«Ժողովուրդ»․ ՀՆԱՐԱՎՈՐ Է` ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԸ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿՎԻ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն այս օրերին քննարկում են այն հարցը, թե ովքեր պետք է առաջիկայում ինքնաբացարկ ներկայացնեն, ովքեր պետք է գնան խորհրդարան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի եռյակից արդեն Լիլիթ Մակունցը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Ըստ թերթի տեղեկությունների՝ Մակունցն արդեն ճամպրուկային տրամադրություն ունի, քանի որ օգոստոսի սկզբին պետք է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում լինի` ՀՀ դեսպանի կարգավիճակում:

«ՔՊ նախընտրական ցուցակի առաջին տասնյակից խորհրդարան կգնան Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Արփի Դավոյանն ու Արսեն Թորոսյանը: Իշխանության ցուցակի 20-րդ համար Արմեն Փամբուխչյանը կմնա ԱԻՆ-ում, հնարավոր է առաջիկայում նախարար նշանակվի»,– գրում է թերթը:

Նշենք, որ Փամբուխչյանը հիմա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալն է։

Պարբերականը գրում է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին ևս կուղարկեն խորհրդարան, այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման որոշում է կայացրել:

«33-րդ համարը՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ինքնաբացարկ է ներկայացրել։ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը)՝ «Դեղերի փորձագիտական կենտրոնի» ղեկավարը, ՔՊ-ի 44-րդ համարն է, որին ևս Փաշինյանը պատրաստվում է խորհրդարան ուղարկել: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն «տեղավորել» բոլոր այն անձանց, որոնք դուրս կմնան օրենսդիր մարմնից: Փաշինյանն իրեն հավատարիմ անձանց կտեղափոխի կառավարություն»,– եզրափակում է «Ժողովուրդը»:

Sputnik Armenia