Համաձայն ենք ընդդիմադիր գործընկերների հետ և գործելու ենք միասնական. Արթուր Վանեցյան

ԱԺ նիստը նախագահողը ոչ թե առաջնորդվում է Սահմանադրությամբ և օրենքներով, այլ խնդրում է հարգել իր տարիքը և իրենից խոսք չպահանջել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ իրենք միացել են «Հայաստան» խմբակցության իրենց գործընկերներին և համաձայն են, որ պետք է ապահովել ազատությունից զրկված պատգամավորների ներկայությունը ԱԺ նիստին։

Հարցին՝ տեղի՞ն էին իշխանության պատճառաբանությունները, Արթուր Վանեցյանը նշեց, որ Սահմանադրության պահանջն այն է, որ ԱԺ պատգամավորը կարող է ազատությունից զրկվել բացառապես ԱԺ որոշմամբ։

«ԱԺ-ն ժողովրդի իշխանության կրողն է և ամենաբարձր իշխանություն կրողներին կարող են ազատությունից զրկել բացառապես ԱԺ թույլտվությամբ։ Եթե ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուին զրկել է անձեռնմխելիությունից կամ թույլատրել է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը, դա հիմք չէ, որ արդեն ընտրված պատգամավորը զրկված լինի ազատությունից։ Թող ԱԺ բերեն, նորից միջնորդություն ներկայացնեն և պահպանեն ՀՀ Սահմանադրությունը։ Եթե առաջին օրվանից խախտվում է Սահմանադրությունը, մեզ որևէ լավ տեղ սա չի տանում»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Վերջինս նշեց, որ այս հարցում համաձայն են ընդդիմադիր գործընկերների հետ և միասնական են գործելու։

Հարցին, թե ինչու՞ «Պատիվ ունեմ»-ը զիջեց և ԱԺ փոխնախագահըի թեկնածուն «Հայաստան» խմբակցությունից է լինելու, Արթուր Վանեցյանը նկատեց՝ ոչ թե զիջել են, այլ դա իրենց միասնական որոշումն է։