ԵԿԵԼ Է ԱԶԳԱԴԱՎ ՔԱՅԼԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ. ԱԳՆ-Ը ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲՌԻ ՄԵՋ Է
Ուղիղ 2 ամիս առաջ՝ մայիսի 31-ին, հրաժեշտ տալով իր գործընկերներին, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիվանագետի համար բավականաչափ թափանցիկ ակնարկեց իր հեռանալու պատճառների մասին։ «Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահերի դեմ են եղել»,-ասաց նա։ Նախարարից հետո հեռացան նաև նրա տեղակալները, և այդ օրվանից ի վեր տվյալ առանցքային կառույցը աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակում գտնվող Հայաստանում փաստացի կաթվածահար վիճակում է։
Այն ժամանակ, մայիսի վերջին, փորձագետները նշում էին, որ Այվազյանը հեռացավ հայ-ադրբեջանական սահմանի գծանշման և սահմանազատման փաստաթղթի նախապատրաստման խորապատկերին, ինչն ամենայն հավանականությամբ ենթադրում է հենց այն «ցավոտ լուծումները», որոնց մասին ակնարկեց Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանակ: Այսօր բազմաթիվ փորձագետներ գործնականում վստահ են, որ այդ փաստաթուղթն արդեն ստորագրված է, և սահմանի վրա ընթացող ահագնացումը կոչված է համոզելու երկրի քաղաքացիներին, թե անհրաժեշտ է տարածքային նոր զիջումներ անել Ադրբեջանին։ Մեծագույն հավանականությամբ կարելի է պնդել, որ եկել է ժամանակը՝ իրականացնելու «մեր ազգային և պետական շահերի դեմ ուղղված գաղափարները, նախաձեռնությունները», որոնց մասին խոսում էր նախկին նախարարը։
Անշուշտ, այս պայմաններում Փաշինյանին առավել քան ձեռնտու է ունենալ հենց այսպիսի ԱԳՆ. գլխատված, ապակազմակերպված ու զրկված մի ամբողջ խումբ փորձառու դիվանագետներից։ Եվ այդ տեսանկյունից հասկանալի է, որ հենց այս գերատեսչության ղեկավարի հարցն է առավելագույն գլխացավանք դարձել ապագա կառավարության ձևավորման գործընթացում։ Մանավանդ որ, ըստ մամուլի հրապարակումների, ԱԳՆ-ում շարունակվում է խմորումը, դժգոհությունն ու պրոֆեսիոնալ կադրերի արտահոսքը։ Զարմանալի չէ, որ Արմեն Գրիգորյանին նշանակելով առաջին տեղակալ, ընդ որում որոշ տվյալներով՝ նախարարի պաշտոնում նշանակման հեռանկարով, այդ միտումները լոկ ուժգնացել են։ Տվյալ գերատեսչությունն իր սպեցիֆիկայի բերումով միշտ սուր է արձագանքել «օտարների» ներկայությանը կառույցում, առավելևս՝ դրա ղեկավար կազմում. այնտեղ միշտ փորձել են պահպանել ծառայողական աստիճանակարգի և ռոտացիայի չգրված կանոնները:
Սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունների համար այդ ամենը, ինչպեսև ժամանակով ու փորձով ստուգված շատ այլ բաներ, ոչ մի նշանակություն չունի։ Փաշինյանի համար հիմա գլխավորը սեփական պայմանավորվածությունների անվերապահ կատարումն ապահովելն է առանց որևէ գլխացավանքի՝ ի դեմս «մեր ազգային և պետական շահերի դեմ ուղղված գաղափարներին ու նախաձեռնություններին» դիմադրել փորձող պրոֆեսիոնալների։ Բնավ պատահական չէ, որ նախարարի պաշտոնի համար կապիտուլյանտի կողմից դիտարկվող թեկնածուները, որոնց անունները նշվել են մամուլում, ոչ մի ընդհանուր բան չունեն դիվանագիտության հետ, փոխարենը՝ Փաշինյանի մերձավոր շրջապատից են։
Արարատ Միրզոյանը, որին իշխանությունները փորձում էին «տեղավորել» որևէ պաշտոնում, ըստ լուրերի, ինքն է հրաժարվել։ Մհեր Գրիգորյանը, ԶԼՄ-ների հավաստմամբ, նույնպես հրաժարվել է պատվաբեր, բայց ակնհայտորեն բազում խնդիրներով հղի նշանակումից՝ գերադասելով փոխվարչապետի «ապաքաղաքական» պաշտոնը։ Ռուբեն Ռուբինյանն էլ «չի ձգել». հավանաբար, այդ անխելահասի բազմաթիվ ձախողումները նույնիսկ Փաշինյանին են ստիպել հրաժարվել այդ մտքից։ Թեև, մյուս կողմից, եթե անգլերենի ուսուցչուհին կարող է առանց համապատասխան կրթության, փորձի և պատրաստականության դեսպան նշանակվել կարևորագույն երկրում՝ ԱՄՆ-ում, ապա ինչո՞ւ Ռուբինյանը չի կարող նախարար լինել Փաշինյանի կառավարությունում։
Հարկ է նշել, որ Հայաստանի անկախության տարիների ընթացքում, հատկապես առաջին նախագահի հեռանալուց հետո, արտաքին գործերի նախարարի պաշտոնի թեկնածությունը պարտադիր կարգով համաձայնեցվել է առաջին հերթին Մոսկվայի ու Վաշինգտոնի հետ և պետք է բավարարեր երկու աշխարհաքաղաքական կենտրոններին: Այս տեսանկյունից նույնպես Փաշինյանի համար շատ բարդ է ընտրություն կատարելը, քանի որ նրա շրջապատը գրեթե ամբողջությամբ բաղկացած է իմաստությամբ ու գիտելիքներով չծանրաբեռնված արևմտամետ երիտասարդներից։ Եվ եթե սորոսական Արմեն Գրիգորյանը առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է նախարարի աթոռը զբաղեցնելու հեռանկարով, ապա դա, ըստ էության, Ռուսաստանի բոստանը նետվող նույնիսկ ոչ թե քար է, այլ ժայռաբեկոր։ Տվյալ գործչի մասնագիտական պատրաստվածության, մտավոր ունակությունների և ինտելեկտի մասին, որոնք վառ դրսևորվեցին ԱԽ քարտուղարի պաշտոնում, պարզապես կլռեմ։
Սակայն նույնիսկ դա արդեն այդքան էլ կարևոր չէ նախանշվող «ցավոտ լուծումների» խորապատկերին։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձի համար գլխավորն իր պարտավորությունները կատարելն է արդեն բուն Հայաստանի համատեքստում՝ հուսալի թիկունք ունենալով ի դեմս ԱԳՆ ղեկավարության։ Արտաքին քաղաքական կառույցի փլուզումն իրականացվում էր, պետք է ընդունել, հետևողականորեն ու նպատակաուղղված, որպեսզի անհրաժեշտ պահին ոչ ոք չկարողանա խանգարել կամ, Այվազյանի պես, նույնիսկ ակնարկել երկրի կենսական շահերին հակասող որոշումների մասին։ Եվ եթե Արցախի տարածքները հանձնելուց հետո ԱԳՆ-ում խուլ դժգոհություն էր տիրում, որն արտահայտվում էր «հրաժարականների շքերթով», ապա հիմա դա հազիվ թե հնարավոր լինի. «ըմբոստները» հեռացել են, իսկ մնացածներն ակնհայտորեն փորձում են զսպել դժգոհությունը, երկրի շահերից առավել գերադասելով սեփական կարիերայի շարունակությունն անդեմ, հեղհեղուկ, տկարամիտի կողմից ղեկավարվող և կապիտուլյատին լիովին հնազանդ նախարարությունում։
Եվ այս ամենը՝ տարածաշրջանում դիվանագիտական գործընթացների թափ առնող ակտիվացման և հայկական դիվանագիտության առջև ծառացած աննախադեպ կարևոր մարտահրավերների պայմաններում։ Դժվար չէ ենթադրել, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացում նույնպես, որն անխուսափելիորեն վերսկսվելու է, անկախ այն բանից, թե ինչ կճամարտակի այնտեղ Բաքվի սուլթանը, Փաշինյանին պետք է իր կողմից լիովին վերահսկվող բանակցող: Կարելի է ասել՝ զուտ ձևական, քանի որ այս հարցում էլ Նիկոլը դեռ պարտավորություններ ունի թուրքերի ու արտաքին խաղացողների նկատմամբ, առաջին հերթին՝ Արցախի կարգավիճակի համատեքստում։ Այդ պարտավորությունները, դատելով ամենից, նույնպես տեղավորվում են «ցավոտ», հայոց պետականության շահերին հակասող «գաղափարների և նախաձեռնությունների» տրամաբանության մեջ։
Փաշինյանին պետք է մեկ բան. որ բոլոր որոշումներն ինքը կայացնի միանձնյա, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության ոլորտում։ Որպեսզի ամեն ինչ ծածկադմփոց լինի, և ինքը կարողանա գլուխ բերել այն, ինչը պետք է ուրիշներին, բայց բնավ ոչ Հայաստանին ու Արցախին։ Այս իմաստով ԱԳՆ-ում կատարված ու կատարվող ամենը մի գործընթաց է, որը լիովին տեղավորվում է ազգային շահերի դավաճանության քաղաքականության հունի մեջ։ Հայկական պետականության կազմաքանդումը դուրս է գալիս վերջնագիծ, և դիվանագիտական կառույցի միտումնավոր փլուզումը՝ տարածաշրջանի ակտիվ աշխարհաքաղաքական վերաձևման շրջանում նրան խաղից իսպառ դուրս բերելու նպատակով, դրա հերթական, իսկ գուցեև լավագույն ապացույցն է։