ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ Է։ ՊԱՅՔԱՐԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ՓՈՂՈՑԸ
Ո՞վ է հավակնում առաջին ջութակի դերին խորհրդարանական ընդդիմության ճամբարում
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ համարում է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում ընդդիմադիր ուժերի պարտության պատճառը հաղթանակ ապահովելու ընդունակ թիմի բացակայությունն էր, այդուհանդերձ ընդդիմադիր երկու դաշինքների օգտին տրված 400 հազար ձայները, իր համոզմամբ, պարտավորեցնում են...
Պարտավորեցնում են նաև 800 հազար ընտրողները, որոնք տարբեր պատճառներով անտեսել են հունիսի 20-ի ընտրությունները, այսինքն չեն քվեարկել Նիկոլի կուսակցության օգտին։ Նորընտիր խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները շատ շուտով կդրսևորեն իրենց գործի մեջ, սակայն 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի մոտենալուն զուգահեռ (դա կմեկնարկի օգոստոսի 2-ին) ԶԼՄ-ներում հաճախակի են դարձել ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Հայաստան»-ի (ՀՅԴ+«Վերածնվող Հայաստան» կուսակցություն) կազմի հասցեին հնչող քննադատությունները։ Քննադատում են նաև երկրորդ նախագահին՝ մանդատից հրաժարվելու համար։
Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնեմ, երեք հեռուստաալիքների ներկայացուցիչներին տված հարցազրույցում հայտարարեց, որ իր ներկայությունը խորհրդարանում ոչինչ չի փոխի։ Մենք, հակառակը, այն կարծիքին ենք, որ խորհրդարանը Քոչարյանով և առանց նրա՝ դրանք տարբեր խորհրդարաններ են, բայց երկրորդ նախագահը ճիշտ է համարել նման որոշումը։ Նա ընդգծեց, որ շարունակում է իրեն համարել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, մինչդեռ, քաղաքագետների կանխատեսումներով, ամենամեծ ընդդիմադիր խմբակցության կազմում առաջին ջութակի դերին բացահայտ հավակնում է ՀՅԴ-ն, որը ընտրություններին առանձին մասնակցելու դեպքում չէր հաղթահարի անցողիկ շեմը: Նրանք, ովքեր կողմ են քվեարկել Քոչարյանի գլխավորած դաշինքին, այս հանգամանքից ակնհայտորեն հիասթափված են, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ՀՅԴ խմբակցությունը 2017-ի գումարման խորհրդարանում, բացառությամբ մեկ մարդու, կողմ է արտահայտվել վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելուն։
Ավելի վաղ երկրորդ նախագահը կանխատեսեց, որ 1,5 տարի անց Հայաստանում կառաջանա ևս մեկ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն: Գուցե այդ պատճառո՞վ է Քոչարյանը ոչ այնքան բծախնդիր մոտեցում ցուցաբերել նախընտրական ցուցակը կազմելուն։ Քարոզչության ընթացքում նկատելի էր, որ հունիսի 20-ի ընտրություններում Քոչարյանը փորձում էր հաղթել Նիկոլի օրինակով, այսինքն վարելով քարոզչությունը սոլո ռեժիմով։ Զինակիցները առանցքային դեր չեն խաղացել ո՛չ նախընտրական ցուցակի անցողիկ մասի ընտրության փուլում, ո՛չ էլ քարոզչության պահին։
Ինչևէ, «Հայաստան» դաշինքի օգտին տրված ձայները նրա՝ Քոչարյանի ձայներն են, և եթե դրանք օգտագործվեն խելամտորեն, ապա կարելի է ռեկորդային ժամկետներում պատկառելի զանգվածային աջակցություն ստանալ խորհրդարանի պատերից դուրս։ Հակառակ դեպքում այդ ձայները քամուն կտա ամենահին կուսակցությունը։ Քաղաքագետների կանխատեսումները ցույց տվեցին ակնհայտը. ՀՅԴ-ն արդեն փորձում է առաջին ջութակի դերը խաղալ խորհրդարանական ընդդիմության կազմում։
Կապիտուլյանտը հետաձգել է մայրաքաղաքի արտահերթ ընտրությունները
Ընդդիմության կողմնակիցները դժգոհում են, որ արտահերթ քվեարկության արդյունքների ամփոփումից և չորս քաղաքական ուժերի հայցերով ՍԴ որոշումից հետո կյանքը երկրում անշարժացել է, բայց դա լոկ թվացյալ է:
Իրականում գործեց «մինչ ոչինչ տեղի չի ունենում, ամեն ինչ փոխվում է» սկզբունքը։ Այդ «փոխված» որակը դրսևորվեց նրանում, որ Փաշինյանը ստիպված եղավ նահանջել մայրաքաղաքի ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։
Կապիտուլյանտի և քաղաքապետ Հայկ Մարությանի տարաձայնությունների մասին հունիսի 20-ի ընտրություններից հետո եղել են տասնյակ հրապարակումներ։ Ընտրություններից հետո մայրաքաղաքում իրավիճակն աստիճանաբար թեժանում էր, Մարությանի շուրջ օղակն օրեցօր ավելի էր սեղմվում, երբ հանկարծ կառավարության տնից հնչեց նահանջի ազդանշանը։
Մարությանի դեմ արշավը շտապ կարգով դադարեցվեց։ Ինչո՞ւ։ Ըստ ոչ պաշտոնական հարցումների և ԱԱԾ-ի կանխատեսումների, մայրաքաղաքային արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար կարող էին փոխարկվել ցավոտ պարտության, չնայած այն հանգամանքին, որ Խաչատուր Սուքիասյանը, Սամվել Ալեքսանյանն ու Գուրգեն Արսենյանը վերահսկում են մայրաքաղաքի ամենախոշոր համայնքները: Այդուհանդերձ Նիկոլը որոշեց ռիսկի չդիմել ՝ հասկանալով, որ մայրաքաղաքում իրեն չի հաջողվի այն, ինչ հաջողվեց գյուղական համայնքներում, որտեղ իր կուսակցությունն ակնհայտ առավելություն գրանցեց արտահերթ ընտրություններում։ Դա նշանակում է, որ խայտառակ ընտրություններից հետո կապիտուլյանտի վարկանիշը մայրաքաղաքում կտրուկ ընկել է, այդ իսկ պատճառով այս աշնանը Երևանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից որոշեցին հրաժարվել։
8-րդ գումարման խորհրդարանը ձևավորված է
Հասարակական տրամադրությունների տատանումները պետք չէ կապակցել ընդդիմության գործողությունների հետ, մանավանդ որ ընտրություններից հետո նրա կողմից որևէ առանձնակի գործողություններ չեն եղել։
Չորս ուժերի հայցերով ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո քաղաքականացված հանրությունը ոչ մի հստակ բան չի լսել խորհրդարանական ամենախոշոր ընդդիմադիր ուժից։ Ամեն ինչ հանգեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոստմանը՝ զօրուգիշեր հանգիստ չտալ իշխանություններին, ինչպես նաև՝ բոլորին ցույց տալ ընդդիմության նոր որակ։ Հունիսի 20-ից հետո Սաղաթելյանն այդ խոստումը կրկնել է առնվազն 20 անգամ, ընդ որում՝ բառ առ բառ։ Ինչպես ասվում է հին անեկդոտում՝ և այդ հանաքով գնում եք Օդեսա՞։
Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարների, այդ թվում՝ պատգամավորական մանդատ ունեցողների կալանավորումները, մարզերում բուժհաստատությունների և դպրոցների ղեկավարների նկատմամբ բռնաճնշումները, կադրային ջարդը բանակում և այլ փաստերը վկայում են այն մասին, որ հունիսի 20-ից հետո հենց իշխանությունն է, որ հանգիստ չի տալիս ընդդիմությանը։ Ընդ որում՝ ոչ միայն ցերեկը, այլև գիշերը, եթե հիշենք ոստիկանության սկանդալային ստուգարշավը հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը: Հաջորդ օրերին ոստիկանությունն ակտիվ գործողություններ է իրականացրել Արաբկիրում, Աջափնյակում և Դավթաշենում։ Խուզարկությունների և բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ։ Այդ գործողությունների նպատակը երևանցիների մեջ վախի զգացում առաջացնելն է։
Փաշինյանի սանձազերծած համատարած բռնաճնշումների խորապատկերին չարժե, որ խորհրդարանական նոր փոքրամասնությունն այդքան հաճախ գլուխ գովի, թե հանգիստ չի տալու իշխանությանը և ցույց է տալու ընդդիմության նոր որակ։ Խորհրդարանում կարող է կրկնվել հայտնի դրվագը «Գարաժ» կինոկատակերգությունից։ «Մենք թույլ չենք տա, որ դուք մեզ ինչ-որ բան ցույց տաք, մենք ինքներս ձեզ ամեն ինչ ցույց կտանք»։ Թեպետ, կապրենք՝ կտեսնենք, թե ինչ նոր որակի մասին են խոսում ավելի քան 100-ամյա պատմություն ունեցող կուսակցության ներկայացուցիչները։
Խորհրդարանը ձևավորված է, ընդդիմադիր խմբակցությունների կազմերը հայտնի են, ուստի ինչ-որ բան հուշում է, որ քաղաքական աշնան սկսվելուց հետո ռեժիմի դեմ պայքարի էպիկենտրոնում հայտնվելու է բնավ ոչ խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճը, այլ փողոցը։ Իսկ առայժմ, ըստ լուրերի, Արմեն Ռուստամյանն ուզում է ընդդիմության քվոտայով զբաղեցնել արտաքին քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը հավակնում է տեղական ինքնակառավարման և գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնին։ Իշխող մեծամասնությունը նույնպես հավակնում է արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավարի աթոռին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դժվար թե զիջի դա «Հայաստան» խմբակցության անդամ դաշնակցականին։