ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆԱՆՈՒՆ, ՈՄԱՆՔ ԷԼ՝ ԱՆԹԱՂ
Ե՛ւ առաջին արցախյան պատերազմում, ե՛ւ ապրիլյան քառօրյա մարտերում մենք ունեինք հերոսներ, որոնց ճանաչում էինք անվանապես։ 1990-ականների երկրորդ կեսի և 2000-ականների սերունդն, օրինակ, մեծացավ առաջին արցախյան պատերազմի հերոսների օրինակով։ Այդ հերոսները ե՛ւ զոհված ազատամարտիկներն էին, ե՛ւ մեր կողքին ապրողները։
Միգուցե զոհվածների անվան շուրջ խտացված լեգենդներ կային, սխրանքների ուռճացված պատմություններ ու հանիրավի ստացած շքանշաններ, բայց նրանց հանդեպ պատկառանք կար։ Միգուցե պատերազմի կենդանի վկաներից ոմանց հետագա վարքը խիստ անընդունելի էր, անգամ՝ զազրելի, միևնույն է՝ անկախ ամեն ինչից՝ նրանց մարտական ծառայությունները դրանից չէին նսեմանում։
Այսօրվա ուսանողությունն ու երիտասարդությունը մեծացավ նաև իր սերնդակից հերոսների՝ 2016-ի ապրիլյան քառօրյա մարտերի մասնակիցների օրինակով։ Շատերն այսօր գիտեն նրանց անունները, քաղաքի տարբեր մասերում՝ շենքերի պատերին, մենք տեսնում ենք Արմենակ Ուրֆանյանի, Բենիամին Եղոյանի, Ալեքսան Առաքելյանի, Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, քառօրյայի մյուս նահատակների մեծադիր դիմապատկերները։
Երկու սերունդ հանվանե գիտեր իր սերնդակից հերոսներին և հասցրել էր իր մտապատկերում կերտել նրանցից յուրաքանչյուրի կերպարը՝ մի Մոնթե, մի Կյաժ, մի Լեոնիդ, մի Շահեն մտքում ունենալով։
2020-ի պատերազմում մեր հազարավոր զոհերի անունների մի էական մասն առայսօր հրապարակված չէ, թեև պատերազմի ավարտից անցել է մոտ ինը ամիս։ Ավելին՝ մենք դեռևս մեր զոհերի վերջնական թիվը չգիտենք։ Առայսօր հրապարակվել է մոտ 3000 անուն, այսինքն՝ առնվազն երկու հազար անուն հրապարակված չէ, ընդ որում՝ ցուցակներում, որպես կանոն, բավական հաճախ անճշտություններ էին լինում։ Զոհերի իրական թվի մասին մոտավոր պատկերացում կարելի է կազմել՝ նկատի ունենալով ոչ միայն Եռաբլուրի և Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի հազարավոր նոր շիրիմները, այլև Հայաստանի ցանկացած, անգամ ամենափոքր գյուղի գերեզմանոցում թարմ շիրմաթմբերը եռագույն դրոշի տակ։
Վերջին անգամ Արցախի ՊԲ-ն զոհերի անվանացանկը հաղորդել է այս տարվա ապրիլի 16-ին։ Ներքին տեղեկատվական շրջափակման այս պայմաններում լրատվամիջոցներն իրենք էին սեփական ուժերով փորձում ճշտել մեր զոհերի անունները։ «Ռազմինֆոն», օրինակ, պարբերաբար հաղորդում էր պաշտոնական ցուցակներից դուրս մնացած հարյուրավոր զոհերի անունները, վերջերս էլ հաշվարկեց, որ նոյեմբերի 11-ից հետո հայկական կողմն ունեցել է առնվազն 66 զոհ։ Ի վերջո, պատերազմի ավարտից ինը ամիս անց ամեն օր Արցախի զավթված շրջաններում մեր տղաների նորանոր աճյուններ են գտնում։
Պատերազմի օրերին ռազմական դրության կարգավորումներով իշխանությունը լրատվամիջոցներին արգելել էր լուսաբանել զոհերի հոգեհանգիստները և հուղարկավորությունները, զրուցել նրանց հարազատների հետ, արգելված էր անգամ ներկայացնել զոհերի սխրանքների մանրամասները։
Պատերազմի ամենաթեժ փուլում շռայլորեն բաժանվում էին Արցախի հերոսի և Հայաստանի ազգային հերոսի կոչումներ։ Հատկապես Արցախի հերոսի կոչումը պատերազմից հետո բաժանվում էր ուղղակի զանգվածաբար, շատ հաճախ՝ անհասկանալի հանգամանքներում, առանց հիմնավորման, թե ինչու են հազարավոր նահատակների շարքում հենց այդ մարդիկ նման պատվի արժանանում։
Պատերազմի օրերին Հայաստանի ազգային հերոսի կոչում ստացողների շարքում էին, օրինակ, ներկայումս արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։ Շատ հետաքրքրական է՝ այդ ի՞նչ արժանիքների համար են նրանք ստացել այդ բացառիկ կոչումը, ի՞նչ մեծագույն ծառայություն են մատուցել հայրենիքին մի պատերազմում, որում մենք պարտվեցինք։