ՄԵՂՐԻՆ ՄԻ ՕՐ ՊԱՅԹԵԼՈՒ Է ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Իշխանական և իշխանամերձ քաղաքական գործիչների մի խումբ կա, որն այսօր բառացիորեն իրականացնում և կամ արդարացնում է այն ամենը, ինչի համար վերջին երկու տասնամյակում շարունակաբար մեղադրել է նախկին իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն»,- հրաժարականի իր տեքստում ժամանակին ասում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ընտրություններից հետո, թերևս, քարերը հավաքելու ժամանակն է։

«Հողերը տարիներ առաջ էին ծախել» անհեթեթ եվ անբովանդակ թեզին զուգահեռ` այս ընտրարշավին ամենաշատը չարչրկված դրույթներից մեկը վերաբերում էր «Մեղրիի հանձնմանը»։ Զանգեզուրի միջանցքի կամ ճանապարհի բացման թեմայի շրջանակում իշխանական թիմը, հատելով ողջամտության բոլոր հնարավոր սահմանները, նույնիսկ Հայաստանի տարածքով թշնամուն հաղորդակցության ուղիներ տրամադրելն սկսեց արդարացնել նախկինում բանակցված, բայց երբևէ չվավերացված ինչ-որ փաստաթղթերով։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ժամանակին իբր Մեղրիի հանձնման մասին խոսակցությունները թեժ պահողը վերջին տարիներին պաշտպանության արդեն նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էր։ Հենց նա էր Սերժ Սարգսյանի իշխանավարման վերջին շրջանում իր բոլոր հարցազրույցներում պնդում, թե երկրորդ նախագահը 2001-ի Քի Վեսթի բանակցություններում մտադիր էր Մեղրին փոխանակել Լաչինի շրջանի հետ։

Արդյունքում՝ տևական մոռացումից հետո «ռեստորանային գեներալ» մականունն ստացած Վաղարշակ Հարությունյանի երկրորդ գալուստն այս իշխանության օրոք չուշացավ։ Նախ վերականգնվեց գեներալ-լեյտենանտի նրա կոչումը, որից Ռոբերտ Քոչարյանը նրան զրկել էր 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո բանակը փողոց հանելու համար, ապա և 44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ նա նշանակվեց վարչապետի խորհրդական։ Որպես պաշտպանության նախարար՝ Վաղարշակ Հարությունյանի ինչպես առաջին (1999-2000), այնպես էլ երկրորդ պաշտոնավարումը (2020-2021) տևեց ընդամենը մի քանի ամիս:

Իշխանական մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի վերանշանակվող նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս երկրորդ նախագահի կողմից Մեղրիի դավադիր հանձնման թեզի ակտիվ շրջանառողներից է։

Նախկին և ներկա այս պաշտոնյաների հանգերգին ձայնակցում է Սպարապետի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, որի հրապարակային ելույթները նախընտրական և հետընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանի անխնա քննադատության, հակառուսականության և իշխանության գովերգման միախառնում են։ Արամ Սարգսյանը զարմանալիորեն չի տեսնում կամ չնկատելու է տալիս, թե ովքեր են Մեղրին և Սյունիքի մյուս բնակավայրերը թշնամու առաջ անպաշտպան թողել, ավելին՝ պնդում է, թե սահմանային ամեն կրակոցից պետք չէ վայնասուն բարձրացնել։

Այս գործիչներից որեվէ մեկն, օրինակ, չի խոստովանում, որ Մեղրիի՝ որևէ այլ տարածքի հետ փոխանակման տարբերակը երբեք չի փաստաթղթավորվել, չի ձևակերպվել որպես կարգավորման տարբերակ, չի ներկայացվել միջնորդներին, այլ եղել է ամերիկյան մասնավոր նախաձեռնության արտահայտություն։ Ավելին՝ 2002-ից ի վեր ՀՀ որևէ բնակավայրի փոխանակման հետ կապված քննարկում նույնիսկ չի էլ բացվել, էլ ուր մնաց դրա գրավոր արձանագրումը։ Ի վերջո, հենց երկրորդ նախագահի օրոք՝ 2007-ի նոյեմբերին կնքված մադրիդյան սկզբունքներում Մեղրիի կամ ՀՀ տարածքի որևէ այլ բնակավայրի հետ կապված ոչ մի դրույթ չկա։

Փոխարենը՝ նոյեմբերյան եռակողմ պայմանագրով, թեև առանց Մեղրի և միջանցք բառերի, ըստ էության նախատեսվում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային հաղորդակցության հաստատում։ Սպարապետը, հավանաբար, նման որոշում կայացնողներին և այն արդարացնողներին նկատի ուներ, երբ ասում էր՝ «Ես ձեզանից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք»։ Այլ բան էլ էր ասում. «Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։