ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ՝ 15 ՏԱՐՎԱ ՍՊԱՍՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Վայոց ձորի մարզի հեռավոր գյուղերից մեկում՝ Գոմքում, 15 տարվա վաղեմության խնդիր է լուծվել: Տարիներ շարունակ, խոնավ, մութ ու անհրապույր նկուղում ապրող Ղազարյաններն ընտրել են ոչ թե օտար ափերում բախտ որոնելու, այլ հայրենի երկրում ապրելու և ստեղծելու տարբերակը: Հինգ զավակի երիտասարդ հայրը՝ Արտաշը, այգի է ստեղծել և ընտանիքին հողաշեն պատերից ազատելու որոշում է կայացրել: Կիսակառույցը տուն դարձնելու հնարավորություն, սակայն, չի եղել՝  ֆինանսական խնդիրների պատճառով: Ղազարյաններն իրենց երազանքի տունը կառուցել են Վիվա-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ: Կաթացող կտուրը, հողե պատերի խունացած հոտն ու դժվար կենցաղի դրվագներն արդեն հիշողություն են դարձել: Ընտանիքում բոլորն ունեն իրենց ննջասենյակը, իսկ հյուրեր ընդունելիս չեն ընկճվում:

«Տասնհինգ տարի մենք ներքեվում՝ նկուղային հարկում ենք ապրել: Նոր կառուցված տան ներսից, հիմա դեպի այդ հատված տանող աստիճաններ ունենք: Հին տունն արդեն խորդանոց ենք դարձրել: Իսկ վերևում ամեն մեկն ունի իր լուսավոր ու հարմարավետ սենյակը»,- ասել է տանտիրուհին՝ Նաիրա Արզումանյանը:

Համավարակի պատճառով, Ղազարյաններն իրենց աջակցող գործընկեր կառույցների թիմերի հետ շփվել են հիմնականում տեսազանգի միջոցով: Բնակարանամուտ նշելու համար ընտրվել է նույն մեթոդը:

«COVID-ը շատ բան փոխեց մեր կյանքում, բայց` ոչ նպատակները: Ձեզ հետ համատեղ աշխատելու, շինարարությանը մասնակցելու հնարավորություն այդպես էլ չունեցանք, բայց կարևորն արդյունքն է: Արդեն լավ կառուցված տուն ունեք, հաղթահարել եք 15 տարվա վաղեմության խնդիրը և ազատվել մութ, խոնավ նկուղում ապրելու իրականությունից: Հիշում եմ՝ ինչպես տեսազանգով տանտերերի հետ շփման առաջին փորձը սկսեցինք ձեր տանից: Այն ժամանակ կիսակառույց պատեր էին, հիմա՝ ջերմ օջախ: Ու թեև դարձյալ տեսազանգով ենք շփվում, բայց զգում եմ այդ օջախի ջերմությունն ու ձեր տրամադրության փոփոխությունը: Հենց դա է ամենակարևորը մեզ համար: Դրա շնորհիվ է նաև, որ մենք մեր գործընկեր «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմի հետ, ձգտում ենք կանգ չառնել և բարելավել մեր հայրենակիցների կյանքը»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ղազարյանների տան բնակարանամուտին մասնակցել է նաև Գոմքի վարչական տարածքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը, ով բարձր է գնահատում հեռավոր գյուղերում իրականացվող ծրագրերը: Գոմքում Վիվա-ՄՏՍ-ի աջակցության առաջին արդյունքն արձանագրվել է դեռ տարիներ առաջ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շնորհիվ:

«Գոմքում բնակարանաշինությանն աջակցելու միտքն առաջացել է տարիներ առաջ, երբ գործարկում էինք LED լուսատուներով փողոցային լուսավորության համակարգը: Երբ այցելեցիք համայնքապետարան և ծանոթացաք համայնքի կարիքների գնահատման ցուցանակին, խոստացաք լուծել այդ ցանկում տեղ գտած խնդիրներից մի քանիսը: Վերջին 3-4 տարիում լուծվել է շատ խնդիր: Իսկ այս ընտանիքի համար կառուցված տունը շատ կարևոր էր: Այժմ նրանք կապրեն բարվոք պայմաններում»,- Ռալֆ Յիրիկյանի հետ տեսազանգի ժամանակ ասել է Գոմքի վարչական տարածքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը:

Բնակարանաշինության ծրագրով, Վիվա-ՄՏՍ-ն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» լուծում են ոչ միայն սոցիալական կարևոր խնդիր, այլև հիմնովին փոխում են մարդկանց կյանքը: Իսկ հեռավոր գյուղերում իրականացվող ծրագրերը նպաստում են դրանց զարգացմանը:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին՝ կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 1018 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

Галерея (4 фото)

Основная тема:
Теги: