ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԹՇՆԱՄԻ

Ճակատագրի հեգնանքով՝ մամուլի և խոսքի ազատությունը սահմանափակող շարունակական օրինագծերը հեղինակում և դրանց ընդունումը կրծքով պաշտպանում են իշխանական այն պատգամավորները, որոնք նախկինում աշխատել են լրագրության ոլորտում։ Դժվար է նրանց լրագրող կոչել, քանի որ ճշմարիտ լրագրողը չի կարող իր նախկին գործընկերների երեսին թքել՝ ամեն օր ավելի ու ավելի խորացնելով մամուլի և իշխանության միջև անջրպետը։

Խորհրդարանական ընթացիկ նստաշրջանի կուլուարներին հետեվելիս տպավորությունն այն է, թե երկրում ռազմական դրություն է, ԱԺ շենքն էլ՝ մշտական հարձակման ենթակա մի թիրախ։ Միջանցքներում զինվորական հագուստով, ինքնաձիգներով շրջող և վախի մթնոլորտ տարածող անվտանգության աշխատակիցները, նիստերի դահլիճի մուտքերի մոտ տեղադրված մետաղորսիչ սարքերն ու պատգամավորների նվաստացուցիչ զննումները, լրագրողների շարժի սահմանափակումն իրոք որ աննախադեպ են, անտրամաբանական և բացարձակ չհիմնավորված։

Իհարկե, սա դեռ ամենը չէ։ Փորձեք, օրինակ, կոշտ գնահատողական դատողություն տալ որևէ իշխանավորի մասին, որը կարող է ընկալվել իբրև հայհոյանք, և ձեզ կսպառնա լուծարված խորհրդարանի վերջին շնչում ընդունած հերթական հակալրագրողական օրինագծի կարգավորումը հայհոյանքի քրեականացման մասին։ Հետաքրքրական է՝ այդ օրենքը հավելված ունենալո՞ւ է, որով ուղղակիորեն կթվարկվեն քրեական պատասխանատվություն առաջացնող հայհոյանքները։ Եթե ոչ, ապա ո՞վ է սահմանում՝ խոսքը հայհոյա՞նք է, թե՞ ոչ։

Նույն այս իշխանությունը չէ՞ր, որ ամիսներ առաջ խոսքի և մամուլի ազատության դեմ հերթական աններելի հանցանքն էր գործում՝ շրջանառության մեջ դնելով անանուն աղբյուրներին հղում անելու արգելքի մասին օրինագիծը և ոտնահարելով լրագրողական սրբազան իրավունքը։ Ի վերջո, հենց անանուն և հաճախ անարժանահավատ աղբյուրներից ստացված, հետագայում հերքված լուրերի տիրաժավորմամբ չէ՞ր, որ այս իշխանության լրագրող ներկայացուցիչները տարիներ շարունակ մաշեցրին նախկինների ռեսուրսն ու ատելության մանիպուլյացիայի հողի վրա իշխանափոխություն նախաձեռնեցին։

Արժե միայն պատկերացնել երբեմնի խմբագիր կամ ընդդիմադիր պատգամավոր վարչապետի արձագանքը, եթե որևէ նախկին կառավարություն համարձակվեր նույնիսկ քննարկում բացել անանուն աղբյուրների գործածման արգելքի թեմայով։ Ավելին՝ այդքան ատելի նախկինների օրոք եղել են տասնյակ դատական նախադեպեր, այդ թվում՝ ՍԴ-ում, երբ դատարանը պաշտպանել է լրագրողի՝ անանուն աղբյուրից օգտվելու իրավունքը, երաշխավորել քրեադատավարական ընթացակարգով սահմանված անանունունության ազատությունը, ավելին՝ պատասխանողն էլ փոխհատուցում է վճարել բարոյական վնաս պատճառելու համար։

ԱՄՆ-ում հայտնի է ավելի քան երկու դար առաջ ընդունված Սահմանադրության առաջին ուղղումը, որն այդ երկրում գործող բոլոր լրագրողներին խոսքի ազատության երկաթե երաշխիքներ է տալիս, իսկ Կոնգրեսին պարտավորեցնում է որևէ կերպ չսահմանափակել մամուլի, արտահայտվելու, դավանանքի, խղճի ազատությունը։ Դա է պատճառը, որ ԱՄՆ-ի պես կայացած քաղաքական համակարգ ունեցող երկրում ով էլ լինի նախագահը՝ լրագրողներին առանձնապես չհամակրող Դոնալդ Թրամփը, թե առավել ազատական Ջո Բայդենը, մամուլի իրավունքները չեն կարող սահմանափակվել։

Ի վերջո, այս իշխանության սիրելի գործելակերպը՝ պառակտումն ու ճամբարավորումը, տարածվեց նաև չորրորդ իշխանության մի շարք ներկայացուցիչների վրա։ Մասնավորապես, մի խումբ լրատվամիջոցներ ու լրագրողներ իշխանություններին հասանելիության հարցում ակնհայտ արտոնություն ունեն մնացածի նկատմամբ։ Իսկ իրապես ազատ, իշխանության պարտադրանքներով չկաշկանդված մամուլի ներկայացուցիչները, թերևս, խոչընդոտում են ԱԺ-ի և կառավարության բնականոն կյանքը վավերագրելուն և օգտվում են անհարմար հարցեր տալու իրենց մասնագիտական իրավունքից։