ՈՐՊԵՍԶԻ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՉԿԱՍԿԱԾԵՆՔ
Կառավարության ընդերքում հասունացել է հերթական «ինքնօրինակ» օրենսդրական նախաձեռնությունը. նախատեսվում է հասարակության աչքից թաքցնել տեղեկատվությունը «մեկ անձից» ձևաչափով իրականացվող պետական գնումների մասին: Նման առաջարկով համատեղ հանդես են եկել ԱԱԾ-ն և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որոնք իրենց գաղափարը հիմնավորում են ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Իբր՝ կայքերում այդ ռազմավարական նշանակության տեղեկատվության հասանելիությունը կարող է օգտագործել երրորդ կողմը (պետություն կամ կազմակերպություն)՝ քաղաքական, տնտեսական տարբեր վերլուծություններում և ի վնաս Հայաստանի շահերի…
Թե հատկապես ինչպես կարող է օգտագործվել այդ տեղեկատվությունը չարակամների կողմից ի վնաս Հայաստանի շահերի, քանի այդօրինակ դեպք է բացահայտվել, և ընդհանրապես որքանով է այդ նախաձեռնությունը արդիական ազգային անվտանգության տեսանկյունից, առանձին հարց է: Բայց այն, որ դա (տեղեկատվությունը), լինելով բաց և հասանելի, վնասում է կոռուպցիային, հարվածում կոռուպցիոներների շահերին, փաստ է։ Նշենք, որ պետգնումների ոլորտը կոռուպցիոն սխեմաների գործողության առումով առավել ռիսկայիններից մեկն է։ Իսկ «գործարքներ մեկ անձի հետ» ռեժիմով կատարվող պետական գնումներն առհասարակ ամենից կասկածելին են, քանզի անցկացվում են առանց մրցույթների, ինչը լայն հնարավորություններ է բացում «ատկատների» ու հովանավորչության մեխանիզմների գործողության համար: Եվ ահա առանձնակի կոռուպցիոն-ռիսկային այդօրինակ գործարքների մասին տեղեկությունների հասանելիությունն այսօր առաջարկվում է փակել։
Այստեղ պետք է նշել, որ այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ թավիշը, չնայած «հեղափոխականների» հակակոռուպցիոն էնտուզիազմին, պետգնումների ոլորտում արտամրցութային գործարքների հետ կապված ռիսկերը աճել են տարեցտարի։ Մասնավորապես, եթե 2017 թվականին պետգնումների ընդհանուր ծավալի մեջ «մեկ անձից» գործարքների բաժինը կազմել է մոտավորապես 10%, ապա 2018-ին այն աճել է մինչև 50%-ի, իսկ 2019-ին հասել արդեն 53%-ի: Խոսքը ոչ թե պայմանագրերի քանակի, այլ պետգնումների համար հատկացված գումարների մասին է։
Ուշագրավ է, որ տվյալ ոլորտում կտրուկ աճած ռիսկերի այդ խորապատկերին կառավարության ղեկավարը խորհրդակցություններ էր հրավիրում ու ասում. «Ինչո՞ւ է մեզ հատկապես հետաքրքրում պետական գնումների համակարգը, ի՞նչ ենք մենք ուզում անել և ի՞նչ արդյունքի հասնել: Մենք ցանկանում ենք, որպեսզի պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն և մոբիլ, միևնույն ժամանակ, պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից, երրորդը՝ երաշխավորի պետական միջոցների ծախսման և ստացվող արդյունքի որակը»: Եվ սա ասվում էր հենց այն ժամանակ, երբ համակարգն առավելագույնս մոտենում էր կոռուպցիոն երևույթներին և ինքնամոռաց հրաժարվում արդար մրցակցության սկզբունքից։ Իսկ հիմա ահավասիկ առաջարկվում է ընդհանրապես թաքցնել դա (համակարգը) հասարակության ուշադրությունից։ Ընդ որում՝ ոչ թե ամբողջությամբ, այլ դրա լոկ ամենակասկածելի մասը։ Դե, որ այնքան էլ չկասկածենք:
Առհասարակ պետգնումների մասին տեղեկատվության նշանակությունը շատ ավելի կիրառական է, քան կարող է թվալ։ Եվ բնավ ոչ միայն հակակոռուպցիոն։ Այ, օրինակ, շատերը չգիտեն, թե որտեղից էր Փաշինյանի ձեռքին հայտնվել մուրճը, որը թափահարելով նա վազվզում էր երկրում ու սպառնում ընդդիմախոսներին։ Այնինչ դեռևս այս տարվա փետրվարին Ֆինանսների նախարարությունը հրապարակել էր 2021 թվականի պետական գնումների ծրագիրը, որում կար վարչապետի աշխատակազմի հայտը՝ չորս մուրճ գնելու առնչությամբ։ Այն ժամանակ շատերին միանգամայն արդարացիորեն զարմացրեց դա։ Դժվար էր հասկանալ, թե վարչապետի աշխատակազմի ինչին է պետք տվյալ գործիքը։ Հիմա արդեն հասկանալի է։ Բայց…
Շտապեմ զգուշացնել, որ վարչապետի աշխատակազմի նույն այդ հայտում նշված էր նաև մեկ այլ կասկածելի գործիք. կացին՝ 5 հատ։ Եվ պարզապես անհրաժեշտ է, որ այդ մասին իմանան բոլորը։ Դե, համենայն դեպս։ Ո՜վ գիտե, թե ինչ կիրառում կգտնեն կացնի համար «օրենքի դիկտատուրա» սերմանողներն ու քարոզողները։