ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՎԱՐՉԱՊԵՏ

Նախագահն անհապաղ կնշանակի…

ՍԴ-ում չորս քաղաքական ուժերի հայցերով դատավարության ավարտից անմիջապես հետո կանխատեսումներ հայտնվեցին այն մասին, որ 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին:

Հենց այդ օրը Փաշինյանը կնշանակվի վարչապետի պաշտոնում, ընդ որում՝ կնշանակվի բառացիորեն. քվեարկություն տվյալ դեպքում նախատեսված չէ։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածի (5-րդ կետ). «Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»:

149-րդ հոդվածն ասում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»։

Արդեն հայտնի է, որ ԱԺ նախագահ է դառնալու Ալեն Սիմոնյանը։ Հիմնական օրենքի 150-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը ձևավորվելու է վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում։ «Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»։

Այն բանից հետո, երբ չորս ուժերը դիմեցին ՍԴ, ակնհայտ դարձավ, որ ՍԴ-ն և նախագահը, որն ըստ Սահմանադրության համարվում է պետության ղեկավար (հոդված 123), նույնպիսի մանր խաղաքար են, ինչպիսիք են և՛ խորհրդարանի ղեկավարությունը, և՛ խորհրդարանական ողջ մեծամասնությունը։ Արտահերթ ընտրություններն ու խորհրդարանական մեծամասնության կազմն արդարացրեցին բոլոր այն բացասական կանխատեսումները, որ խորհրդարանական հանրապետության քողի տակ գործում է տոտալիտար ռեժիմ։ Այդ ռեժիմը հունիսի 20-ի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո ամբողջությամբ վերականգնել է ստալինյան քաղաքական բռնաճնշումների մոդելը, որս սկսել տեղական մակարդակի ղեկավարների դեմ, արդյունքում կալանավորված են Սյունիքի բոլոր խոշոր համայնքների ղեկավարները։

Ադրբեջանցիների կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բռնազավթման պայմաններում միանձնյա բռնապետը բռնաճնշումներ է իրականացնում զինված ուժերի հրամանատարական կազմի անդամների նկատմամբ, ուժային կառույցներից կրճատում են մարտական անցյալ ունեցող փորձառու սպաներին: Ահա թե ինչ պայմաններում է մեկնարկում անթիվ-անհամար խախտումներով ընտրված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Փաշինյանի նշանակումը վարչապետի պաշտոնում տեղի կունենա քաղաքական հալածանքների պայմաններում, որոնց վրա աչք են փակում ինչպես հայրենի արդարադատությունը, այնպես էլ ողջ քաղաքակիրթ Եվրոպան։ ԱՄՆ դեսպանատան վերջին ձևական պատասխանն ընդդիմության դիմումին, թե իբր՝ մենք ամեն ինչ տեսնում ենք և հետևում իրավիճակին, ամենացայտուն ապացույցն է այն բանի, որ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունները խորապես անտարբեր են Մարդու իրավունքների և ազատությունների աղաղակող խախտումների նկատմամբ, որոնք արտահերթ ընտրություններից հետո համատարած բնույթ են կրում։

Հոկտեմբերից հետո բռնաճնշումները կվերաբերեն անկախ ԶԼՄ-ներին

Միամտություն կլինի կարծել, թե ճնշումները կդադարեն նոր խորհրդարանի աշխատանքի սկսվելուց և նախարարների կաբինետի ձևավորումից հետո: Ամենևի՛ն։ Կապիտուլյանտի նոր կառավարությունը նույնքան անգործունակ կլինի, որքան խորհրդարանական նոր մեծամասնությունը։

Այդ անգործունակությունը կարելի է թաքցնել միայն համատարած բռնաճնշումների միջոցով։ Կապիտուլյանտն ու իր հաճկատարները ամեն անկյունում ճղավում են, թե ժողովուրդն իրենց «պողպատե մանդատ» է տվել՝ հաշվեհարդար տեսնելու օրենքի դիկտատուրան չընդունողների հանդեպ։ Այդ կեղծ ձևակերպումը գաղափարական հիմք է դարձել բռնաճնշումների ուժգնացման համար, ուստի տեղական մակարդակի ղեկավարների դեմ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հալածանքները կշարունակվեն մինչև սեպտեմբեր և ինքնակառավարման մարմինների հոկտեմբերին կալանալիք ընտրություններ, որից հետո հարվածի տակ կհայտնվեն ընդդիմադիր լրատվամիջոցները։

Ընդդիմությունը հավաստիացնում է, որ մանդատները պայքարը շարունակելու գործիք են, խոստանում է ցույց տալ «նոր որակ»։ Սպասենք, թեև ակնհայտ է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կհայտնվեն քաղաքական բռնաճնշումների կիզակետում, և ոչ միայն նրանք, այլև իրենց ընտանիքների անդամներն ու մերձավոր ազգականները։ Կապիտուլյանտը կանգ չի առնի, «պողպատե մուրճը» մշտապես կզարկի նրա քաղաքական ընդդիմախոսների գլխին։

Այն, ինչին մենք ականատես ենք այսօր, լոկ թափ առնելն է, իսկ տոտալ բռնաճնշումները, ինչպիսիք Միխայիլ Սահակաշվիլին իրականացրեց Վրաստանում, կսկսվեն հոկտեմբերին, տեղական ընտրությունների ավարտից հետո։ Մարտական հրամանատարներից, նշանավոր բժիշկներից և համայնքապետերից հետո տեռորի զոհ կդառնան շարքային քաղաքացիները, որոնց քաղաքական համակրանքն ընդդիմության կողմն է: Բազմաթիվ ձերբակալությունների մասին հասարակությունը նույնիսկ չի իմանա։ Իսկ առայժմ մնում է միայն տարակուսել, թե ինչու են ընտրություններին հաջորդած մեկ ամսվա ընթացքում ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով պատասխանատվության ենթարկվել միայն ընդդիմադիր դաշինքների ներկայացուցիչները, մի՞թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները կաշառք չեն բաժանել։

Основная тема:
Теги: