Երեմ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ` ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՉԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԻՑ

Իրականում քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի այն խոսքին, թե ՝ այն որոշումը, որ եղել է, ունի բողոքարկման ժամկետ, և այն դեռ ուժի մեջ չի մտել, երբ կմտնի օրինական ուժի մեջ, արդեն ավտոմատ կվերականգնվեն իր լիազորությունները։

Հիշեցնենք, ո ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասով որոշումը, որով վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Վարդազարյանի՝ որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները։

«Բացարձակ անընդունելի է, երբ ԲԴԽ հեղինակավոր իրավաբան-գիտնական անդամները ենթարկվում են օրվա իշխանության կամակորություններին։

Հեղինակավոր իրավաբան-գիտնականին ընտրում են ԲԴԽ անդամ, որ իր հեղինակությամբ և գիտելիքներով, ինչպես նաև անցած ճանապարհով ու կայացվածությամբ երաշխիք լինի դատական իշխանության անկախությանը (իրենց վրա իբրև պետք է հնարավոր չլինի մասնագիտական առումով ազդեցություն ունենալ և կարծիք պարտադրել)։

Այս առումով նշեմ, որ դատական համակարգը բուռը հավաքելու իշխանական հայտարարությունների ֆոնին հետաքրքիր իրավիճակ է ձևավորվել՝ քաղաքացիական մասնագիտացմամբ իրավաբան-գիտնականները կարգապահական պատասխանատվության են ենթարկում քրեական մասնագիտացմամբ հեղինակավոր դատավորին/ներին/՝ դատական ակտը «չափից շատ պատճառաբանելու» համար)))։

Քիչ առաջ էլ կարդացի, որ ArmDaily.am-ի հարցին, թե արդյոք առաջիկայում ԲԴԽ-ն նիստ է հրավիրելու Վարդազարյանի կասեցրած լիազորությունները վերականգնելու համար՝ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց՝ այն որոշումը, որ եղել է, ունի բողոքարկման ժամկետ, և այն դեռ ՈՒԺԻ ՄԵՋ ՉԻ ՄՏԵԼ, երբ կմտնի օրինական ուժի մեջ, արդեն ավտոմատ կվերականգնվեն իր լիազորությունները։

Իրականում քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Այսինքն՝ այդ որոշումը կայացման պահից արդեն իսկ ՄՏԵԼ Է ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ՝ անկախ նրանից, որ այն ենթակա է նաև բողոքարկման։

Իհարկե՝ նորմալ եմ համարում, որ քաղաքացիական մասնագիտացմամբ իրավաբան-գիտնականը կարող է չիմանալ այդ մասին (օրինակ ես քաղաքացիական իրավունքին մակերեսային եմ տիրապետում)։

Բայց բացարձակ աննորմալ է, որ քաղաքացիական մասնագիտացմամբ գիտնականները նման վստահությամբ և միահամուռ կերպով կարգապահական պատասխանատվության են ենթարկում քրեական մասնագիտացմամբ դատավորին/ներին/, այն դեպքում, որ նույն ԲԴԽ քրեական մասնագիտացմամբ անդամները դեմ են արտահայտվել այդ որոշմանը։

Մնում է հասկանալ, թե ոչ քերական մասնագիտացմամբ հեղինակավոր իրավաբան-գիտնականների համար այդ ով է նման ավելի հեղինակավոր կարծիք հայտնել»,- գրել է նա։

News.am