ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՇՓՄԱՆ ԳԾԻ» ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

Բռնազավթման թեժ փուլ, թե՞ նախապատրաստում մոսկովյան բանակցություններին

Մայիսի 12-ից ի վեր ընդդիմությունն ամեն օր խոսել է այն մասին, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բռնազավթումը սպառնում է տարածքային և մարդկային նոր կորուստներով։ Ավելի քան երկու ամիս շարունակ կապիտուլյանտի լուռ թողտվությամբ այդ մարզերում ադրբեջանցիներն իրականացրել են դիրքերի ամրապնդմանն ուղղված լայնածավալ շինարարական աշխատանքներ։

Ակնհայտ էր, որ այդ աշխատանքները տարվում էին ռազմական գործողությունների նկատառումով։ Բռնազավթման պայմաններում անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքում իշխանության վերադարձավ կապիտուլյանտի ռեժիմը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. նռնականետների և ականանետների կիրառմամբ բռնազավթման թեժ փուլի տեսքով։

Չի կարելի չհամաձայնել նրանց հետ, ովքեր այս օրերին ասել են, որ հուլիսի 28-ի լուսաբացին հայ զինվորների մահը նրանց խղճի վրա է, ովքեր հունիսի 20-ին քվեարկել են դավաճանի կուսակցության օգտին։ 6 ժամ շարունակ գնդակոծվել են հայկական դիրքերը, որքա՞ն կարող էին առաջ շարժվել զավթիչները, եթե չլիներ հայ զինվորականների դիմադրությունը։

Բազմիցս նշվել է, որ Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան համարժեք արձագանք չառաջացրեց քաղաքակիրթ հանրության շրջանում այն պատճառով, որ Փաշինյանը միտումնավոր կերպով փակուղի մտցրեց բանակցությունները, ինչն էլ ազատություն տվեց Բաքվի և Անկարայի ձեռքերին։ Իրավիճակը կրկնվում է, բայց արդեն Հայաստանի տարածքում։ Կապիտուլյանտի ռեժիմի մանկամիտ արձագանքը երկու մարզերի բռնազավթմանը հանգեցրեց նրան, որ ադրբեջանցիների զինված ներխուժումը աշխարհն ընկալեց որպես ինքնին հասկանալի մի բան։ Ողջամիտ ղեկավարությունը բռնազավթման դեպքում կահազանգեր ի լուր ամենքի, իսկ Փաշինյանն իրեն այլ կերպ պահեց. հանգիստ պատրաստվեց ընտրություններին և հունիսի 20-ին իշխանության ղեկին վերարտադրեց իրեն՝ սիրելիին, տևական խաղաղության խոստումով։ Նախընտրական քարոզչության ընթացքում կապիտուլյանտն իրեն այնպես էր պահում, ասես 100 տոկոսով համոզված էր, որ զավթիչների կողմից ռազմական գործողություններ չեն լինի

Նախընտրական քարոզչության շրջանում իշխանական քարոզչամեքենան ժողովրդին վախեցնում էր նրանով, թե ընդդիմության հաղթանակի դեպքում նոր պատերազմի հավանականությունը մեծ է։ Ինչպես տեսնում ենք, նոր պատերազմն արդեն սկսվել է։ Ընդ որում՝ սկսվել կապիտուլյանտի թողտվությամբ։ Կան բազմաթիվ փաստեր, որոնք հաստատում են, որ Փաշինյանը տեղյակ էր Հայաստանի տարածքում պատրաստվող մարտական գործողությունների մասին։ Ոչ ոք չի համարձակվի հերքել այն վարկածը, որ բռնազավթման թեժ փուլը հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո սկսվել է ոչ այլ կերպ, քան Նիկոլի հետ պայմանավորվածության համաձայն, որն ուղիղ կապի մեջ է Ալիևի հետ։ Դուշանբեում տխրահռչակ վերելակային պայմանավորվածությունների ընթացքում (2018թ. սեպտեմբերի 28) Նիկոլը, ինչպես հայտնի է, Ալիևից ժամանակ էր խնդրել դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություններն անցկացնելու համար։ Մի՞թե կարծում եք, թե նա համանման խնդրանքով չէր դիմի Ալիևին հունիսի 20-ի ընտրությունների վերաբերյալ։

Թշնամու «ելման դիրքերը» Հայաստանի տարածքում են

Երեք զոհերի մասին տեղեկատվությունից հետո հայտնվեց ՊՆ-ի հաղորդագրությունը, թե հակառակորդը հետ է շպրտվել «ելման դիրքեր»: Խոսքը մայիսի 12-ին հայկական տարածքի բռնազավթման արդյունքում գրավված դիրքերի մասին է։ Այսօր արդեն ակնհայտ է, որ ադրբեջանցիներն այդ դիրքերից ոչ մի տեղ չեն հեռանա։

Այն, ինչ սկսվել Է հուլիսի վերջին օրերին, երկու մարզերի բռնազավթման թողտվության հետևանքն է։ Ավելի քան 2 ամիս կապիտուլյանտի ռեժիմը ձևացնում էր, թե ոչինչ տեղի չի ունենում, իսկ հուլիսի 28-ին ՊՆ հաղորդագրություններում հայտնվեց «շփման գիծ» սահմանումը, որի առնչությամբ ասվեց, թե այն չի փոխվել։ Ի՞նչ «շփման գծի» մասին կարող է խոսք լինել ինքնիշխան պետության տարածքում։ Ո՞վ և ո՞ւմ հետ է «շփվում» ինքնիշխան երկրի տարածքում։ Շփման գիծ կար Արցախում, Հայաստանի տարածքում նման գծեր լինել չեն կարող, եթե, իհարկե, կապիտուլյանտը սեպարատ համաձայնություններ չի կնքել Ալիևի հետ՝ գրավյալ տարածքների հանձնման վերաբերյալ։

Այն, որ հասարակության մտածող մասը չի վստահում ՊՆ-ի տեղեկատվությանը և Արծրուն Հովհաննիսյանի հաղորդագրություններին, հանրահայտ է։ Հարկ է հիշեցնել, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո սույն պարոնը ի արդարացում իրեն հայտարարեց, թե մարտական գործողությունների գոտում իրական վիճակի մասին հանրությանն ապատեղեկացրել է՝ կարդալով ՊՆ ամփոփագրերը։ Իսկ ո՞վ էր նրան նյութեր տրամադրել Կութ համայնքի շրջակայքից ֆեյսբուքյան եթեր մտնելու համար։ Ո՞վ է այսօր տեղեկացնում (ապատեղեկացնում) հասարակությանը «տեղային» փոխհրաձգությունների «իրական» պատճառների մասին, թե իբր՝ ողջ խնդիրը մոսկովյան բանակցություններից առաջ դիրքերն ամրապնդելու Ադրբեջանի փորձերն են։ Բոլորը կրկնում են այդ խոսքերը մանտրայի պես, ոչ մեկի մտքով չի անցնում, որ «դիրքերն ամրացնել» կարելի էր և առանց հայկական դիրքերի վրա 6-ժամյա գրոհի՝ նռնականետների և ականանետների կիրառմամբ։

Չկա պետությունը՝ չկա խնդի՞րը

Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ բռնազավթված տարածքում ագրեսիվ գործողությունների իրական պատճառն այդ բանակցություններից շատ ավելի հեռուն է գնում։ Ո՞վ կարող է վստահորեն ասել, թե որքան առաջ կշարժվեին զավթիչները, եթե չլիներ հայ զինվորականների դիմադրությունը։ Ալիևը, ինչպես հայտնի է, Փաշինյանին անվանել է «հարբած ծաղրածու»։

Ավա՜ղ, այդ «ծաղրածուն» իրեն վերադարձրեց իշխանության բոլոր գերարտոնությունները արտահերթ ընտրությունների արդյունքում, որոնք անցան համատարած խախտումներով։ «Ծաղրածուն» խոստացել է նաև խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, ուրեմն ինչո՞ւ բռնազավթիչները հարձակման անցան։ ՊՆ-ի վարկածով՝ նրանց նպատակը դիրքերի ամրապնդումն է, այլ վարկածներով՝ առաջխաղացումը դեպի Հայաստանի տարածքի խորք։ Ինչքան որ հնարավոր լինի, կոտրելով դիմադրությունը

Ի՞նչ է սպասելի ներկա իրավիճակից, երբ թշնամին Հայաստանի մայրաքաղաքից երկու քայլի վրա է։ Ի՞նչ արժեք ունեն սրացումն առաջիկա բանակցություններով պատճառաբանելու իշխանության փորձերը։ Խոսքը, հիշեցնեմ, այն իշխանության մասին է, որն ընդունակ է միայն կապիտուլյացիայի։ Եվ ուրեմն մեզանից յուրաքանչյուրն ունի բոլոր հնարավորությունները՝ առավոտյան արթնանալու գրավյալ քաղաքում, չէ՞ որ Նիկոլը չի կռվի, օրինակ, յուրաքանչյուր Նորքի զանգվածի համար. հրե՛ն քանիսն են դրանք։

Մայիսի 12-ից հետո իշխանությունը ոչ մի անգամ չի հրապարակել ադրբեջանցիների իրական թիվը Հայաստանի տարածքում։ Իրականանում են ամենահոռետեսական կանխատեսումներն այն մասին, որ պատերազմը հետապնդում է երկրի տոտալ բռնազավթման նպատակ։ Չկա պետությունը՝ չկա խնդիրը։ Համաշխարհային հանրությունն առանձնապես չի վշտանա այն երկրի համար, որի ժողովուրդն արտահերթ ընտրություններում ընտրեց Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը հանձնած և հազարավոր հայ զինվորների անխուսափելի մահվան ուղարկված մարդու կուսակցությանը։ Հրադադարի մասին Մոսկվայի նախաձեռնությունը կարող է ժամանակավոր բնույթ կրել։ Մարտական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի, նույնիսկ եռակողմ բանակցությունների ընթացքում...

Մինչ ընթանում էին տեղային նշանակության մարտերը, իշխանությունը ոչինչ չէր ձեռնարկում։ Փաշինյանը, որն ամեն առիթով ու առանց առիթի դիմում է ժողովրդին ուղիղ եթերում, բերանը ջուր էր առել։

Սեպտեմբերի 16-ին Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահի լիազորությունները

Շոյգուի հետ Կարապետյանի բանակցությունների մասին հայտնի էր լոկ այն, որ դրանք ընթանում էին փակ դռների հետևում։

Հենց որ գնդակոծությունները դադարեցվեցին ռուս խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնվեց Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը և խոսքի մեջ արձանագրեց, թե ՀԱՊԿ մանդատն իրեն չի արդարացնում, Մոսկվայի միջնորդությունը կարող է լոկ ժամանակավորապես կասեցնել Ադրբեջանի ագրեսիան, ուստի պետք է անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ֆրանսիայի կառավարությանը:

Նրանից անմիջապես հետո ելույթ ունեցավ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, հիշեցնելով, որ Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական տարբեր դաշինքների անդամներ են, իսկ արդեն նրանից հետո եթերում հայտնվեց խորհրդարանի ապագա փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա հաղորդեց, որ Հայաստանը մտադիր չէ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և պատճառաբանեց դա նրանով, որ մեր երկրի դիմումով ՀԱՊԿ-ում մայիսի 12-ից ընթանում է ինչ-որ գործընթաց:

Այն մասին, թե ինչ հոդվածով է Հայաստանի ղեկավարությունը դիմել ՀԱՊԿ-ին, շատ է խոսվել, ուստի կրկնելն անիմաստ է։ Բացի այդ, Ռուբինյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 16-ից Հայաստանն ընդունելու է ՀԱՊԿ նախագահի լիազորությունները: Իշխանության շահերը սպասարկող մեկ այլ ալիքով «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը նախօրեին հայտարարեց, որ Փաշինյանի կառավարությունը չպետք է հրաժարվի «Բայրաքթարների» դեմ ֆրանսիական կայանքներ ձեռք բերելուց, քանի որ Ռուսաստանը նման սարքավորումներ չունի։