էր պետական կամ ծառայողական գաղտնիք ներկայացնող տեղեկատվություն:

Այժմ կառավարությունը մտադիր է պարզապես փակել վերոնշյալ բոլոր տեղեկությունները։ Հիմնավորելով դա երկաթե փաստարկով. հաշվետվության մեջ ներկայացված տեղեկատվությունը կարող է ռիսկեր ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական շահերի սպասարկման տեսանկյունից: Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պետական կամ ծառայողական գաղտնիք բովանդակող տեղեկատվությունն առանց այդ էլ գտնվում է գաղտնիության կնիքի տակ։ Իսկ այ վերոնշյալ կարգի սահմանափակումները նման են ոչ թե գաղտնիության, այլ ավելի շուտ՝ սքողման: Որքանո՞վ են այսօր հիմնավորված ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից իբր ռիսկի հնարավորության մասին կառավարության մտավախությունները։

«Ինչի մասին որ պետք է, էն էլ բանակցում ենք», - ասում էր Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցություններն իր սեփական կետից սկսած Փաշինյանը ... Գաղտնիությանն էին հղում անում պետպաշտոնյաները՝ չներկայացնելով պատերազմի ավարտից հետո 4,5 ամիս շարունակ պահպանվող ռազմական դրության որևէ հիմնավորում, կոչ անելով հավատալ իրենց խոսքին, թե իբր՝ «ռազմական դրության ռեժիմի պահպանման որևէ քաղաքական ենթատեքստ չկա»։ Հիշում եմ, փետրվար ամսին, երբ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց վեց կետից բաղկացած մի հուշագիր՝ Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունը կազմակերպելու մասին՝ ի կատարումն նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, որը նրան տրամադրել էր ռուս սահմանապահ սպան, փոխվարչապետ Ավինյանը խորհրդարանում երկար ժամանակ փորձում էր տակից դուրս գալ։ Բայց նրա ոլոր-մոլոր ելույթներից այնուամենայնիվ պարզ դարձավ, որ փաստաթուղթը, որտեղ նշվում են Սյունիքում սահմանների որոշման կոորդինատներն ու սկզբունքները, գոյություն ունի, չնայած հայ հասարակայնությունը, որին այդ հարցը վերաբերում է ամենաուղղակի կերպով, բացարձակապես տեղյակ չէր այդ մասին…

Հենց այն ժամանակ էլ, ի դեպ, հայտնվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հաղորդագրությունը, համաձայն որի՝ Սյունիքի սահմանամերձ շրջաններում տարբեր թեմաներ լուսաբանելու համար ԶԼՄ-ները պետք է ունենան Հայաստանի ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։ «Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր դիմել ՀՀ ԱԱԾ»,- ասված էր հաղորդագրության մեջ։

... Այսօր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նույն ԱԱԾ-ի հետ համատեղ հանդես է գալիս վարչապետի որոշման չեղարկման նախաձեռնողի դերում և, ըստ էության, փակում ո՛չ պետական, ո՛չ էլ ծառայողական գաղտնիք չհանդիսացող տեղեկատվության հասանելիությունը։ Վերջինս հնարավոր կլինի ստանալ՝ ուղարկելով լրացուցիչ հարցում և հիմնավորումներ ներկայացնելով այդ տեղեկությունն ստանալու անհրաժեշտության վերաբերյալ։ Այլ կերպ ասած, միանգամայն կարող են մերժել՝ պատճառաբանելով տվյալ տեղեկատվության անհրաժեշտության ոչ բավարար հիմնավորվածությամբ։

Բայց է՛լ ավելի արտառոց է տեղեկատվության սահմանափակման նպատակը։ Ինչպես ասված է որոշման նախագծում, «թույլ չտալ այդ տեղեկատվությունը օգտագործել տարբեր տնտեսական և քաղաքական վերլուծություններում ի վնաս ՀՀ պետական շահի»: Նրանք, ովքեր կարող են դա անել, նման տեղեկատվություն հավաքում են բնավ ոչ բաց աղբյուրներից կամ առնվազն ոչ միայն բաց աղբյուրներից: Եվ այդօրինակ սահմանափակումը կարող է լոկ ծիծաղ հարուցել։ Ուրեմն ումի՞ց է կառավարությունը իրականում մտադիր թաքցնել «Հույժ գաղտնի» կնիքի տակ չգտնվող տեղեկատվությունը:

Այս նորամուծությանը, ենթադրենք, կարելի կլիներ վերաբերվել որոշակի ըմբռնումով։ Ավելին, կարելի կլիներ համարել անհրաժեշտություն, այլ ոչ թե ինքնանպատակ, ինչպես հորդորում է կառավարությունը, եթե ... Եթե չլիներ նույն այդ կառավարությունը, որից գաղտնիության կնիքի տակ սպասելի է ինչ ասես, և դրանում մեր հասարակությունը համոզվել է գործնականում…

Նշենք, որ որոշման նախագիծը հանրային քննարկման համար տեղադրված է e-draft.am կայքում հուլիսի 3-ից և այնտեղ կմնա մինչև հուլիսի 17-ը: Այսօրվա դրությամբ բոլոր ձայները դեմ են։ Թեպետ, դժվար թե հարկատուների բացասական վերաբերմունքը, որոնց գրպանի հաշվին պետական պաշտոնյաները մեկնում են գործուղումների, կասեցնի այդ գործուղումները գաղտնիության շղարշով պատելու կառավարության ցանկությունը։

Основная тема:
Теги: