ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐ, ՍԱՏԱՆԱՅԻ ՈՐՍ, կամ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՏՎԱԾ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Կանխարգելիչ միջոցառում, թե՞  Նիկոլը զվարճանում է

Դա կարող էր զվարճալի թվալ, եթե թշնամին չկրակեր Երևանից 60 կմ հեռավորության վրա։ Հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերն անցկացված ոստիկանական գործողությունը՝ մեքենաների զննումով, խուճապ առաջացրեց, Երևանում միանգամից լուրեր տարածվեցին դիվերսանտների ներթափանցման մասին: Հետո սկսեցին խոսել, թե գաղութից հանցագործ է փախել։

Ավելի ուշ երևանցիները կատակում էին, թե Նիկոլը նորից որս է սկսել սատանայի ու նրա ծառաների դեմ։ Ստուգումները ճանապարհներին շարունակվում են նաև այսօր, բայց արդեն ոչ այդչափ բացահայտ։ Նշանառության տակ նույն ուղղություններն են. Երևան-Աշտարակ, Երևան-Էջմիածին, ուստի հարկ համարեցինք ներկայացնել, թերևս, ամենից համարժեք մեկնաբանությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Կարծում եմ, ընթերցողն այնքան էլ չի զարմանա՝ իմանալով, որ ադրբեջանցիները կարիք չունեն դիվերսիաների դիմել Երևան մտնելու համար, ադրբեջաներենն այսօր օրը ցերեկով հնչում է Հյուսիսային պողոտայում, որտեղ պատվաստումների համար հերթ են կանգնած Իրանի քաղաքացիները՝ ադրբեջանական նահանգից. նրանք նույնիսկ չեն էլ թաքցնում, որ ազգությամբ ադրբեջանցի են

Փախուստի դիմած կալանավորների մասին քրեական պատիժների իրականացման վարչությունը պարտավոր է անմիջապես տեղեկացնել հասարակայնությանը, մնում է կանխարգելման վարկածը, որ տարածել է ոստիկանությունը: Կամքը ձերն է, պարոնայք, բայց երբ թշնամին նռնականետերով գնդակոծում է հայկական դիրքերը Երևանից 60 կմ հեռավորության վրա, պետք է մեծապես ջանաք, որպեսզի շեղեք երևանցիների ուշադրությունը ոստիկանական ստուգարշավների վրա։ Հաշվի առնելով հասարակության հոգեկան վիճակը՝ պետք է վերջին ապուշը լինես, որպեսզի վաղօրոք է՛լ ավելի անհանգստացնես նրան։ Եթե դա կանխարգելիչ միջոցառում է, ապա Նիկոլ Փաշինյանը Հռոմի պապն է։ Դուք որտե՞ղ եք տեսել այդպիսի ստուգարշավներ, երբ մարդիկ ժամերով կանգնած են խցանումներում, իսկ ոստիկանները փորփրում են մեքենաների բեռնախցիկներն ու սրահները։ Կանխարգելումը չպետք է խուճապի պատճառ դառնա սոցցանցերում։ Ի դեպ, այսօր նույն այդ սոցցանցերում արդեն գրում են, որ Նիկոլը զվարճանում է՝ սարսափեցնելով երևանցիներին։

Տեսադարան կապիտուլյանտի համար

Մեկնաբանելով ճանապարհներին անցկացվող սկանդալային հատուկ գործողությունը, հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կոչ արեց մայրաքաղաքի հանրությանը հանդարտվել և կարծիք հայտնեց, որ համատարած ստուգումների առիթ կարող էր դառնալ Փաշինյանի հրահանգը: «Խելագարը» կարող էր հրամայել զննում անցկացնել. այդքան բան։

Փաստաբանի խոսքերով, որը երբեք չի թաքցրել, որ Փաշինյանին համարում է հոգեկան հիվանդ, հերթական քաղաքական հակառակորդին ասֆալտին փռելու տեսագրությունն անհապաղ ուղարկվում է կառավարություն: Աթանեսյանը հավաստում է, որ Նիկոլը մեկուսանալով դիտում է այդ տեսագրությունները, մեծ բավականություն ու բավարարվածություն ստանալով այդ դիտումներից։

Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի մասնակից և Սյունիքի պաշտպանության կազմակերպիչ որոշ համայնքապետերի ձերբակալություներն անցկացվում էին տեսախցիկների թիրախում ասֆալտին փռելով։

Այսօր ամոթ չէ ասֆալտին փռած լինելը

Աթանեսյանն ասաց, որ Նիկոլի քաղաքական հակառակորդներին հայտնի է ասֆալտին փռելու կադրերով տեսադարանի առկայության մասին, ուստի Հայաստանում բոլորը, ում վիճակվել է դա, ասֆալտին դիպչելուն պես սկսում են հայհոյանքներ գոչել Նիկոլի հասցեին։

Աթանեսյանն առաջարկեց հիմք ընդունել նման վարքագիծը, որպեսզի կապիտուլյանտը զրկվի հերթական ձերբակալության տեսագրության պատճառած հաճույքից: Փաստաբանի խոսքերով՝ նրանք, ում «խելագարը» հրամայել է փռել ասֆալտին, իրենց երկրի իրական հերոսներն ու հայրենասերներն են, ուստի այսօր ամոթ չէ հայտնվել ասֆալտին՝ ոստիկանական տեսախցիկի նշանառության տակ։

Եթե փաստաբանի ասածը համապատասխանում է իրականությանը (Աթանեսյանը իրազեկ մարդու համբավ է վայելում), ապա ասֆալտին փռելու կադրերով տեսադարանը կապիտուլյանտի հոգեկան վիճակի ամենավառ վկայությունն է, ընդ որում փաստաբանը համարում է, որ այդ վիճակը վարակիչ է, քանզի կարող է փոխանցվել հասարակության մի մասին։ «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են Երասխի բնակիչները, տեսախցիկների առաջ պատմելով ադրբեջանցիների կողմից իրենց համայնքի գնդակոծման մասին, ասվածին խոսքեր հավելում ի աջակցություն Նիկոլի»,- խոստովանեց Աթանեսյանը։

Չգիտեմ, Երասխում՝ ինչպես, բայց ընդհանուր առմամբ մի շարք համայնքներում բնակիչները նախազգուշացված են կապիտուլյանտի դրածոների թվին պատկանող տեղական մակարդակի ղեկավարների կողմից, որ  տեսախցիկների առջև պետք է ասեն, թե իրենք աջակցում են Փաշինյանին, այլապես շարքային քաղաքացիները կարող են հայտնվել սև ցուցակներում և զրկվել սոցիալական աջակցությունից։ Խուճապը մայրաքաղաքում շարունակվում է, գիշերային ստուգարշավը պատվել է ասեկսեների մի ամբողջ շարանով, ընդ որում յուրաքանչյուր օրն իր հետ բերում է նոր չափաբաժին, երևանցիները չեն հավատում պաշտոնական հաղորդագրություններին, գիշերային ստուգարշավները շարունակվում են, ընդ որում ակնհայտ է, որ փնտրում են ոչ միայն զենք ու թմրանյութեր։ Իսկ թե ինչ կամ ում են փնտրում, կիմանանք որոնումների ընթացքում։ Կամ չենք իմանա…