ՀԵՐՈՍՆԵՐԸ ՀԱՐԳԻ ՉԵՆ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

Դիմակների շոու՝ ասֆալտին փռելով

Անցած շաբաթվա վերջին դատական որոշում ընդունվեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու մասին: Որոշումը կայացվել է մեկ անձի իրարամերժ ցուցմունքների հիման վրա. տարեց կինը մերթ հրաժարվել է իր ցուցմունքներից, մերթ կրկնել դրանք։ Առուշանյանին ձերբակալել են դիմակների շոուի միջոցով։ Ի գիտություն կապիտուլյանտի. հերոսին կարելի է տասը հոգով փռել ասֆալտին, բայց դրանից նա չի դադարում հերոս լինել։

Անփորձ հասարակությունը միանգամից հավատաց մարտական գեներալ Մանվել Գրիգորյանի «բացահայտման» հետ կապված ներկայացմանը՝ դիմակավորների կատարմամբ, իսկ հետո երկար ու անտարբեր դիտում էր, թե ինչպես էին լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատարին դանդաղ ու ցուցադրաբար սպանում բանտում։ Նիկոլը վրեժ էր լուծում գեներալից այն բանի համար, որ 2008-ին նա փողոց դուրս չէր բերել Երկրապահ կամավորականների միության զինված ջոկատները՝ ի աջակցություն Տեր-Պետրոսյանի։ Եթե Մանվելն այլ կերպ վարվեր, ապա մարտի 1-ին ոչ թե տասը, այլ տասնյակ մարդ կզոհվեր։

Հոդվածի շրջանակները թույլ չեն տալիս անդրադառնալ Արցախյան առաջին ազատամարտի հերոսական բոլոր դրվագներին՝ 5-րդ բրիգադի մարտիկների և հրամանատարի մասնակցությամբ։ Սահմանափակվենք մեկով. 1993 թվականի մոտավորապես այս օրերին 5-րդ բրիգադը Գրիգորյանի գլխավորությամբ կատաղի մարտեր էր մղում Ֆիզուլիի ուղղությամբ։ Արդյունքում, ճնշելով հակառակորդի մի շարք կրակակետեր, բրիգադը շարժվեց դեպի Ֆիզուլի, դուրս եկավ Ֆիզուլի-Ջաբրայիլ ճանապարհ, վերահսկողության տակ վերցրեց Հորադիզ գյուղ տանող մայրուղին: Բրիգադը դիրքավորվեց Արաքս գետից 15 կմ հեռավորության վրա։

Խունացած լուսանկարներից մեզ են նայում 5-րդ բրիգադի Երևանյան գումարտակի մարտիկները, «Մալաթիա» ջոկատի և Վանաձորի գումարտակի ազատամարտիկները։ Նրանցից ոմանց ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ փողոցում։ Նրանց մասին արդեն գրքեր կան գրված։ Այն հարցին, թե մի՞թե իրենք իսկապես հավատացել են, թե Մանվելը կարող էր զինվորական օրապահիկ գողանալ, այդ մարդիկ չեն պատասխանում։ Չեն հավատացել, բայց լռել են, մինչ գեներալին ցուցադրաբար սպանում էին բանտախցում։ Հետո թույլ տվեցին տուն գնալ՝ մեռնելու, բայց ճայթեց սեպտեմբերի 27-ը, և Մանվելը փորձեց մեկնել ռազմաճակատ, որտեղից նրան բերեցին ուղիղ վերակենդանացման բաժանմունք։ Այսօր հասարակությունն արդեն կշտացել է դիմակների շոուներից, ուստի չի հավատում այն մեղադրանքներին, որ ներկայացվում են Առուշանյանին և Սյունիքի մյուս համայնքապետերին։

Ինչո՞ւ է Մուկուչյանը ինֆարկտ տարել:

Գեներալ Մանվելը սուրբ չէր, բայց չնայած իր բոլոր մեղքերին, նա պատմության մեջ կմնա որպես լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար, և դրա դեմ արդեն ոչինչ չես կարող անել, իսկ այ Նիկոլի կլիենտները՝ արտախորհրդարանական ուժերի շարքից, պատմության մեջ կմտնեն որպես «դավաճանների ակումբի» անդամներ։ Ոչինչ չխանգարեց Տիգրան Խզմալյանին, Միքայել Հայրապետյանին, Էդմոն Մարուքյանին և գաճաճ կուսակցությունների ինտելիգենտության հավակնող այլ առաջնորդներին սեղմել դասալիքի ձեռքը, որը բանտում սպանել է մեկ հերոսի և ազատազրկել մյուսներին։

Ռեժիսոր Խզմալյանը չի՞ ամաչում, որ Առուշ Առուշանյանը, Մխիթար Զաքարյանը, Մանվել Փարամազյանը, Արթուր Սարգսյանը, Սուրեն Օհանջանյանը և Սյունիքի ինքնապաշտպանության այլ կազմակերպիչներ բանտ են նետված քաղաքական բռնաճնշումների արդյունքում: Թե՞ Խզմալյանն ու իր Եվրոպական կուսակցությունը «չեն նկատում», թե ինչպես են երկրում վերածնվում Բերիայի ու Վիշինսկու պանծալի ավանդույթները։ Պարոն Հայրապետյանն ու իր պահպանողական կուսակցությունը նույնպես «չե՞ն նկատում», թե ինչպես են պատերազմի հերոսներին մեկը մյուսի հետևից ասֆալտին փռում տեսախցիկների առջև։ Իսկ Էդմոն Մարուքյանին, պետք է ենթադրել, Նիկոլը խոստացել է, որ նրա եղբայր Քրիստն աշնանը կզբաղեցնի Վանաձորի քաղաքապետի պաշտոնը։ Այդ իսկ պատճառով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «չի նկատում», թե ինչպես է երկիրը գլխիվայր թաղվում քաղաքական բռնաճնշումների մեջ։ Գևորգ Գորգիսյան, Անի Սամսոնյան, դուք չե՞ք տեսնում, թե ինչ է անում կապիտուլյանտը Սյունիքի հերոսների հետ, թե՞ «դավաճանների ակումբին» անդամակցումն ազդել է ձեր տեսողության վրա։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ինֆարկտը շատերը վերագրեցին Սահմանադրական դատարանում 4 քաղաքական ուժերի հայցերով ընթացող դատավարության պատճառած լարվածությանը։ Տողերիս հեղինակին, սակայն, չի լքում այն միտքը, որ ինֆարկտի պատճառ է դարձել «Հայաստան» դաշինքի ցուցակով 8-րդ գումարման խորհրդարան անցած համայնքապետերի կալանավորման ԿԸՀ թույլտվությունը՝ Մուկուչյանի ստորագրությամբ։ Նման ստորության ոչ մի սիրտ չի դիմանա…

Կալանավորված են Սյունիքի բոլոր խոշոր համայնքների ղեկավարները

Գրքերը կգրվեն նաև Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի մասին: Նա դարձավ Սյունիքը գլխատելու նպատակով դասալիք-կապիտուլյանտի սանձազերծած բռնաճնշումների հերթական զոհը։

Այդ գրքերում հանգամանորեն կնկարագրվի այն դրվագը, երբ համայնքապետի գլխավորած ջոկատը հայտնվեց շրջապատման մեջ: 30 հայ ռազմիկները մարտնչեցին 400 ադրբեջանցիներից բաղկացած ջոկատի դեմ և դուրս եկան շրջապատումից։ Փարամազյանի մարտիկները հեռուստախցիկների առջև հպարտությամբ են խոսում իրենց հրամանատարի մասին, իսկ Քաջարանի բնակիչները գոհ են 5 տարվա ընթացքում քաղաքը մեծ շինհրապարակի վերածած քաղաքապետից։ Ի դեպ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողներն անասելի զարմացած են քաղաքապետի ու կոմբինատի դեմ բռնաճնշումներից. չէ՞ որ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում համայնքում հաղթել է Նիկոլի կուսակցությունը։ Մարդիկ չեն հասկանում, որ բռնաճնշումները միտված են ապագային…

Սյունիքի համայնքապետերը, ի տարբերություն Քննչական կոմիտեի նորաթուխ պետ Արգիշտի Քյարամյանի, «Արիության համար» մեդալ չունեն, փոխարենը, ի տարբերություն Քյարամյանի, որի տոհմաբանության մասին մեզ ոչինչ հայտնի չէ, այդ մարդիկ ապրում են իրենց նախնիների հողի վրա: Որտեղ առ այսօր պահում են Փարամազյանի, Առուշ Առուշանյանի և այլոց պապերի ու նախապապերի հիշատակը և պատմում նրանց փառապանծ գործերի մասին։

Քաջարանում վերանորոգվել է արվեստի դպրոցը, կառուցվում է նոր գրադարան։ Փարամազյանի շրջապատից մեզ հայտնի դարձավ, որ քաղաքապետին դրել են ընտրության առջև. կա՛մ կաշխատի իշխանության օգտին, կա՛մ նրան մեղադրանք կառաջադրվի։ Փարամազյանը կարծում էր, թե իրենց ներկայացնելու ոչինչ չկա, սակայն անէությունից ինչ-որ վաղեմի տվյալներ են քչփորել հատկացված հողակտորի վերաբերյալ, ինչպես նաև հեքիաթ հորինել մարդ առևանգելու մասին։ Իշխանությունը գործում է հետևյալ սկզբունքով. Սյունիքի համայնքապետ լինի՝ հոդված կգտնվի։ Հուլիսի 17-ին Շենգավիթի առաջին ատյանի դատարանը Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու սանկցիա տվեց, այսպիսով՝ այսօր կալանավորված են Սյունիքի բոլոր խոշոր համայնքների ղեկավարները:

Տողերիս հեղինակն ամենեվին էլ չի փորձում իրավիճակի նկատմամբ իդեալիստական հայացք պարտադրել ընթերցողներին։ Բացարձակ մեղսազուրկ ղեկավարներ չկան, ղեկավար աշխատանք կատարող ցանկացած մարդու կարելի է ինչ-որ դժգոհություն ներկայացնել, բայց այսօր, նայելով Սյունիքի տեղական մակարդակի ղեկավարների մի ամբողջ համաստեղության կալանավորմանը, չի կարելի չհասկանալ, որ խոսքը քաղաքական բռնաճնշումների մասին է։ Դասալիք-կապիտուլյանտը «փակում է» մարտական անցյալ ունեցող մարդկանց (նրա բարեհաճությունը չվայելող գրեթե բոլոր համայնքապետերը մարտական գործողությունների մասնակիցներ են), որպեսզի անարգել իրականացնի Բաքվի և Անկարայի իր տերերի ծրագրերը։

Իհարկե, համայնքապետերը չեն մնա առանց որակյալ փաստաբանական օգնության, նրանց կաջակցեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքները, բայց ցավալի է գիտակցել, որ հասարակությունը ոչ մի կերպ չի արձագանքում քաղաքական բռնաճնշումներին: Հուլիսի 17-ին Շենգավիթի դատարանի բակում էին միայն Արթուր Սարգսյանի հայրենակիցները…

Անտարբերությամբ հետևելո՞ւ ենք Սյունիքի պաշտպանների նկատմամբ Նիկոլի հաշվեհարդարին, ինչպես որ անտարբերությամբ հետևեցինք գեներալ Մանվելի սպանությանը։ Բանտը խեղում է բոլորին, և կալանքի «ընդամենը» 2-ամսյա ժամկետին հղումը հիմնազուրկ է. դոկտոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը բանտախցում բնավ լավ չէ, բայց կապիտուլյանտն ու իր ձեռքի տակ նախագահ աշխատող Արմեն Ս.-ն թքած ունեն այդ փաստի, ինչպեսև բժիշկների միջնորդությունների վրա: Այն մասին, որ Չարչյանը հունիսի 20-ի ընտրություններից հետո բռնաճնշումների ենթարկված միակ բժիշկը չէ, մեր ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, ուստի չենք կրկնի…

Բռնաճնշումների ենթարկված համայնքապետերի և բժիշկների թեման այսօր, այսպես ասած՝ հարգի չէ։ Այս օրերին հայ հասարակության մեջ ամենից հազվադեպ խոսել են Սյունիքի ինքնապաշտպանության մասնակիցների կալանավորման մասին։ Է՛լ ավելի հազվադեպ՝ հերոսներ անվանել շնորհազրկված համայնքապետերին։ Մինչդեռ մարզի տարածքի մի մասն արդեն երրորդ ամիսն է, ինչ բռնազավթված է ադրբեջանցիների կողմից...

Եվ էլի մի բան. ամեն օր առավոտյան ժամը 4-ին Երևանի կենտրոնական փողոցները հեղեղում են գիշերային ակումբների մշտական այցելուները։ Այդ ժամերին տաքսիների գրասենյակներում հեռախոսները չեն լռում՝ Կենտրոն համայնքից կանչերով։ 25-35 տարեկան հարյուրավոր երիտասարդներ լուսադեմին տուն են գնում, որպեսզի, քունն առնելով, երեկոյան վերադառնան այնտեղ, որտեղ կոկտեյլներ են, երաժշտություն, «գիշերային թիթեռնիկներ» ու թեթև թմրանյութեր։ Նայելով այդ դատարկ աչքերով հանրությանը, սկսում ես հասկանալ, որ Նիկոլին ու թուրք-սորոսական հինգերորդ շարասյանը 3 տարվա ընթացքում հաջողվել է վերածել Հայաստանը արդյունաբերական ծավալներով աճեցվող կանեփից չխորշող երկրի։ Այդ թեման այսօր մեծապես հարգի է