Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է

Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Բաքվում հայ ռազմագերիներին պահելուն, նրանց հրապարակային կերպով դատելուն, գրում է.

«Ռազմագերիների հարցը միայն իրենց անձնական կամ նրանց ազգականների հարցը չէ, այն վաղուց արդեն միայն հումանիտար խնդիր էլ չէ, այն առավելապես մեր պետության միջազգային արժանապատվության, իսկ հետագայում նաև պատասխանատվության լրջագույն հիմնահարց է։ Այդ շինծու դատավարությունները թուրքը հետագայում ցանկացածի աչքն է կոխելու՝ որպես Հայաստանի ագրեսիան իբր դատական կարգով ապացուցված փաստի։

Եթե անգամ հնարավոր չէր բոլոր տեսակի բանակցությունները սառեցնել՝ ռազմագերիներին ազատ արձակելու առանցքային պայմանով, եթե անգամ հնարավոր չէր աննախադեպ մեծ քանակով  ռազմագերիների կեղծ դատավարություններում հայրենական փաստաբաններ ներգրավելը, ապա առնվազն հարկ էր (հիմա էլ ուշացած, բայց դեռ կարելի է) վարձել օտարերկրյա փաստաբաններ, որպեսզի այդ մարդիկ զգային ու զգան սեփական պետության կողմից տարրական պաշտպանության և առնվազն ուշադրության նշույլ, որպեսզի շուտափույթ բողոքարկվեն՝ այդ դատավճիռ կոչվածները, որպեսզի հնարավորինս արագ ՄԻԵԴ՝ արժանահավատ հիմքերով գանգատներ ներկայացվեն։

Դիտորդի անհաղորդ, անգլխացավանք և սոսկ դատարկ արդարացումներ մոգոնելու դերն ստանձնելը չի կարող կործանարար չլինել։ Սա այն եզակի հարցերից է, որը հուսալի լուծելու համար այլևս բավ է «սև» ու «սպիտակ», «նախկին» ու «ներկա», քրեական օրենքով հայհոյանքից իբր ապահովագրվելու վտանգավոր խաղերով տարվելը, ժամանակը չի սպասում, ախր տեսնում ենք իբր թարմացված «ներկա նախկիններին»։

Ռազմագերիները միայն խղճահարության թիրախ չեն, և էական էլ չէ, ներողամի՞տ են նրենց ծնողները,  «ըմբռնումո՞վ են» մոտենում եղելությանը, նրանց ուղղակի հավուր պատշաճի պաշտպանել է պետք, ինչն անհնարին չէ ...»։

Panorama.am