ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՆՈՐԵՐԸ» ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՐԿԱՌՈՒՆ «ՀՆԵՐՆ» ԵՆ

Այն մասին, որ Փաշինյանի կադրային «պահեստայինների նստարանը» բավական սահմանափակ է և հանգում է անձնապես իրեն նվիրված նույն մարդկանց վերադասավորմանը, պարզ էր ի սկզբանե։ Սակայն ներկայիս իշխող խմբակցության և կառավարության ձևավորումը վերջնականապես հստակություն մտցրեց ինչպես կադրային, այնպես էլ «նախկինների» և «ներկաների» հարցում։ Այն է՝ «նոր» դեմքեր նրա թիմում գործնականում չկան, փոխարենը ակտիվորեն վերադառնում են «նախկինները», մեկ վերապահումով. դրանք գրեթե բոլորը պատկանում են Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր զինակիցների թվին։

Երեք տարի առաջ, ձևավորելով իր թիմը, Փաշինյանն արդեն ընդգրկել էր այդտեղ լևոնական ՀԱԿ-ի մի քանի անդամների. Հովհաննես Իգիթյանին, Անդրանիկ Քոչարյանին և Վլադիմիր Կարապետյանին։ Վերջերս նրանց միացավ է՛լ ավելի խորշելի Գագիկ Ջհանգիրյանը։ Իսկ այժմ հհշականների շարքերը սրընթաց ընդարձակվում են, և նրանք սկսում են առանցքային դեր խաղալ խորհրդարանում ու կառավարությունում, թեկուզև անդրկուլիսային։ Ինչը բնավ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների շարքերը համալրել են այնպիսի ծանրքաշայիններ, ինչպիսիք են Խաչատուր Սուքիասյանն ու Վահագն Խաչատրյանը: Իսկ եթե նկատի առնենք, որ ԱԺ փոխխոսնակ Է դարձել Ռուբեն Ռուբինյանը՝ մեկ այլ հայտնի ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի որդին, իսկ իշխող խմբակցության կազմում կրկին ներկա է Ծովինար Վարդանյանը՝ Տեր-Պետրոսյանի օրոք տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Ժոկո մականունով Գևորգ Վարդանյանի դուստրը, ապա պատկերն ավելի ակնբախ է դառնում։

Ընդ որում, բնականաբար, ամենևին էլ բացառված չէ, որ վաղը ի հայտ կգան ՀՀՇ-ՀԱԿ-ի նաև այլ կարկառուն ներկայացուցիչներ, որոնց նույնպես, հավանաբար, պետք է վերջապես ինչ-որ կերպ խցկել «նորերի» մեջ։

Ավելին, խոսքը վերաբերում է ոչ միայն ծանոթ, այլև ՀՀՇ-ի դարաշրջանի երևելի և ծայրաստիճան խորշելի դեմքերին։ Խաչատուր Սուքիասյանին՝ Գռզոյին, որին վաղուց էին անվանում «թավշե հեղափոխության» հովանավորներից մեկը, դժվար թե հարկ կա ներկայացնել։ Մի ընտանիքի անդամ, ապա նաև ղեկավար, որը ՀՀՇ-ի օրոք դարձավ ապօրինի հարստացման խորհրդանիշներից մեկը՝ երկրի անխիղճ թալանի և իշխանության հետ հանցաշխարհի սերտաճման հաշվին, օգտվելով Տեր-Պետրոսյանի և Սիրադեղյանի հետ մտերմությամբ պայմանավորված ամենաթողությունից և գրոշներով գնելով հետխորհրդային Հայաստանի տարածքների, անշարժ գույքի և արտադրական հզորությունների գրեթե բոլոր համեղ պատառները։

Նույն դարաշրջանի և Տեր-Պետրոսյանի թիմի մյուս երևելի ներկայացուցիչը Վահագն Խաչատրյանն է։ 1992-1996 թվականներին Երևանի քաղաքապետի պաշտոնում.հենց նրա օրոք էր տեղի ունենում քաղաքի գործնական զավթումն այնպիսի քրեական օլիգարխների կողմից, ինչպիսիք Սուքիասյաններն էին, և ծաղկում էին աննախադեպ կոռուպցիան ու գանձագողությունը։ Հենց նա էր առաջին նախագահի տնտեսական քաղաքականության հեղինակներից մեկը, որի արդյունքները լավ հայտնի են, և բոլոր այս տարիներին մնացել է ԼՏՊ-ի մերձավոր զինակիցը։ «Կազմաքանդում» (պետության ապամոնտաժում) տերմինը ի հայտ է եկել ի թիվս ամենքի նաև «ականավոր» հհշական տնտեսագետ Խաչատրյանի ջանքերով։

Թե ինչ կապ ունի այդ «նախկինը» բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության հետ, հայտնի է թերևս միայն Փաշինյանին։ Այդ նշանակման կապակցությամբ արդեն տարակուսանք են արտահայտել Հայաստանի համար առանցքային ոլորտի ներկայացուցիչները։ Հասկանալի է, որ ինչպեսև մնացած բոլոր դեպքերում, գործել են միայնգամայն այլ չափորոշիչներ, քան պրոֆեսիոնալիզմն է, արդյունավետությունն ու օգտակարությունը երկրին։

Մասնագետների համար անհասկանալի, բայց «թավշե» գաղափարներին հավատարմության տրամաբանության մեջ լիովին տեղավորվող մեկ այլ նշանակում. արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Նախկին օմբուդսմենը, ընդ որում ՝ Հայաստանի Մարդու իրավունքների բոլոր չորս պաշտպաններից ամենից անդեմն ու անհաջողը, որը պաշտոնաթողությունից հետո նվազագույն ժողովրդականություն ու հեղինակություն է վայելել և հիշողության մեջ մնացել է թերևս միայն իշխանության առջև իր բացարձակ խոնարհումով։ Ու նաև առաջին օմբուդսմենից իրեն մնացած ժառանգության՝ ՄԻՊ ինստիտուտի ճիշտ դրված հիմքերի խարխլումով։ Թե ինչու է ընտրությունը կանգ առել այս «նախկինի» վրա, պարզ է դառնում հենց թեկուզ իր ֆեյսբուքյան էջից. Անդրեասյանն իր գրառումներում բառացիորեն թույն է շնչում ՀՀ նախկին իշխանությունների նկատմամբ։

Ինչ մակդիրներ ասես, որ չի գործածում նրանց հասցեին. «մաֆիա», «բանդա», «հանցավոր մնացուկներ» և այլն, ընդ որում լիովին աջակցելով «նորերին» անգամ ամենաանօրինական ու հակասահմանադրական գործողություններում։ Մինչդեռ խոսքը, հիշեցնեմ, իբր թե բարձր մակարդակի իրավաբանի մասին է։ Անդրեասյանը ոտնահարում է նույնիսկ էթիկական նորմերը, չխորշելով մեղադրանքներ ժայթքել իր իրավահաջորդի՝ փայլուն օմբուդսմեն Արման Թաթոյանի հասցեին, որի հեղինակությունն այսօրվա համարժեք Հայաստանում դժվար է համեմատել ցանկացած այլ հասարակական ու իրավապաշտպան գործչի հեղինակության հետ։ Համենայնդեպս ինքը՝ Անդրեասյանը նման վերաբերմունք երազում անգամ չի տեսել։ Այդչափ անմնացորդ և ցուցադրական «նվիրվածությունը» Փաշինյանին չէր կարող աննկատ մնալ և վերջապես պարգևատրվեց բարձր պաշտոնով։

Մի տեսակ անարդարացիորեն ուշադրությունից դուրս մնաց անկախ Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, որին վստահորեն կարելի է անվանել ռեկորդակիր՝ կուսակցական նախասիրությունների փոփոխման թվով։ Այդ քաղաքական փոխակերպուկը բոլոր նախկիններից էլ նախկին է, քանզի ժամանակին եղել է նույնիսկ կոմերիտական, հետո նաև կուսակցական ղեկավար, մշտապես որսալով, թե որտեղից է փչում քամին և յուրաժամանակ վերաորակավորվելով ռամկավարի, իսկ հետո՝ մոռացության գիրկն անցած Ազատական- առաջադիմական կուսակցության առաջնորդի։ Թե ինչն է ստիպել Փաշինյանին վերակենդանացնել այդ «նախկինին». քաղաքականության մեջ բացարձակ անսկզբունքայնությունն ու անխտրողությունը, թե՞ համերկրացի իջևանցի լինելու գործոնը, արդեն կարևոր չէ։

Նախկիններից, և առաջին հերթին՝ ՀՀՇ-ից նորերի «փոխ առած» մյուս կադրերի մասին ժամանակին բավական շատ է գրվել, կրկնելն անիմաստ է։ Նշենք միայն, որ ամեն ինչ միանգամայն բացատրելի կլիներ, եթե կադրային սովը Փաշինյանը լրացներ իրապես արդյունավետ պրոֆեսիոնալների հաշվին, անկախ քաղաքական ու կուսակցական նախապատվություններից կամ որևէ նախկին առաջնորդի հետ մտերմությունից։ Նման մոտեցումը կարելի էր միայն ողջունել՝ որպես պետության համար օգտակար և անհրաժեշտ։

Բայց նման բան չկա բացարձակապես։ Նիկոլի հեղափոխական զինակիցները ավելի քան երեք տարի շարունակ ապացուցել են իրենց մասնագիտական բացարձակ ապիկարությունը, երկրի ղեկավարման հարցում անկարողությունն ու ապաշնորհությունը։ Այն դյուրինությունը, որով նա իր կողմնակիցներին նետում է այս կամ այն բարձր պաշտոնի, առանց հաշվի առնելու մասնագիտացումն ու երեք տարվա անհաջող փորձը, լոկ է՛լ ավելի է ի ցույց դնում «թագավորի մերկությունը»։ Երկրի ղեկավարման գործում առկա խոր ճեղքերը լցնում են նախկիններից ոչ թե լավագույններով ու նույնիսկ ոչ միջակներով, այլ վատթարագույններով, քանզի կադրային քաղաքականության սկզբունքը մեկն է. անձնական նվիրվածություն, բարոյազրկություն և բացարձակ համաձայնություն Փաշինյանի բոլոր ծրագրերին ու մտադրություններին, ընդհուպ մինչև ամենազազրելիները։