ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է ԿԱՐՄԻՐ ՏԵՌՈՐԸ

Երիտթուրքերի և ՆԳԺԿ-ի ձեռագիրը

Նախքան 1915թ. ապրիլյան կոտորածը ոչնչացվել էր հայ մտավորականության մի ամբողջ շերտ։ Ստալինյան բռնաճնշումները շարքից հանել էին զինվորականների փայլուն աստղաբույլը։ Այսօրվա բռնաճնշումներում հստակ ուրվագծվում է անցած դարի երիտթուրքերի և 30-ական թվականների ՆԳԺԿ-ի ձեռագիրը։

Բռնաճնշումները ղեկավարում է Ալիեվի եվ Էրդողանի փոխանորդը, մտավորականների և տեղական իշխանության ղեկավարների կալանավորմանը գաղափարական հիմնավորում է տրվում ընտրողների 54%-ի վկայակոչմամբ, որոնք կապիտուլյանտի կուսակցությանն օժտել են «պողպատե մանդատներով»։ Հիշեցնեմ, որ հունիսի 20-ի քվեարկությանը մասնակցել է բոլոր ընտրողների կեսից էլ պակաս թվաքանակ։ Ինչպես ՍԴ նիստի ժամանակ հայտարարեց «Հայոց հայրենիք» կուսակցության առաջնորդ Արտակ Գալստյանը, Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որի կուսակցությունն իրականում ունի վստահության ընդամենը 10 տոկոս…

Իշխանության նոր հեռուստաալիքում ամեն օր հայտնվում է հաղորդավարը (բուլգակովյան Շվոնդերի խառնուրդը ռնգեղջյուրի հետ), որն անընդհատ քորում է կողերը, մատը մտցնում ականջն ու ասում «գարաբախցի»՝ «ղարաբաղցու» փոխարեն։ Այդ արարածը պարբերաբար ինչ-որ բանի մեջ մեղադրում է «գարաբախյան կլանին» ու հիշեցնում, որ իշխանությունը, ըստ Սահմանադրության, պատկանում է ժողովրդին, ուստի թող «գարաբախցիների» թվին պատկանող նախկին ղեկավարները չմտածեն, թե«իրենք երևույթ են»։ Ոչ, ընկերներ, երևույթը թուրքական փոխանորդի նոր քարոզչամեքենան է, որն աստիճանաբար հեղեղում է քաղաքական ու լրատվական տարածքը գարշահոտությամբ։ Ընտրություններում իր հաղթանակը Նիկոլն օգտագործում է որպես բռնաճնշումների գործիք ռազմական և ինտելեկտուալ էլիտայի դեմ։

Այն փաստը, որ Տավուշի դեպքերի տարին լրանալու օրը՝ հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը պաշտոնից ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, ինքնին խոսուն է։ Մեկ տարի առաջ, ադրբեջանական սադրանքի օրերին Տավուշի պաշտպանությունը ղեկավարող գեներալի անունը բոլորի շուրթերին էր։ Այսօր լուրեր են շրջում, որ Խաչատուրովի պաշտոնանկության պատճառը Տավուշի մարզում տարածքներ հանձնելուց հրաժարվելն է։

Կալանքի տակ է նշանավոր բժիշկ, բժշկագիտության պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը. բժշկին մեկուսացրել են հասարակությունից, որպեսզի նա ճնշում չգործադրի վկաների վրա, որոնք անմիջապես հայտարարել էին, որ Չարչյանը իրենց կոչ է արել գնալ ընտրությունների, այլ ոչ թե ճնշում գործադրել՝ ստիպելով քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Մենք արդեն հրապարակել ենք Արարատի մարզի համայնքների ղեկավարների ամբողջական ցուցակը, որոնք հալածանքի են ենթարկվում, գրել ենք Մեղրիի, Քաջարանի, Գորիսի քաղաքապետների դեմ ընթացող որսի մասին։ Կալանավորված են Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը և Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ հարուցված է 15 (!) քրեական գործ, ձերբակալվել է Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը: Արագածոտնի մարզպետն իր մոտ է կանչել եզդիական չորս համայնքների ղեկավարներին և պահանջել, որ հրաժարականի դիմում գրեն։ Նախկինում երբևէ Հայաստանում ազգային փոքրամասնությունների հետապնդման այդպիսի աղաղակող փաստեր չեն եղել։

Խառնակ ժամանակի հերոսը

Արցախյան ազատամարտերի մասնակիցների և ընդդիմադիր տրամադրված մտավորականների հետապնդմանը զուգահեռ՝ խրախուսվում են պղտոր անցյալ ունեցող մարդիկ: Օրերս ԱԱԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը «Արիության համար» մեդալ է ստացել։

Մենք բազմիցս տեղեկություններ ենք հրապարակել այդ գործչի կենսագրությունից, մատնանշելով պատերազմական գործողությունների թեժ պահին Շուշիի շտաբում նրա հայտնվելու փաստը։ Ինչո՞ւ ԱԱԾ նախկին ղեկավարը, որն այդ պահի դրությամբ 30 տարեկան էլ չկար, և որը նույնիսկ բանակում չի ծառայել, հանկարծ հայտնվեց Շուշիում քաղաքը հանձնելու նախօրեին։ Ո՞վ էր նրան այդքան լայն լիազորություններ տվել պաշարման թեժ օրերին։

Քաղաքը հանձնելուց 2 ամիս անց նա Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, թե Շուշիում տեսել է Սեյրան Օհանյանին, իսկ մինչ այդ՝ Արթուր Վանեցյանին։ Քյարամյանը պատմեց ինչ-որ գործողության ծրագրի մասին և անուղղակիորեն մեղադրեց Վանեցյանին, թե նա լքել է բարձունքը՝ իր խմբի տեղակայման վայրը։ Ավելի ուշ ի հայտ եկան ականատեսների, մասնավորապես՝ գնդապետ Աշոտ Բադալյանի վկայությունները, որոնցից հետևում էր, որ Քյարամյանը, մեղմ ասած, զրպարտում է։ Մինչ օրս չի հրապարակվել ԱԱԾ ղեկավարի պաշտոնից Քյարամյանի հրաժարականի պաշտոնական պատճառը, ԶԼՄ-ները պոստֆակտում տեղեկություններ են հրապարակել հայերենին տիրապետող ադրբեջանցիներին հայկական անձնագրեր տալու մասին:

Քյարամյանի անունը շոշափվել է նաև ինկասացիայի մեքենաներով Շուշիի բանկային մասնաճյուղերի պահոցների պարունակության տեղափոխման առնչությամբ: Այդ ի՞նչ վաստակի համար է սույն գործիչը «Արիության համար» մեդալ ստացել. չէ՞ որ, օրինակ, 44-օրյա պատերազմի օրերին հակառակորդի 15 տանկ խփած Դավիթ Գրիգորյանը նման մեդալ չունի։ Չունեն նաև Արսեն Մարգարյանը, Արամայիս Թևանյանը և այլ հերոսներ։ Թուրքական փոխանորդը ջանադրաբար իրենով է անում քաղաքական տարածքը՝ օրըստօրե դարձնելով այն ավելի նողկալի։ Իրավիճակը շատ ավելի վատ է, քան հունիսի 20-ի ընտրություններից առաջ. կապիտուլյանտը «պողպատե մանդատ» է ստացել ու անցել քաղաքական բռնաճնշումների։

Գեներալի կոչման տեսքով պարգև է ստացել նաև ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։ 44 օրվա ընթացքում չի բացահայտվել ոստիկանների շարքերում առկա դավաճաններից ոչ մեկը, որոնք լքել են դիրքերն ու թողել զինվորներին զոհվելու «Բայրաքթարների» հարվածների տակ։ Զաքարյանը չարձագանքեց նույնիսկ իր տեղակալ Արամ Բաղդասարյանի անվան հետ կապված սկանդալին, որը պատերազմական գործողությունների օրերին զբաղվում էր Արցախում գտնվող իր խոզերի ֆերմային ՊՆ ռազմական ոստիկանության մեքենաներով կեր մատակարարելով։

Հունվարին գեներալի կոչում է ստացել Անդրանիկ Մակարյանը։ Նրան պահանջում էին դատի տալ զինվորների ծնողները, որոնց պատերազմի օրերին տարել էին Զանգելանի ուղղությամբ, որից հետո նրանց մասին ոչ մի տեղեկություն չկար։ Մակարյանին ամեն ինչ ներվեց, քանի որ նա 40-ից ավելի գեներալների հետ մեկտեղ չէր ստորագրել կապիտուլյանտի հրաժարականի պահանջով դիմումը։

Դեպի Ճապոնիա թունել փորելու փորձի համար…

Բնավ պատահական չէ, որ սկսեցինք Ցեղասպանության և ՆԳԺԿ-ի բռնաճնշումների հիշատակումով։ Երիտթուրքերի ու բոլշևիկների գործողությունները թափ առան մեծամասնության լուռ թողտվությամբ։

2018 թվականի գարնանից ի վեր հասարակությունը թույլ է արձագանքում բռնաճնշումներին։ Չարչյանի ձերբակալությանը նախորդել են Արա Մինասյանի, Արա Բաբլոյանի և այլ բժիշկների դեմ բռնաճնշումները։ Ռազմական էլիտայի և սահմանամերձ համայնքների ղեկավարների նկատմամբ հաշվեհարդարի նախերգանք դարձավ լեգենդար հինգերորդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվել Գրիգորյանի ցուցադրական սպանությունը բանտում…

Երբ 1915-ին թուրքերը կոտորում էին հայերին Արևմտյան Հայաստանում, հարևան գյուղում մտածում էին, թե իրենց չեն հասնի։ Երբ 1937-ին նկուղներում կրակում էին մարդկանց ծոծրակին, շատերը հավատում էին, թե իշխանությունը պայքարում է ժողովրդի թշնամիների դեմ։ 2018-ին հավատում էին, թե Նիկոլը հարուստներից խլելու է ամեն ինչ և բաժանելու է աղքատներին, այսօր հավատում են, թե նա պայքարում է «գարաբախյան կլանի» դեմ՝ ժողովրդին կուշտ կյանքով ապահովելու համար։ Այսօր շատերը հուսով են, թե բռնաճնշումները կշրջանցեն իրենց մտերիմներին, թե կնստեցնեն նրանց, ովքեր խանգարում են իշխանություններին, և ամեն ինչ կհանդարտվի։ Ու թող բանտում նստի պատերազմի մասնակից Արթուր Այվազյանը (Մանախ), «մենք հո չենք ստիպել նրան կռվել հանուն Արցախի ազատագրման»։ Այվազյանին, հիշեցնեմ, կալանավորել են այն բանի համար, որ նա ասել է այն, ինչ մտածում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մասին։

Իսկ խոսել արդեն չի կարելի, որովհետև մեզանից յուրաքանչյուրի հետևից կարող են գալ ցերեկվա և գիշերվա ցանկացած ժամի։ Եվ քանի դեռ Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարում է Գագիկ Ջհանգիրյանը, իշխանությունը կարող է ստանալ յուրաքանչյուրի կալանքի սանկցիան, ով այսօր դեռ համարձակվում է ասել ճշմարտությունը։ ՆԳԺԿ պետ Նիկոլայ Եժովի օրոք մարդկանց գնդակահարում էին Կրեմլից դեպի Ճապոնիա թունել փորելու փորձի համար։ Այսօր նման անհեթեթությունը կրկնվում է ենթակաների վրա ճնշում գործադրելու մեղադրանքով դոկտոր Չարչյանի կալանավորման տեսքով։

«Հայաստանում մոլեգնում է կարմիր տեռորը, ներկայիս իշխանության ներկայացուցիչները բոլշևիկյան գիտակցություն ունեն, նրանք ատում են մտավորականներին և բոլոր նրանց, ովքեր նման չեն իրենց։ Տեռորից ամենից շատ տուժում է հայ ժողովուրդը, որին ստում են օրական 24 ժամ շարունակ»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Գեղամ Մանուկյանը։

Основная тема:
Теги: