ԱՌԱՋԱՐԿՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԱՆՊԱՐԿԵՇՏ Է, ՔԱՆ ՌԱՑԻՈՆԱԼԻԶԱՏՈՐԱԿԱՆ

Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, ապրում է 1,8-1,9 մլն հայ։ Այս մասին NEWS.am-ին հյուրընկալվելով հայտարարեց քաղաքագետ Հրանտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ՝ TALK TIME հաղորդմանը տված հարցազրույցում։

ԸՆԴ ՈՐՈՒՄ, ՆՐԱ ԽՈՍՔԵՐՈՎ, 2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ հայերի թիվը եղել է 1 մլն 182 հազար: «Բացի այդ, 600-650 հազարը Հայաստանի քաղաքացիներ են: Միևնույն ժամանակ, այս ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել մի քանի տասնյակ հազարավոր հայեր: Այսպես, կարող ենք ասել, որ Ռուսաստանի տարածքում ապրում է գրեթե 2 միլիոն հայ», - պարզաբանեց Միքայելյանը։

Քաղաքագետը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում բացասական միգրացիոն հաշվեկշիռը կազմել է մինուս 138 հազար մարդ, և դա միայն ավիափոխադրումների տվյալներով: «Հայաստանի համար սա բավականին լուրջ ցուցանիշ է: Ամենայն հավանականությամբ, նրանցից 80 000-ը երբեք չի վերադառնա հայրենիք: Սա չափազանց մեծ ցուցանիշ է 6 ամսվա համար»,-հայտարարեց Միքայելյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. այո, թվերը ոչ թե պարզապես լուրջ, այլ աղետալի են այն երկրի համար, որի բնակչության թվաքանակը 3 միլիոնի էլ չի հասնում։ Ըստ էության, ընդամենը կես տարում Հայաստանից հեռացել է ամբողջ բնակչության 2,6%-ը ։ Ի՞նչ է սա, եթե ոչ ժողովրդագրական աղետ։

Այդուհանդերձ խուճապի մատնվել չարժե, քանզի Հայաստանում կա մի մարդ, որը գիտի, թե ինչպես ոչ միայն կասեցնել քաղաքացիների արտահոսքն այլ երկրներ, այլև ապահովել նրանց ներհոսքը։ Նրա անունը Վահան Քերոբյան է և զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի աթոռը։ Իր «ինքնօրինակ» բաղադրատոմսը նա հայտնել է իր ֆեյսբուքյան բաժանորդներին և, ինչպես միշտ, զվարճացրել շատերին։ Քերոբյանն առաջարկում է բերման ենթարկել բոլոր նրանց, ովքեր մեկնել են արտագնա աշխատանքի։ Մասնավորապես, նախարարի պաշտոնակատարը գրում է. «Աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»։

Ընդհանրապես, Քերոբյանը փոքր-ինչ հնացած միջոց է ընտրել։ Հիմա արդեն մոդայիկ չէ մարդկանց բերման ենթարկելը, ասֆալտին փռելն ու պատերին ծեփելը։ Հիմա առավել հարգի է չագուճով ու «օրենքի դիկտատուրայով» սպառնալը։ Այնպես որ նախարարի պաշտոնակատարը, հավանաբար, դեռ իր մեջ ներուժ կգտնի ժամանակին համընթաց քայլելու համար և կկատարելագործի նախաձեռնությունը։ Հնարավոր է՝ նույնիսկ հանդես գա նոր օրենսդրական առաջարկով. հետախուզում հայտարարել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մեկնել են առանց հետադարձ տոմսի։ Ախր հիմա այնուամենայնիվ օրենքի դիկտատուրա է, պետք է օրենքով ճնշել

Իրականում Քերոբյանը պարզապես տեղյակ չէ, թե ինչու են մարդիկ նախընտրում հեռանալ երկրից։ Օգնենք նրան պարզել դա։ Եվ առաջին հերթին նշենք, որ նման մեծածավալ արտագաղթի պատճառներից մեկը Քերոբյանը կարող է տեսնել հայելու մեջ։ Չեն կարող հոգեկան ու մտավոր հիվանդություններով չտառապող մարդիկ առանց իրենց ապագայի համար տագնապի նայել ու լսել, թե ինչպես է երկրի տնտեսության համար պատասխանատու անձը դեմքի լուրջ արտահայտությամբ կատակում երկնիշ տնտեսական աճի, զբոսաշրջության զարգացման ֆանտաստիկ հեռանկարների, Ադրբեջանի հետ փոխշահավետ առևտրի մասին։ Բնակչության արտահոսքի պատճառները նա կարող է փնտրել նաև կառավարության նիստերում՝ ուշադրության առնելով իր գործընկերների և պետի բանիմացության մակարդակը, լսելով նրանց բարբաջանքներն ու ընթերցելով այդ նիստերի օրակարգը:

Իսկ բացի այդ, արժե, որ Քերոբյանն ուշադրություն դարձնի երկրում անվտանգության մակարդակի վրա։ Ընդ որում, և՛ նրա սահմանների վրա, և սահմանամերձ գյուղերում, որոնք իր ներկայացրած կապիտուլյանտ իշխանության թեթև ձեռքով գնդակոծվում են թշնամական զինված ուժերի կողմից։ Ե՛վ երկրի ներսում, որտեղ հանցավորության մակարդակը պարզապես անցել է ամեն չափ ու սահման, որտեղ մայրաքաղաքի կենտրոնում գրեթե ամեն օր կրակոցներ են հնչում։ Մի տեսակ այնքան էլ հանգիստ չէ ապրել մի երկրում, որի իշխանությունը մետր առ մետր զիջում է տարածքները թշնամուն, իսկ օրենքի ուժը գործում է ոչ թե հանցավորության դեմ պայքարի համար, այլ ընդդեմ այլախոհության։

Չի կարող առանց տագնապի ապրել երկրում մարդը, տեսնելով, թե ինչպես է ինքն օրեցօր աղքատանում, ինչպես է ընկնում իր կյանքի որակը, քանի որ գների աճը աստղաբաշխական մասշտաբներ է ստանում։ Նշենք, որ նույնիսկ պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ անցած տարվա ընթացքում պարենային ապրանքների գներն աճել են 9%-ով։

Ըստ երևույթին, նախարարի պաշտոնակատարի վարկածով, բոլոր այդ մանրուքները չպետք է հիասթափեցնեն մարդկանց, ստիպեն լքել հայրենիքը։ Նրանց պետք է գայթակղի հայրենիք վերադառնալու հեռանկարը, որպեսզի աշխատեն «տաքսիի ոլորտում»։ Ախր ասում է, չէ՞, Քերոբյանը, որ տաքսու վարորդների պակաս կա։ Ահա և առաջարկում է վերադառնալ ու լրացնել պակասը։ Առաջարկվում է վերադառնալ նաև գյուղացիներին՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Ըստ էության՝ կանեփ աճեցնելու։ Չմոռանանք, որ ագրարային մասնահատվածի զարգացման հենց այդ ուղղությունն է գերակա համարում կառավարությունը։

Չնայած Քերոբյանի առաջարկի առանձնակի ինքնօրինակությանը, բերման ենթարկել ոչ մեկին չի հաջողվի։ Քանի որ քչերին կհրապուրեն այն փաստարկները, որ գործածում է նախարարի պաշտոնակատարը. ստվերից աշխատատեղերի ելքի հերթական ռեկորդները կամ արտահանման ծավալների դրական վիճակագրությունը։ Քանզի կա մի հակափաստարկ. այս իշխանությունը շարունակում է բարբարոսաբար փլուզել երկիրը, և ինքնապահպանման բնազդը համապատասխան քայլեր է թելադրում։ Քչերն են ցանկանում մնալ փլատակների տակ։ Այնպես որ Քերոբյանի առաջարկն ավելի շուտ անպարկեշտ է, քան ռացիոնալիզատորական