«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ» ԳԱՂՏՆԻՔԸ ԳՆԵՐԻ ԱՃՆ Է

Կառավարության վերջին նիստում վարչապետի պաշտոնակատարի աթոռը զբաղեցնող անձը հայտնեց, թե բավական հաջող են իրականացվում բյուջեի եկամտային մասի հավաքագրումները, և այդ մասով առաջին կիսամյակում արձանագրվել է ծրագրի գերակատարում։ Իսկ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը պատկերազարդեց այդ «հաջողությունը» թվերով, նշելով, որ տարվա առաջին կեսին փաստացի հավաքվել է 750 մլրդ դրամի հարկ, մինչդեռ ծրագրային ցուցանիշը կազմել է 697,7 մլրդ: Այսինքն պլանը գերակատարվել է 52,3 միլիարդով։ Այն է՝ մոտավորապես 7 տոկոսով։

Իհարկե, ինչպես միշտ, ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը չբացահայտեցին հաջողության գաղտնիքը, չնշեցին այն գործոնները, որոնց հաշվին հաջողվել է հասնել պլանի գերակատարման. սահմանափակվեցին դրականի արձանագրումով: Մինչդեռ մի քանի օր անց, ըստ էության, դա արեց Վիճակագրական կոմիտեն՝ հրապարակելով ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների սպառողական գների ինդեքսի վերաբերյալ հաշվետվությունը։

Ահա ուրեմն, պարզվում է, որ միայն այս տարվա առաջին կեսին սննդամթերքն ու ոչ ալկոհոլային ըմպելիքները թանկացել են 5,3%-ով, ալկոհոլն ու ծխախոտը՝ 7,7%-ով, կենցաղային իրերն ու տեխնիկան՝ 6,8%-ով: Սաստիկ թանկացել են տրանսպորտն ու կապը, հյուրանոցների ու ռեստորանների ծառայությունները։ Առանձին պետք է նշել բենզինի և դիզելային վառելիքի գների աճը, հաշվի առնելով, մի կողմից՝ մուլտիպլիկատիվ էֆեկտը, մյուս կողմից՝ աճի վիթխարի նիշը։ Առաջին կիսամյակում բենզինը թանկացել է 29,1%-ով, իսկ դիզվառելիքը՝ 37,9%-ով։

Այսչափ պատկառելի ու համատարած թանկացումը սպառողական գրեթե բոլոր շուկաներում, բնականաբար, չէր կարող չավելացնել հարկային եկամուտների հոսքը գանձարան։ Ավելին, գների աճի ցուցանիշների խորապատկերին հարկային մասով պլանի 7-տոկոսանոց գերակատարումը պարզապես չնչին է թվում և հաստատ չի ձգում «հաջողություն» կոչվելու: Ըստ էության, հավաքված հարկերը պիտի այդ 52,3 միլիարդից անհամեմատ ավելի մեծ գումար կազմեին։ Այնպես որ դժվար թե լավատեսության հիմքեր կան։ Բացի այդ, համատարած թանկացումը ոչ միայն լրացուցիչ եկամուտ է ապահովում գանձարանի համար, այլեւ ավելացնում է դրա ծախսերը մի ամբողջ շարք ուղղություններով: Օրինակ, կապիտալ ծախսերի արժեքը չի կարող չաճել, եթե, ասենք, թանկացել են շինանյութերը։ Հետևաբար, եկամուտների ծրագրի գերակատարումը գների աճի հաշվին գրոշի արժեք անգամ չունի երկրի բյուջեի համար։

Ասենք, այս պատմության մեջ բացի կառավարությունից, որն առանց որեւէ օբյեկտիվ պատճառի ուրախանում է հարկային վճարների պլանի գերակատարման առթիվ, բացի երկրի բյուջեից, որն այդպիսի գերակատարումից ոչ մի օգուտ չունի, կա նաև երրորդ կողմը. շարքային սպառողը։ Հենց նրա գրպանից է վճարվում կառավարության կեղծ հաջողության համար, հենց թանկացած ապրանքների ու ծառայությունների վրա նրա հավելյալ ծախսերն են գանձարանին բերում չնախատեսված միլիարդներ։ Եվ հենց նրա եկամուտներում է, որ պլանի ոչ մի գերակատարում չկա։

Թեև մի փոքր ճշգրտում կատարենք։ Ասվածը չի վերաբերում պարգևավճարների և բոնուսների վրա նստած պաշտոնյաներին։ Այ նրանց անձնական բարեկեցության ծրագիրը հստակ ու կայուն գերակատարվում է։ Ի դեպ, հենց նույն առաջին կիսամյակի ընթացքում, որը լրացուցիչ 52,3 մլրդ դրամ է բերել գանձարանին, օրինակ, միայն ոստիկանության աշխատակիցները 3,7 մլրդ դրամ են ստացել պարգևավճարներների տեսքով։