ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻԲՐև ԲԱՑԱԿԱ ԿԱՏԵԳՈՐԻԱ
2018-ին իշխանության նախընտրական խոստումների շարքում առանձնանում էին Հայաստանի ինքնիշխանության որակական բարձրացման, դրա պատմական մաքսիմումի, արտաքին եւ ներքին լեգիտիմության մասին դրույթները։ Այս ընտրարշավին այդ թեմայով հռետորիկան հասկանալիորեն ավելի համեստ էր, բայց անգամ այդ պարագայում իմքայլականները չէին զլանում որեւէ նախկին իշխանության պաշտոնավարման համեմատությամբ իրենց առաջնորդին վերագրել ինքնիշխանության մտացածին թեզը։
Այդ փորձերը, սակայն, խղճուկ են եւ ծիծաղելի, քանի որ Հայաստանի ինքնիշխանությունն այսօր պատմական մինիմումի վրա է ոչ միայն Երրորդ հանրապետության, այլև նույնիսկ ուշ խորհրդային շրջանի համեմատությամբ, երբ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարներ Յակով Զարոբյանը, Անտոն Քոչինյանը եւ Կարեն Դեմիրճյանը կյանքի գնով հայանպաստ որոշումներ էին կորզում Կենտրոնից։
Մեր ինքնիշխանության ներկայիս մակարդակի մասին պատկերացում կազմելու համար բավական է արձանագրել միայն, որ Հայաստանն ի զորու չէ պաշտպանելու իր պետական սահմանը, բավարար կամք չունի՝ չեզոքացնելու ամիսներ շարունակ իր տարածքում գտնվող թշնամական զինուժին, փաստացի անպաշտպան է թողել նաեւ իր օդային սահմանները, վկան՝ Գեղարքունիքի մարզի խոր թիկունքում եւ ոչ թե անմիջապես սահմանագծի վրա խոցված թշնամական երեք ԱԹՍ-ները։
Հայաստանին միջազգայնորեն պարտադրվող սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներին եւս մենք, փաստացի, չենք մասնակցում, մեր սահմանները սեփական հայեցողությամբ գծում է բացառապես թշնամական զինուժը, լավագույն դեպքում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության մասնակցությամբ։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրված էր փոխլրացման կամ կոմպլեմենտարիզմի սկզբունքը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, երբ ՌԴ-Արեւմուտք հարաբերությունները ծայրաստիճան սրվեցին, որոշակի վարկանիշային զոհողությունների գնով, այնուամենայնիվ, հաջողվեց պայմանավորվել Եվրամիության հետ եւ նույնիսկ նրա հետ կնքել գործակցության մեծածավալ պայմանագիր՝ լինելով ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ։
Հայաստանն «Արեւելյան գործընկերության» երկրների շարքում, բացի Բելառուսից, միակն էր, որն ամբողջապես վերահսկում էր ոչ միայն սեփական տարածքը, այլեւ մեկ այլ, թեկուզ չճանաչված պետություն՝ Արցախի Հանրապետությունը։ ԱլԳ անդամ երեք երկիր՝ Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան, տարբեր ժամանակներում տարածքային կորուստներ ունեցան նախեւառաջ ՌԴ-ի դերն իրենց արտաքին քաղաքական օրակարգում թերագնահատելու պատճառով։ Այդ շարքում, փաստորեն, վերջին օղակը Հայաստանն էր։ Մենք այլևս չենք վերահսկում ո՛չ Արցախի եւ ո՛չ էլ նույնիսկ սեփական տարածքի մի մասը։
Ո՞րն է այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարը՝ իզմերի բացակայությո՞ւնը, ինչպես հռչակում էր Նիկոլ Փաշինյանը, թե՞ դեռեւս մինչեւ պատերազմը խորհրդարանի ամբիոնից հնչեցրած այն անհեթեթ միտքը, որ մենք ոչ թե փոփոխում ենք մեր արտաքին քաղաքականությունը, այլ նոր ենք ձեւավորում արտաքին քաղաքականություն։ Փաշինյանը դա ասում էր միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի անդամ, աշխարհի հարյուրավոր երկրների հետ տասնամյակների դիվանագիտական հարաբերություններ ունեցող եւ տասնյակ երկրներում դեսպանատներ բացած սեփական երկրի մասին։
Արժե պատկերացնել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների դեմքի արտահայտությունը նրա այդ ձեւակերպումը լսելիս։ Ի վերջո, արտաքին քաղաքականությունն ընդամենը միջոց է, ոչ թե նպատակ։ Այն միջոց է՝ ունենալու անվտանգ և կայուն զարգացող պետություն։
Բայց այսօր մեզ համոզում են, որ արտաքին քաղաքականությունը նպատակ է, որ, օրինակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող այցը Երեւան բեկումնային է։ Հարկ է հարց տալ՝ բացի սելֆիից, ողջագուրվելուց եւ արարողակարգային տարրերից՝ ի՞նչ է փոխելու այդ այցը, ինչպես եւ որևէ այլ օտարերկրացի պաշտոնյայի այց մեր երկիր։