ԳՅՈՒՂ, ՈՐՏԵՂ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՍԿՍԵԼ ՆՈՐ ԿՅԱՆՔ

Իրանի հետ սահմանամերձ՝ Մեղրիի շրջանի Նռնաձոր գյուղը հաճախ անվանում են Հայաստանի վերջին բնակավայր: Մեր հայրենակից Գուրգեն Գրիգորյանը համամիտ չէ այդ կարծիքին և պնդում է՝ Նռնաձորը Սյունիքի մարզի առաջին գյուղն է, որից սկսվում է մուտքը մեր երկիր: Ուստի հենց այստեղ՝ Հայաստանի դարպասների մոտ, մի խումբ հայրենասերներ որոշեցին իրագործել ծրագիր, որը նոր շունչ կհաղորդի անօթևան արցախցիների կյանքին:

«Արցախյան 44-օրյա պատերազմը ցնցեց ամբողջ աշխարհի հայությանը: Պատերազմի արդյունքներն անսպասելի էին բոլորիս համար: Մենք տրամադրված էինք հաղթելու, սակայն ստացանք պարտություն, բազմաթիվ զոհեր և մեծ կորուստներ: Սաստիկ հիասթափության և ապատիայի պայմաններում ելք էինք փնտրում սթրեսային իրավիճակից: Հայրենիքի և ժողովրդի ճակատագրով մտահոգված մարդիկ ցանկանում էին ինչ-որ կարևոր, ազգային, հայրենասիրական բան անել, որպեսզի ոչ միայն բուժեն հոգում ծանրացած վերքերը, այլև օգուտ տան ազգին, պետությանը: Այդպես ծնվեց գաղափարը՝ կառուցել Նռնաձորում բնակելի թաղամաս և բնակեցնել այն Արցախից տեղահանված հայերով, որոնց հայրենի քաղաքներն ու գյուղերը այժմ օկուպացված են Ադրբեջանի կողմից», - բացատրեց Գուրգեն Գրիգորյանը:

Программа строительства жилого комплекса - часть Программы развития общины Нрнадзор

Բնակելի համալիրի կառուցման ծրագիրը ՀՀ Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքի զարգացման ծրագրի մի մասն է, որն իրականացվում է Մեղրիի տարածաշրջանի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից: Հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Գրիգորյանի խոսքով, կազմակերպությունը հիմնվել է հինգ հայրենակիցների ջանքերով, որոնց անձնական միջոցներով էլ սկիզբ առավ Նռնաձորի զարգացման ծրագիրը: Հիմնադրամին իրենց ֆինանսական ներդրումներով աջակցում են նաև հիմնադիրների ընկերներն ու համախոհները, Սփյուռքի անհատները և կազմակերպությունները: Բացի ֆինանսավորումից իրենք պատրաստակամ են նաև օգնել ծրագրին լոբինգով, տրամադրել շինարարական և այլ տեսակի նյութ, զանազան աշխատանք կատարել կամավոր հիմունքներով և այլն:

Ծրագրի նպատակն է՝ աջակցել Արցախում աշնանային պատերազմի արդյունքում իրենց հայրենիքից տեղահանված ընտանիքներին, հետպատերազմյան պայմաններում բարելավել նրանց սոցիալական կարգավիճակը, զարգացնել սահմանամերձ Նռնաձորի համայնքը, լուծել զբաղվածության խնդիրները՝ ստեղծելով աշխատանքային անհրաժեշտ հնարավորություններ, պատշաճ կենցաղային պայմաններ, կոոպերատիվ տնտեսություն, խթանել համայնքի տնտեսական զարգացումը և այլն:

«Մենք մտադիր ենք ծրագիրն իրականացնել երեք փուլով: Այս տարվա վերջին 5 բնակելի առանձնատներ պատրաստ կլինեն շահագործման, հաջորդ տարի մենք նախատեսում ենք հանձնել 10 տուն, իսկ 2023 թ. ևս 15 տուն, - ասում է Գուրգեն Գրիգորյանը: - Առանձնատները քարից են, ամուր և տաք, մեծ նկուղներով, որոնք կարող են ծառայել տնային տնտեսության կարիքների համար, իսկ անհրաժեշտության դեպքում որպես ապաստարան: Յուրաքանչյուր տան հետ մարդկանց տրամադրվում է 600-700 ք.մ. հողամաս, նաև ընտանի կենդանիներ, որոնց պահելու համար կկառուցվի ընդհանուր անասնանոց: Նռնաձորի համայնքը մտադիր է յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել առնվազն 1 հեկտար առանձին հողատարածք այգեգործության համար, որտեղ հնարավոր կլինի աճեցնել նռենի, թզենի, արքայանարինջ և այլ պտղատու ծառեր: Այս այգիները կմիավորվեն կոոպերատիվ տնտեսության հիման վրա, նոր համայնքում կստեղծվեն նաև տարբեր արտելներ: Մենք՝ ծրագրի նախաձեռնողներս կնպաստենք կոոպերատիվների զարգացմանը, բերքի և ստացած այլ ապրանքատեսակի վաճառքին, Նռնաձոր համայնքում ֆինանսական շարժին»:

Նռնաձոր համայնքի զարգացման ծրագրի շահառուների համար կստեղծվեն տարբեր արտոնություններ՝ երեխաների կարիքները հոգալուց մինչև հարկերի, մի շարք կոմունալ ծառայությունների և այլ խնդիրների աջակցություն: Ինչ վերաբերում է շահառուների ընտրության հարցին, ապա այստեղ կան հստակ չափորոշիչներ: Ինչպես պարզաբանեց Գուրգեն Գրիգորյանը, Նռնաձոր գյուղի նոր թաղամասի բնակիչներ կարող են դառնալ միայն այն արցախցիները, ովքեր մինչև պատերազմ ապրում էին Արցախի Հանրապետության՝ նախկին ԼՂԻՄի մաս չկազմող 7 շրջաններում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Նախապատվությունը կտրվի բազմազավակ (չորս և ավելի երեխա ունեցող) երիտասարդ ընտանիքներին, որոնք խթան կդառնան Նռնաձորը զանգացնելու ծրագրին՝ և տնտեսական, և ժողովրդագրական առումով: Առաջնահերթություն կտրվի նաև այն ընտանիքներին, որոնց մեծահաակ անդամներից մեկը մանկավարժական կրթություն ունի և կկարողանա աշխատել տեղական դպրոցում՝ Մեղրիի քաղաքապետարանի կողմից առաջարկվող առարկաները դասավանդելու համար: Այս աշխատանքը երաշխավորվում է:

Гурген Григорян

«Մեղրիի «Արցախյան թաղամասի» բնակեցման հարցում կան որոշ նրբություններ, - ասում է Գուրգեն Գրիգորյանը: - Յուրաքանչյուր ընտանիքի հետ կնքվում է պայմանագիր, ըստ որի` ընտանիքը իրավունք ունի ապրելու տրամադրված տանը 10 տարի, որից հետո միայն կարող է դառնալ այդ տան սեփականատերը, օրինական տերը: Այս պարտադիր կետը մենք մտցրել ենք, որպեսզի թույլ չտանք բնակչին ստանալ տունը, անմիջապես այն վաճառել և լքել Հայաստանը: Մեր նպատակն է ոչ միայն Արցախից տեղահանված հայրենակիցներին բնակարանով ապահովել, այլ նաև սահմանամերձ Նռնաձորը բնակեցնել, զարգացնել գյուղը տնտեսապես, սոցիալապես, ժողովրդագրական և այլ իմաստներով: Ժամանակակից աշխարհում առկա է մեկ ազգության ներկայացուցիչների զանգվածային միգրացիա դեպի այլ երկրներ, ինչը ոչ միայն փոխում է պետությունների ժողովրդագրական պատկերը, այլ երբեմն հանգեցնում է լուրջ ազգային և քաղաքական խնդիրների: Մենք չենք ուզում, որ մի օր Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն ստանան բնակարան ձեռք բերելու Հայաստանում, հատկապես սահմանամերձ շրջաններում և ապագայում դառնան մեր երկրում որոշիչ ժողովրդագրական գործոն»:

Միակ խնդիրը, որի հետ այսօր բախվում են Նռնաձորի համայնքի զարգացման ծրագրի կազմակերպիչները՝ շահառուների ընտրությունն է: Այդ հարցում պետական մարմինների օգնության կարիքը կա: Ծրագրի ղեկավարները պաշտոնական նամակներով դիմել են պետական​ կառավարման մարմինների՝ ՀՀ միգրացիոն ծառայություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Արցախի Հանրապետության կառավարությանը, սակայն դեռ չեն ստացել հստակ պատասխան:

«Մենք պատրաստվում ենք պաշտոնապես կապ հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ` հասկանալու, թե որ պաշտոնյան, կազմակերպությունը կամ կառույցը կարող են օգնել մեզ այն շահառուների ընտրության հարցում, որոնք ոչ միայն համապատասխանում են մեր ծրագրի չափորոշիչներին, այլև չունեն մշտական ​​բնակություն կամ սեփականություն Հայաստանում և Արցախում, ովքեր չեն օգտվում պետական ​​և մասնավոր բնակարանային ծրագրերից և այլն: Մեզ պետք է ճշգրիտ ցուցակ, որից մենք կկարողանանք ընտրել ծրագրին համապատասխանող ընտանիքների», - ասաց Գուրգեն Գրիգորյանը:

ՀՀ Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքի զարգացման ծրագիրը մեկնարկել է այս տարվա մարտի 15-ին: Արդեն կատարվել են գեոդեզիական, քարտեզագրական և հողային աշխատանքներ, սկսվել է տեղահանված անձանց համար երկու առանձնատների կառուցում: Հաշվի առնելով, որ երբեմնի խիտ բնակեցված գյուղում այսօր ապրում է ընդամենը շուրջ 150 մարդ՝ հիմնականում Գետաշենից և Շահումյանից փախստականներ, ովքեր զրկվել են հայրենիքից Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, Մեղրիի տարածաշրջանի զարգացման բարեգործական հիմնադրամի ծրագիրը կդառնա նոր խթան սահմանամերձ Նռնաձորի զարգացման համար: Այն կստեղծի անհրաժեշտ պայմաններ երիտասարդ և ակտիվ արցախցիների համար, ովքեր ձգտում են նոր կյանք սկսել, զարգացնել և վերածնել գեղեցիկ և հայեցի անունով գյուղը, որպեսզի հայ ազգի դարավոր արմատները ամուր մնան հայրենի հողում: