ԴԵԲՅՈՒՏ ԵՎ ԳԱՂԱՓԱՐ
8-րդ գումարման հայոց խորհրդարանի դեբյուտը հիշեցրեց մեծ կոմբինատորի դասախոսության թեզիսները «արդյունավետ դեբյուտային գաղափարի» մասին: Բենդերի վարկածով, հիշեցնեմ, «դեբյուտը, ընկերները, դա «քվազի ունա ֆանտազիան» է, իսկ գաղափարը, ընկերներ, դա մարդկային միտքն է՝ ամփոփված տրամաբանական շախմատային ձևի մեջ»:
Ահա ուրեմն, երկուշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում կար և՛ դեբյուտ, և՛ գաղափար։ Միայն թե «քվազի ունա ֆանտազիան» ուղիղ հակասության մեջ մտավ թեկուզև ոչ շախմատային, բայց տրամաբանական ձևի մեջ ամփոփված մարդկային մտքի հետ։ Ամբողջ օրը ընդդիմության պատգամավորները ապարդյուն փորձում էին նիստը վարող ամենից ավագ (թվում է՝ ամենից իմաստուն) պատգամավորի և խորհրդարանական մեծամասնության նրա գործընկերների ուղեղին հասցնել պարզ մարդկային միտքը. «Հայաստան» խմբակցության պատգամավորներից երկուսը, հակառակ օրենքների և Սահմանադրության, զրկված են ազատությունից՝ առանց խորհրդարանի համապատասխան որոշման: Նրանց անձեռնմխելիությունը ԿԸՀ որոշմամբ հաղթահարվել Է այն ժամանակ, երբ դեռ թեկնածուներ էին։ Բայց նույն ԿԸՀ-ն նրանց տրամադրել է մանդատներ, թեկնածուի կարգավիճակից փոխադրել պատգամավորի կարգավիճակի։ Իսկ պատգամավորական անձեռնմխելիությունը վերացվում է բացառապես ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ։ Այսինքն փաստացի օժտված լինելով անձեռնմխելիությամբ՝ այդ մարդիկ ապօրինաբար ազատազրկված են, և նոր խորհրդարանն այս պայմաններում պետք է նախևառաջ ապահովի գործընթացի օրինականությունը։ Անհասկանալի ի՞նչ կա այստեղ։
«Տրամաբանական ձևի մեջ ամփոփված» հաջորդ մարդկային միտքը վերաբերում էր ԱԺ նախագահի ընտրություններին։ Թեկնածուները պետք է ելույթ ունենան խորհրդարանում, պատասխանեն գործընկերների հարցերին, բայց ԱԺ նախագահի երեք թեկնածուներից երկուսը ապօրինի ազատազրկված են, ինչը, բնականաբար, աբսուրդ է։ Դահլիճում նրանց ներկայությունն ու ելույթը օրենսդրության անպայմանական պահանջն է, որը խախտելով՝ խորհրդարանը լեգիտիմությունից զրկում է և՛ խոսնակին, և՛ խոսնակի ընտրության գործընթացը։ Հետևաբար, խորհրդարանին անհրաժեշտ է ապահովել նրանց ներկայությունը քվեարկությունն սկսելուց առաջ։ Անհասկանալի ի՞նչ կա այստեղ։ Այդուհանդերձ ընդդիմության շարքերից գործնականում յուրաքանչյուր ելույթ ունեցողի կողմից տրամաբանական ձևի մեջ ամփոփված այդ մտքերը իշխանության խմբակցության կողմից կտրականապես մերժվում էին։ Նրանց ավելի շատ դուր է գալիս «քվազի ունա ֆանտազիան»։ Եվ այդ բարիքը, ինչպես պարզվեց, առավել քան շատ էր։ Լիառատ էր և՛ քվազին, և՛ ֆանտազիան։
Բուն այն փաստը, որ իշխանությունը հրաժարվեց ազատ արձակել կալանավորված պատգամավորներին, ոչ թե խորհրդարանի, այլ «քվազիխորհրդարանի» աշխատանքի մեկնարկի ապացույցն է, որն առաջնորդվում է ոչ թե իրավունքով, այլ «քվազիրավունքով»։ Իհարկե, այս իրավիճակում ԱԺ նախագահն ինքնաբերաբար դառնում է «քվազինախագահ» և, համապատասխանաբար, նրա տեղակալները՝ նույնպես: Իսկ բացի այդ, իշխանությունը մինչև նիստի սկսվելն ապահովեց պատգամավորների «քվազիանվտանգությունը»՝ նիստերի դահլիճի մուտքի մոտ տեղադրելով մետաղորսիչ։ Ֆանտազիայի առումով էլ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները սևերես չեղան՝ պատմելով իրենց կառուցողականության և ատելության մթնոլորտը բացառելու ցանկության մասին, ընդ որում դժգոհություններ ներկայացնելով ընդդիմադիր գործընկերներին, թե իբր՝ վերջիններս շոու են կազմակերպում։
8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքի ընդամենը մի քանի ժամերը ցույց տվեցին, թերևս, գլխավորը. ընդդիմությունը ստիպված է լինելու անընդհատ արտադրել տրամաբանական ձևի մեջ ամփոփված մարդկային միտք, որը կտրականապես մերժելու է «քվազիիշխանությունը»՝ իր «քվազիսկզբունքներով» և «ունա ֆանտազիայով»։ Սա ահռելի մարտահրավերների և ճակատագրական իրադարձությունների առջև կանգնած երկրի նոր խորհրդարանի դեբյուտից ստացած առաջին տպավորությունն էր։ Ավա՜ղ, ծանր տպավորություն։