ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ» ԿԵՐՊՈՎ ԹՈԹԱՓԵԼ ԻՐ ՎՐԱՅԻՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՂՔԸ

Խորհրդարանական խմբակցություններ գումարած արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ. այս ձևաչափով է իշխանությունը մտադիր ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողով՝ արդարանալու և կապիտուլյանտի խարանն իր ճակատից սրբելու համար։ Դե, իսկ դրան օժանդակելու է իշխանությանն հաճկատարների խառնակույտը՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության «ինստիտուցիոնալ» խորհրդակցական ժողովի անվան տակ։

Ճիշտ է, դրա համար իշխանությանը, ըստ երևույթին, կրկին պետք կգան նախկին և ներկա գումարման խորհրդարանի իրավաբանական մտքի վարպետ Վահագն Հովակիմյանի ծառայությունները։ Քանի որ Փաշինյանի ցանկացած քմահաճույք կատարելու պատրաստ արտախորհրդարանական մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներին իշխանության խմբակցությունը չի կարող ընդգրկել քննող հանձնաժողովի կազմում՝ առանց ԱԺ կանոնակարգի փոփոխությունների։

Իշխանությունը կանխիչ քայլ արեց. որպեսզի թույլ չտա ընդդիմությանը հանդես գալ նախաձեռնությամբ՝ ԱԺ ապագա նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարեց, որ ութերորդ գումարման ԱԺ առաջին նիստի ժամանակ հանդես կգա 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Կփորձենք հասկանալ, թե ինչպես օրենսդրական մակարդակով լուծել արտախորհրդարանական ուժերի ընդգրկումը քննիչ հանձնաժողովում, ասաց Սիմոնյանը ՝ պարզաբանելով, որ վերջիններիս տակ նկատի ունի Փաշինյանի ստեղծած ձևաչափում ներառված կուսակցություններին։

Սովորաբար խորհրդակցական հավաքի քննարկման թեմաները գաղտնի են պահվում. վարչապետի աշխատակազմը դրանց վերաբերյալ հարցերից գլուխն ազատում է մի քանի պաշտոնական անբովանդակ նախադասություններով, իսկ այդ թայֆաժողովի մասնակիցները նախընտրում են լռել։ Սակայն Սիմոնյանի հայտարարությունից հետո Խորհրդակցական ժողովի մասնակիցներից մեկը՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավարը, որը պաշտոնից հեռացվել է դիալիզի սարքերի գնումների հետ կապված պղտոր պատմության պատճառով, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը «խոստովանեց», որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքին արտախորհրդարանական ուժերի մասնակցության հարցը «բարձրացրել է» հենց ինքը՝ առաջարկելով «խորհրդարանական խմբակցություններ+արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ» ձևաչափը, որն էլ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ Փաշինյանի հանդիպումից հետո հնչեցրեց Ալեն Սիմոնյանը՝ արդեն որպես կատարված փաստ։ Ոչ թե խորհրդակցական ժողով է, այլ իսկը սրտի տոն, ազնիվ խոսք:

Մինչդեռ ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ իշխանությունը պայմանավորվել չի կարող։ Մանավանդ 44-օրյա պատերազմի հետաքննության հարցում։ Ըստ էության, փոխարինողների դերում նրանց պետք են հենց սանասարյաններն ու մարուքյանները, որոնք դժվար թե նախկինում չեն հասկացել կամ հիմա չեն հասկանում, որ փաստացի կիսում են պատասխանատվությունը այս իշխանության գործողությունների համար։

Ոչ վաղ անցյալում, ընդամենը կես տարի առաջ Մարուքյանը, լինելով խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նույնպես հանդես էր գալիս այն ժամանակ արտախորհրդարանական ՀՅԴ-ին և ՀՀԿ-ին ուղղված առաջարկով՝ դառնալու 44-օրյա պատերազմին վերաբերող փաստահավաք խմբի մասնակիցներ։ Բայց կտրական մերժում ստացավ՝ ակնհայտի բացատրությամբ. գործող իշխանության օրոք պատերազմի հանգամանքների լիարժեք և օբյեկտիվ հետաքննումն անհնար է, և նման մեխանիզմի արդյունավետությունը՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, պատմական արդարության վերականգնման, անաչառ արդարադատության և պատերազմի մասին ողջ ճշմարտությունը հայ ժողովրդին ներկայացնելու առումով, հավասար է զրոյի:

Ցուցանշական է, որ պարտված ու պատերազմի մասին ճշմարտությունը կեղծող ներկայիս իշխանությունների կողմից ստեղծված և ղեկավարվող քննչական հանձնաժողովի օբյեկտիվության վերաբերյալ լրագրողների կասկածներին Սիմոնյանը կտրուկ պատասխանեց, թե «ժողովուրդը հունիսի 20-ին տվել է այդ բոլոր կասկածների պատասխանը, և որևէ մեկը չի համարձակվի քննարկել ժողովրդի որոշումը»։

Սակայն և՛ ՀՀԿ-ի, և՛ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, դատելով ամենից, այդ կարծիքին չեն։ Համենայնդեպս իրենց ֆեյսբուքյան գրառումներում իշխանության փարիսեցիության նկատմամբ սեփական վերաբերմունքը նրանք ձևակերպել են շատ հստակ։ «Պատերազմի, պարտության և կապիտուլյացիայի թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է»,- գրել է «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը: Նրա խոսքերով՝ «դա նույնն է, որ երիտթուրքերն առաջարկեին ստեղծել Հայոց ցեղասպանության հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Կամ էլ՝ ֆաշիստներն ուսումնասիրեին Հոլոքոստի հանգամանքները»:

ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը նույնպես պատմական զուգահեռներ է անցկացրել՝ նշելով, որ ներկայիս իշխանության կողմից որևէ հանձնաժողովի ստեղծումը ֆարս է լինելու, միաժամանակ նշելով, որ մութ սենյակում նրանց փնտրած կատուն նստած է իրենց իսկ ուսերին։ «Կապիտուլյանտների կողմից 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծումը գրեթե նույնն է,եթե Բերիան կամ Եժովը ստեղծեին բռնաճնշումներն ուսումնասիրող հանձնաժողով։

Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու։ Կապիտուլյացիայի գլխավոր պատասխանատուի ու մեղավորի թիմակիցները դեռ մեղավո՞ր են փնտրում։

Մի փնտրեք սև կատու մութ սենյակում,երբ այդ կատուն ձեր ուսերին է»,- գրել է Շարմազանովը։

Ինչևէ, խորհրդարանական ընդդիմադիր երկու դաշինքները, քանի որ մտել են Փաշինյանի սցենարով անցկացվող «արտահերթ ընտրություններ» անվանումով խաղի մեջ, կարծում ենք, այժմ արդեն չպետք է հրաժարվեն քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց: Ցանկացած բոյկոտները հաշվից դուրս են։ Միայն հանձնաժողովի աշխատանքին խորհրդարանական ընդդիմության մասնակցությունը կօգնի թույլ չտալ իշխանություններին արտախորհրդարանական կամակատարների միջոցով  սահուն ու անարգել հասնել ուզածին. իր վրայից թոթափել կատարված ամենի պատասխանատվության բեռը,  թաքնվելով «ժողովրդի որոշում» անվանյալ վահանի հետևում։