«ԲԱՔՈՒՆ ՀՈՂ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆՈՐ ԲԱԽՄԱՆ ՀԱՄԱՐ»
«Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները հող են նախապատրաստում Հայաստանի հետ սահմանային բախման համար՝ Տիգրանաշենը գրավելու և բռնազավթելու նպատակով»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասում է քաղաքագետ Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
-Ադրբեջանցի դիպուկահարի կողմից սպանվել է հայ զինծառայող, երկու զինվոր անհետ կորել են, իրավիճակը թեժանում է: Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Նման իրավիճակներում մեկնաբանություններ առաջին հերթին ցանկալի է լսել պաշտոնական իշխանություններից, այլ ոչ թե շարքային քաղաքացիներից, այդ թվում՝ փորձագետներից։ Ակնհայտ է, որ պատերազմն ավարտված չէ, մենք կրկին վերադարձել ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակին, երբ Ադրբեջանի հետ սահմանին պարբերաբար առաջանում են լարվածության օջախներ։ Բնավ պատահական չէ, որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական իշխանությունները հող են նախապատրաստում Հայաստանի հետ կարճաժամկետ սահմանային բախման համար, Երևանը Հայաստանի հարավային շրջանների՝ Սյունիքի և Վայոց Ձորի հետ կապող Տիգրանաշենը (Քյարքի) գրավելու և բռնազավթելու նպատակով։ Եթե Հայաստանը կորցնի վերահսկողությունը Տիգրանաշենի նկատմամբ, ապա կվտանգվի հարավային շրջանների և, հետևաբար՝ ողջ երկրի ապագան։
-Իլհամ Ալիևը հայտարարել է հետևյալը. «Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է. «բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հող»։ Մեր հայրենի հողը Զանգեզուրն է (Հայաստանի տարածք-Զ.Գ.), մեր հայրենի հողը Գեյչան է (Սևան, Հայաստանի տարածք-Զ.Գ.), Իրևանը (Երևան, Հայաստանի մայրաքաղաք-Զ.Գ.)։ Մենք, իհարկե, կվերադառնանք։.. Չնայած պատերազմի ժամանակաշրջանը մնացել է անցյալում, բայց մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի»։ Իսկ հայկական կողմից՝ լռություն…
-Կարո՞ղ ենք արդյոք մենք ընկալել Հայաստանի պաշտոնական իշխանությունների լռությունը որպես անտարբերություն իրադարձությունների նման ընթացքի նկատմամբ կամ նույնիսկ համաձայնություն Ադրբեջանի նախագահի հայտարարության հետ: Հայաստանի ներկայիս իշխանությունների հրապարակային հռետորաբանությունն ու գործողությունները վերջին երեք տարիների ընթացքում կասկածների առիթ են տալիս ոչ միայն այն առնչությամբ, որ նրանք անիրազեկ են երկիր կառավարելու և միջպետական հարաբերություններ վարելու հարցերում, այլև որ իշխանության մի շարք ներկայացուցիչներ կարող են դավաճանական պայմանավորվածության մեջ լինել այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնք, մեղմ ասած, անբարյացակամ են տրամադրված Հայաստանի և Արցախի նկատմամբ։
-Ձեր կարծիքը կադրային վերջին փոխատեղումների մասին: Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար, Արմեն Գրիգորյանն ազատվել է Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: Ինչի՞ հետ եք կապում ողջ այս կադրային աթուրման, որտեղ տեղից տեղ են քոչում նույն մարդիկ։
-Երկրում տեղի են ունեցել ոչ լեգիտիմ ընտրություններ, որոնց մեջ ներքաշված Էր ընդդիմության ներկայացուցիչների մեծամասնությունը՝ հուսալով, թե վերջին երեք տարիներին Հայաստանի Սահմանադրությունը ծայրեծայր ոտնատակ տված մարդը հանկարծ խելքի կգա, կապաշխարի և կանցկացնի արդար ընտրություններ: Որքան էլ զարմանալի է, ընդդիմության հույսերը չարդարացան։ Հայաստանում 2018-ի «թավշե» հեղաշրջման արդյունքում իշխանությունը զավթած մարդը կրկին մնաց երկրի ղեկին։ Կասկածում եմ, թե մենք նոր դեմքեր կտեսնենք պետության գործունեության վրա վճռորոշ ազդեցություն ունեցող առանցքային ոլորտների ղեկավարների դերում։ Նման պաշտոնները կզբաղեցնեն ռեժիմին գաղափարապես հավատարիմ մարդիկ, որոնց համար արտաքին ուժերի շահերը գերակայում են հայկական պետության շահերի նկատմամբ։
-Չե՞ք կարծում, որ Հայաստանում ամենաիսկական տեռոր է սկսվում քաղաքական ընդդիմախոսների դեմ: Մարդկանց կալանավորում են, նրանց վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով հեռանալ զբաղեցրած պաշտոններից միայն այն պատճառով, որ աջակցում են ընդդիմությանը։ Եվ էլի մի բան. երկրում բացարձակ խառնաշփոթ է տիրում իրանցիների ներհոսքի առումով, որոնք պատվաստման սպասումով տեղավորվել են Հյուսիսային պողոտայում՝ Երևանի կենտրոնում։ Ինչպե՞ս եք գնահատում ողջ այս ներքաղաքական և ներհասարակական իրավիճակը։ Ինչո՞վ է այն սպառնում։
-Վերջին մի քանի օրերին Իրանի հազարավոր քաղաքացիներ ձգտում են գալ Հայաստան՝ COVID-19-ի դեմ անվճար պատվաստում ստանալու: Նախ, Իրանում տարածված է կորոնավիրուսի հնդկական «Դելտա» շտամը, որն այժմ լայնորեն կտարածվի Հայաստանի բնակիչների շրջանում, քանի որ մեր քաղաքացիները բացարձակ մեծամասնությամբ անտեսում են սոցիալական հեռավորությունն ու չեն օգտագործում պաշտպանիչ դիմակներ: Երկրորդ. Հայաստան են գալիս Իրանի հիմնականում երեք նահանգներից՝ գերակշռող ադրբեջանալեզու բնակչություն ունեցող Արդաբիլից, Արևելյան Ադրբեջանից և Արևմտյան Ադրբեջանից, իսկ դա նշանակում է, որ Հայաստան են ակտիվորեն ներթափանցում թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Երրորդ, Հայաստանի իշխանությունները միտումնավոր պայմաններ են ստեղծել անվճար պատվաստվել ցանկացող իրանցիների զանգվածային ներհոսքի համար, որպեսզի վիճակագրական հաշվետվություններում ցույց տան զբոսաշրջության աճի բարձր տեմպեր և թաքցնեն Հայաստանից հայերի արտագաղթի ռեկորդային բարձր տեմպերը: Փաստորեն գործ ունենք գործող իշխանությունների հերթական մանիպուլյացիայի հետ, որը վտանգավոր հետևանքներով է սպառնում Հայաստանի բնակիչներին և մեր պետությանը։
Քաղաքական հալածանքների առնչությամբ կարող եմ նշել, որ ինձ համար դա սպասելի գործընթաց էր։ Գործող իշխանությունների ներկայացուցիչներն արդեն երեք տարի շարունակ խախտում են Հայաստանի օրենքները, միամտություն կլիներ ենթադրել, թե ոչ լեգիտիմ ընտրություններից հետո նրանք կփոխվեն ու կապաշխարեն։ Մի քանի տարի առաջ ես ինքս դարձա ռեժիմի զոհը. անօրինական կերպով փակել էին իմ մուտքը Հայաստան, իսկ անհրաժեշտ ռեսուրսներն ունեցող ընդդիմությունը պատշաճ միջոցներ չձեռնարկեց արդարությունը վերականգնելու համար։ Դեռ այն ժամանակ ես զգուշացնում էի, որ անպատժելիությունը ծնում է համատարած անօրենություն, ինչի ականատեսն ենք մենք այսօր։
Հասկացեք, ախր զուր չեն ասում, որ «կարմիր կովը կաշին չի փոխի» կամ «կուզիկին լոկ գերեզմանը կուղղի»։ Սպասել, թե ներկայիս իշխանությունները կըմբռնեն իրենց սխալներն ու հրաժարական կտան, նշանակում է՝ զուր վատնել ժամանակը, որն այսօր շարունակում է խաղալ Հայաստանի դեմ։ Իհարկե, կյանքում ամեն ինչ էլ պատահում է, բայց ես մեծապես կասկածում եմ, թե հայատյացներն ու դավաճանները մի օր կարող են դառնալ արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներ։ Բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների նոր ալիքը միտված է կոտրելու Հայրենիքին հավատարիմ մնացող և Հայաստանի վերածնունդն ու ամրապնդումը ցանկացող անհնազանդ քաղաքացիների ողնաշարը։