ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԺԱՐԻՆ

Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։

Այդուհանդերձ.... Ուշագրավ է, որ ՍԴ-ն փաստացի ունի ընտրությունների արդյունքները չեղարկելու բոլոր հնարավորություններն ու հիմքերը։ Քանզի Սահմանադրական դատարանի մասին 2018 թվականի օրենքով ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ դրանք վերանայելու համար բնավ պարտադիր չէ, որ բարձրագույն դատական ատյանը հանգի այն եզրակացության, թե կոնկրետ գրանցված խախտումները որքանով են ազդել վերջնական արդյունքի վրա։ Նոր օրենքի համաձայն, եթե ՍԴ-ն, սպառելով ապացուցողական բազա ստանալու բոլոր փաստարկներն ու հնարավորությունները, չի կարողանում հանգել այն եզրակացության, թե որքանով կարող էին խախտումներն ազդել վերջնական արդյունքի վրա, ապա դատարանը կարող է հենց միայն այդ հիմնավորմամբ չեղարկել ընտրությունների արդյունքները:

Իսկ մենք, ըստ երևույթին բախվում ենք հենց այդ իրավիճակին։ Քանզի ոչ մի նժարով չես չափի, թե ինչպես կարող է ազդած լինել ընտրողի կամքի վրա Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ նախընտրական քարոզարշավը, որը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքն ու վարչական ռեսուրսը, արշավի ընթացքում շարունակ սպառնում էր հաշվեհարդար տեսնել իր քաղաքական ընդդիմախոսների հետ։ Հենց քաղաքական ընդդիմախոսների։ Անգամ եթե ընդդիմադիր հայացքներ ունեցող այդ մարդիկ գիտության կամ բիզնեսի ոլորտից են։

ՍԴ ներկայացված փաստերն առավել քան բավարար են։ Ավելին, ինչպես հիշեցրեց Դավիթ Հարությունյանը, Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատվել է, որ Փաշինյանի հայտարարությունները մշտապես սպառնալիքներ են պարունակել... Ուրեմն ընտրողների կամքի Սահմանադրությամբ երաշխավորված ի՞նչ ազատ արտահայտման մասին է խոսքը, եթե երկրի բարձրագույն պաշտոնատար անձն ընդդիմադիր ակտիվիստներին մեթոդաբար սպառնում է հաշվեհարդարով: Ավելին, արդեն ակնհայտ է, որ դրանք լոկ սպառնալիքներ չեն, քանի որ ներկայումս ակտիվորեն կենսագործվում են... Փաստերը բոլորին հայտնի են։

Դավիթ Հարությունյանի հաշվարկներով, եթե ՍԴ-ն հանգի այն եզրակացության, որ փաստացի բռնապետության ձգտող Փաշինյանի ագրեսիվ քարոզարշավը՝ ընդդիմախոսների նկատմամբ բռնության սպառնալիքներով, ազդել է 1000 ընտրողից թեկուզ 2-ի որոշման վրա, ապա դա արդեն փոխում է ընտրությունների արդյունքները…

Ասում են՝ խելացի մարդը կարող է օգուտ քաղել անգամ ամենից անհուսալի իրավիճակից, իսկ հիմարը կգտնի, թե ինչ անի ի վնաս իրեն նույնիսկ ամենաբարենպաստ իրավիճակում։ Նույնն էլ երկրների և ժողովուրդների պարագայում է։ Հայաստանը ծանրագույն վիճակում է։ Բայց եթե հանկարծ ՍԴ դատավորները որոշում կայացնեն ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին՝ արձանագրելով, որ դրանց ընթացքում իշխանության կողմից բացահայտ ճնշում է գործադրվել ընտրողների կամքի վրա և հնարավոր չէ պարզել, թե որքանով են քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ Փաշինյանի սպառնալիքներն ազդել ընտրողների կամարտահայտման վրա, ապա դա կլինի հենց այն հազվագյուտ դեպքը, երբ Հայաստանը, որպես երկիր, կարող է իր համար օգուտ քաղել անհույս իրավիճակում։

ՍԴ-ի այդօրինակ որոշումը դաս կլինի Հայաստանի ոչ միայն ներկա, այլև ապագա բոլոր ղեկավարներին, պահանջ, որ չհանդգնեն մտածել անգամ բռնապետի համազգեստի մասին, ակնկալել, թե սպառնալիքներով ու բռնությամբ կարելի է Հայաստանին պարտադրել սեփական կամքը: Դա կնշանակի, որ Հայաստանում իշխում է օրենքը, այլ ոչ թե մի մարդու քմահաճույքը, որը համարում է, թե պետծառայողները պետք է ծառայեն իրեն, այլ ոչ թե երկրին, գիտնականներին պետք է ծառայեն իրեն, այլ ոչ թե գիտությանը, իսկ ընտրովի ղեկավարները պետք է ներկայացնեն միայն իր շահերը։

Սահմանադրական դատարանը բավարար և օրինական հիմքեր ունի վերջ դնելու այն աղետին, որի պտուղները քաղում ենք ամեն օր։ Կարծում ենք՝ ՍԴ դատավորները գիտակցում են, որ իրենց ուսերին է այսօր պատասխանատվությունը պետության հետագա ճակատագրի համար։ Կբավականացնի՞ արդյոք նրանց քաղաքացիական արիությունը։

Основная тема:
Теги: