Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱԶԱՏ ԵԼՈՒՄՈՒՏՆ

Առավել հակված եմ նրան, որ ռուս սահմանապահների ներկայությունը Ոսկեպարում կարող է ապահովել ադրբեջանցիների ազատ ելումուտն անկլավային կոչվող տարածքներ: Նման կարծիք News.am-ի հետ զրույցում հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Այլապես չկա այլ հիմնավոր պատճառ, որ ռուսական ռազմական ներկայացվածություն ապահովվեր այդտեղ, հնարավոր է՝ այդ գյուղերի անվտանգության ապահովման կամ հանձնման հարցերը լուծելու նպատակով է դա արվում»,- նկատեց փորձագետը:

Այս գործընթացը, Հովհաննիսյանի գնահատմամբ, փուլային բնույթ ունի, և որ առաջիկա 1-2 տարում հազիվ թե այդ խնդիրը որևէ ձևաչափով կարգավորի:

«Հայաստանը, կարծում եմ, զիջումների է գնացել՝ հաշվի առնելով վերջին շրջանում Գեղարքունիքի և Արարատի մարզերում համեմատաբար կայուն իրավիճակը»,- նշեց Հովհաննիսյանը:

Տեղի ունեցող գործընթացը, Հովհաննիսյանի կարծիքով, անմիջականորեն տվյալ բնակավայրերի, դրանց շուրջ հետագայում հավանական զարգացումների հետ է կապված:

«Հաջորդ փուլում, գուցե, նման գործընթացներ լինեն Արծվաշենում, ապա՝ Տիգրանաշենում, որին արդեն, հնարավոր է, հաջորդի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների փոխճանաչումը, որովհետև որոշ հատվածներում ադրբեջանցիներն են մեր տարածքում գտնվում, որոշ տեղերում մենք ենք նրանց տարածքում:

Կարծում եմ՝ կուլիսային պայմանավորվածություն կա, որի համաձայն՝ այսպիսի նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, որոնց հետագայում կարող են հաջորդել բուն զարգացումները»,- նկատեց ռազմական փորձագետը:

News.am