Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԴԵ ՖԱԿՏՈՅԻՑ ԴԵ ՅՈՒՐԵ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ

«Եթե նախկինում մեկն ադրբեջանանպաստ հայտարարություն աներ, կարող էր հաջորդ օրը փողոցում քայլելու խնդիր ունենար, քանի որ կարժանանար հասարակության քննադատության: Հիմա դրանք դառնում են հերոսներ, հպարտ քայլում են փողոցներով»,- ասուլիսում ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով, մեր թարմ վիշտը, Արցախի կորուստը նույնպես այս ռեժիմի շրջանակներում մոռացության է մատնվում, սակայն դրան որևէ հակազդեցություն չկա, ինչ ողբերգություն է, բացի գաղափարական փոքրամասնությունից:

Ըստ թուրքագետի, կարևոր է նաև պաշտոնական հռետորաբանությունը. «Մի քանի օր առաջ գերիների ազատման դիմաց տվեցինք ականապատ դաշտերի երկու քարտեզ, կառավարության հայտարարության մեջ ձևակերպում կար՝ որպես բարի կամքի դրսևորում Հայաստանը Ադրբեջանին է փոխանցում ականապատ դաշտերի քարտեզները:

Բարի կամք դրսևորել թշնամական երկրի հանդեպ, ով գլխատում է քո քաղաքացիներին, պղծում Շուշիի Ղազանչեցոցը, չի կարող լինել»:

Նա շեշտեց՝ բարի կամք դրսևորվում է միայն թշնամու հանդեպ, իսկ բարի կամքը վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանի հանդեպ չի դրսևորվում:

Խոսելով տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մասին, Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այդ երկիրն արդեն մտել է այս տարածաշրջան: Ըստ նրա, դա Հայաստանի համար գոյություն ունենալ-չունենալ խնդիր է, ՌԴ-ի համար՝ լրջագույն խնդիր, քանի որ դա նշանակում է Ռուսաստանի թուլություն:

«Ինչքան Թուրքիան մտնում է Հարավային Կովկաս, այնքան Ռուսաստանը պետք է նահանջի, քանի որ Հարավային Կովկասը նեղ է երկու գերտերության համար:

Հիմա արդեն տեսնում ենք, որ Թուրքիան Շուշիում է իր ռազմական ներկայությամբ, վաղն արդեն հյուպատոսությամբ և այլն: Հետևաբար այստեղ Ռուսաստանի դիրքերի նահանջն է»,- ասաց թուրքագետը:

Բացի այդ, ըստ նրա, Թուրքիայի մուտքը ենթադրում է նաև քաղաքական առևտուր, այսինքն, կարող է պահանջել ինչ-որ զիջում արդեն Հայաստանի հաշվին. «Այսինքն, երկու տերություններ իրար հետ շփվում են, բանավիճում են, առևտուր են անում մեր հաշվին, մենք այստեղ դիտորդ էլ նույնիսկ չենք. տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում մեր հայրենիքի հետ, ինչպես է այն մասնատվում»:

Ռ.Մելքոնյանի խոսքով, շատ դժվար է դիմակայել Թուրքիայի գերակտիվությանն այս տարածաշրջանում, դիմակայելու համար պետք է զիջումներ անել, զիջում անելու հավանական տարածքներից է Հայաստանն ու մեր շահերը:

Ըստ նրա, կարող էր անձի փոփոխությունը այս ամենը կասեցնել, այսինքն՝ եթե բանակցողը ոչ թե պարտված և դիվանագիտական հմտություններից զուրկ իշխանությունն է և նրա ղեկավարը.

«Միանշանակ կարող ուժերը, եթե կարողանային գալ իշխանության, չեմ ասում, որ էական փոփոխություն կլիներ, բայց գոնե փոքր փոփոխություն կարող էր լինել, քանի որ առկա ռեսուրսների վերաձևավորելու, վերաձևակերպելու խնդիր կար»:

«Սրա ամենակարևոր առհավատաչյան՝ մեր արտաքին գործերի նախարարությունը գլխատված է, նախարար, փոխնախարարներ չունենք, որևէ մեկը չի համաձայնվում դառնալ նախարար, որովհետև չի ուզում մաս կազմել այն հավանական պայմանագրերի, որոնք կարող են հրամցվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:

Այսինքն, սա նույնպես մի ապացույց է, որ Հայաստանը գնում է դե ֆակտոյից դե յուրե կապիտուլյացիայի և Հայաստանը որպես պետականություն գնում է այն ճանապարհով, որ դադարելու է լինել պետականություն բառիս բուն իմաստով»,- ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Panorama.am