ԻՐԵՆՑ՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ՝ «ԿԱ՛ ԱՊԱԳԱ» ԿԱՐԳԱԽՈՍ

Պատգամավորների աշխատավարձերը բարձրացրել են, քաղաքապետարանի աշխատողներինը կբարձրացնեն վաղը, դատելով ամենից՝ սպասվում է կառավարության պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. պետք է, չէ՞, օրինականացնել վերջապես արդեն ավելի քան 2,5 տարի շռայլվող և իրավական որևէ շրջանակներում չտեղավորվող դրույքաչափ պարգևավճարները։

Միայն թե ինչ-որ չենք հիշում, որ քարոզարշավի ընթացքում Փաշինյանն ու իր թիմը, ճամարտակելով արդարության մասին, որևէ բան ասած լինեն պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ, խոստացած լինեն, թե՝ մեր աշխատավարձերը կբարձրացնենք, իսկ դուք, սիրելի հպարտ քաղաքացիներ, ինքներդ մտածեք, թե ինչպես գոյատևեք գների համատարած ու լուրջ աճի պայմաններում, ընտրելով՝ հաց ու պանիր գնել, թե՞ պանրի փոխարեն ավելի լավ է գնել որևէ հագուստ, անհրաժեշտ դեղորայքը գնել, թե՞ ընդունել դա մեկումեջ, վճարել կոմունալ պարտքերը, թե՞ գուցե ավելի լավ է վարկերը մարել...

Դեռևս 2020թ. հունվարին Կապանում տեղի ունեցած վերջին բազմաժամյա մեծ ասուլիսի ընթացքում Փաշինյանը վրդովվում էր, որ այնպիսի դրական փաստը, ինչպիսին պարգևավճարներն են և նախարարների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բազմապատիկ բարձրացումը, ինչը իր կառավարության հարյուր նվաճումներից մեկն է, բացասական լույսի ներքո է ներկայացվում այդ քայլի ողջ հեղափոխականությունը չհասկացող ոմանց կողմից։ «Պաշտոնյաների աշխատավարձերի հարցը լուծվել է, որպեսզի նրանք 100 տոկոսով կենտրոնանան Հայաստանի քաղաքացիների, ժողովրդի կարիքները հոգալու վրա»,- ասաց այն ժամանակ Փաշինյանը: Սակայն առ այսօր չի երևում, որ պաշտոնյաները կենտրոնացած լինեն քաղաքացիների կարիքները հոգալու վրա. առայժմ նրանք կենտրոնացած են միայն սեփական անձի վրա։ Ահավասիկ վերջերս իշխանության խմբակցության պատգամավորները հնգապատիկ բարձրացրեցին պատգամավորական ծախսերի փոխհատուցման համար իրենց՝ սեփական սիրելի անձին տրվող հավելավճարները. 50 հազարից մինչև 250 հազար դրամի։ Եվ նույնիսկ չամաչեցին։ Եթե հաշվի առնենք, որ միայն, մեղմ ասած, սակավաթիվ պատգամավորներ են զբաղվում որևէ այլ բանով, բացի կոճակ սեղմելուց, ծավալում գործունեություն, որը լրացուցիչ ծախսերի կարիք ունի։

Աշխատավարձերի այդ բարձրացման, կարելի է համարել՝  վիթխարի ինդեքսավորման ողջ ցինիզմը, ընդ որում՝ գների աճի խորապատկերին, է՛լ ավելի ակնհայտ է դառնում, եթե հիշենք, որ մայիսին Տիգրան Ուրիխանյանը նույն այդ խորհրդարանին ներկայացրեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով առաջարկվում էր պատգամավորական ծախսերի փոխհատուցման համար տրվող այդ լրացուցիչ 50 հազար դրամը փոխանցել հաշմանդամություն ստացած զինծառայողներին։

Հենց պատգամավորներն են իրավունքի ուժով պարտավոր կիսել իրենց լրացուցիչ եկամուտների այդ մասը Արցախյան վերջին պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողների հետ, ասաց այն ժամանակ Ուրիխանյանը, նշելով, որ պատգամավորների կողմից դա նախևառաջ բարոյական քայլ է, իսկ առաջին կարգի 114 հաշմանդամների համար՝ որոշակի աջակցություն։ Ե՛վ կառավարությունը, և՛ իշխանական խմբակցությունը դեմ արտահայտվեցին, պատճառաբանելով, թե այդ 50 հազար դրամը մտնում է պատգամավորների աշխատավարձի մեջ, որը նրանց սեփականությունն է, և ավելի ճիշտ կլինի պարզապես չեղարկել այդ գումարի հատկացումը պատգամավորներին։ Հանգիստ խղճով դեմ քվեարկեցին ու ցրվեցին։ Իսկ երկու ամիս անց նույնքան հանգիստ խղճով իմքայլականները բերեցին մի օրինագիծ, որը ոչ թե չեղարկում է այդ 50 հազարի վճարումը, այլ ավելացնում հնգապատիկ։ Մայիսին առաջարկված բարոյական քայլը նրանք երկու ամիս անց պարզապես փոխարինեցին բարոյազուրկ արարքով, ամենևին չմտահոգվելով բարոյականության ու անբարոյականության մասին։ Իսկ նախագծի հեղինակը հարցազրույց տալով ցինիկաբար հայտարարեց, թե հաջորդ ընտրություններում մեր քաղաքացիներն իրենց ձայներով ցույց կտան, թե որքանով են գոհ կամ դժգոհ այդ քայլից

Վաղը Երևանի ավագանու խորհրդի արտահերթ նիստում քննարկվելու է քաղաքապետարանի և թաղապետարանների պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հարցը։ Սա, ի դեպ, նույնպես Փաշինյանի ցանկություններից մեկն է։ «Եթե քաղաքապետի և նրա տեղակալների աշխատավարձերի բարձրացումը կառավարության իրավասության մեջ լիներ, ես առանց վարանելու կկայացնեի այդպիսի որոշում: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս Երևանի ավագանին դա կանի, որովհետև քաղաքապետի ու իր տեղակալների աշխատանքն արժանի է դրան»:

Ըստ օրինագծի, գործող աշխատավարձերը չեն արտացոլում աշխատաշուկայի իրական պատկերը, հաշվի չեն առնում գնաճը և խրտնեցնում են պրոֆեսիոնալ արժանի կադրերին։ Իսկ դրա համար առաջարկվում է բարձրացնել աշխատավարձերը՝ քաղաքապետից մինչև գործավար։ Օրինակ, քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամից կբարձրանա մինչեւ 1 մլն 320 հազար դրամի, նրա տեղակալներինը՝ 460 հազարից մինչև գրեթե 1 միլիոնի, նրա յոթ խորհրդականներինը՝ 220 հազարից մինչև 578 հազար դրամի, նրա չորս օգնականներինը՝ 246 հազարից 544 հազար դրամի, նրա երկու գործավարներինը՝ 260 հազարից մինչև 357 հազար դրամի։ Իսկ չէ ՞ որ դեռ կան օգնականներ, տեղակալների գործավարներ, բաժինների պետեր, նրանց տեղակալներ, գլխավոր մասնագետներ, մասնագետներ ըստ կատեգորիաների, կրկին գործավարներ, փորձագետներ, լուսապատճենող աշխատակիցներ (դե, չգիտեմ, թե ինչպես է կոչվում այդ «մասնագիտությունը»), վարորդներ, բանվորներ, տնտեսվար, պարետ, պահակ... Նրանց բոլորի աշխատավարձերը նույնպես կբարձրացնեն բազմապատիկ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն հայտարարել է, թե կհրաժարվի իր աշխատավարձի ավելացումից։ Բայց դա իրականության հետ ոչ մի կապ չունեցող քնարերգական զեղում է։ Իսկ իրականությունն այն է, որ գների դրակոնյան աճի խորապատկերին իշխանության մտքով անգամ չանցավ ինդեքսավորել մշակույթի, կրթության, առողջապահության ոլորտների աշխատողների աշխատավարձերը, չենք խոսում արդեն դրույքը մի քանի անգամ բարձրացնելու մասին։ Իրականությունն այն է, ինչը Նիկոլ Փաշինյանը քննադատում էր ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ, խոսելով, օրինակ, Կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձերի մասին. ղեկավարությունից մինչև հավաքարար ու պահակ։ Կենտրոնական բանկը ասես առանձին պետություն լինի, որտեղ մարդիկ, թողնելով իրենց աշխատանքը, ուզում են տեղավորվել գոնե որպես հավաքարար, դեռ մի քանի տարի առաջ քննադատում էր Փաշինյանը։ Իսկ այսօր նրա մատուցմամբ, թույլտվությամբ, հրահանգով (քանզի մեր երկրում ամեն ինչ վճռում է մեկ անձանավորություն) դեռևս պետություն կոչվող Հայաստանի Հանրապետությունում ի լրումն ԿԲ-ի ստեղծվում են նաև այլ առանձին պետություններ՝ ԱԺ-ի, քաղաքապետարանի տեսքով։

Հաջորդը, դատելով ամենից, լինելու է կառավարությունը։ Պետք է, չէ՞, օրինականացնել վերջապես նախարարների, նրանց տեղակալների, բաժինների պետերի և այլ պաշտոնյաների աստղաբաշխական պարգևավճարները։ Ճիշտ է, այստեղ արդեն առանց խորհրդարանի գործը գլուխ չի գա։ Բայց կասկած չունենք, որ 8-րդ գումարման խորհրդարանի իշխող խմբակցությունը լրիվ կազմով, իսպառ անտեսելով պարկեշտությունը, կճնշի մեծամասնությամբ…