ԱԼԻԵՎԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԴԱԴԱՐԸ
Բոլոր ԶԼՄ-ները, բայց առանձնակի ընդգծված ոգևորությամբ՝ իշխանամետները, տեղեկատվություն են տարածել այն մասին, թե ինչպես է մեր պաշտպանության նոր նախարարը ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ խիստ հրաման տվել Հայաստանի սահմանն անցնել փորձող ադրբեջանցի զինծառայողներին ոչնչացնելու մասին:
Ահա թե ինչպես է այդ մասին պատմում Արմենպրեսը.
«Մասնավորապես, իր ելույթում պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ավելին, նոր նախարարը զգուշացրել է, որ կպատժվեն այն հրամանատարները, որոնց վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան։
Ահա այսպես, «դուխով»։ Ընկեր Փաշինյանի ոճով։ Ոմանք տարակուսանք են հայտնում, թե ինչ կնշանակի սա։ Մի՞թե մինչ օրս ադրբեջանցիները մեր տարածքում իրենց ազատ էին զգում լոկ այն պատճառով, որ նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր։ Իսկ հենց որ եկավ Արշակ Կարապետյանը, ամեն ինչ փոխվեց դեպի լա՞վը։ Թե՞ մեր բանակը հանկարծ, միանգամից, կրկին ամենամարտունակը դարձավ տարածաշրջանում։
Ոչ, իհարկե։ Այստեղ ուրիշ պատմություն է և, անկեղծ ասած, նույնիսկ դժվար է որոշել՝ լավատեսական պատմություն է սա, թե՞ ճիշտ հակառակը։
Իրականում ամեն ինչ բնավ այնքան էլ բարդ չէ։ Արշակ Կարապետյանը Նիկոլի մարդն է, նա մեծապես պարտական է վերջինիս։ Եթե չլիներ Նիկոլը, նա կմնար մոռացության գրկում, լավագույն դեպքում կհիշատակվեր որպես Ապրիլյան պատերազմի ժամանակ թույլ տրված վրիպումների մեղավորներից մեկը։ Սակայն Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունքների դիմաց Նիկոլը դուրս բերեց Արշակին անէությունից, և ռազմական հետախուզության նախկին պետի կարիերան երկրորդ շունչ ստացավ։
Սա նշում ենք՝ նկատի ունենալով, որ Արշակ Կարապետյանը երբեք նման բան չէր ասի, եթե Նիկոլը հավանություն չտար դրան։ Իսկ է՛լ ավելի հավանական է, որ ոչ թե պարզապես հավանություն է տվել, այլ հենց ինքն է հրահանգել հանդես գալ նման հայտարարությամբ։ Այդ դեպքում կարող է հարց առաջանալ. «Իսկ այդ ինչո՞ւ հանկարծ այդպես խիզախացավ մեր վարչապետը, որը նախկինում նույնիսկ չէր գռմռում ի պատասխան Ալիևի ռազմատենչ հայտարարությունների, իսկ նրա հետ հանդիպումների ժամանակ ասես ծեծված շնիկ լիներ»։
Ոմանք հավաստիացնում են, թե այդ ռուսներն են որոշել ավելի բացահայտ սատարել իրենց ռազմավարական դաշնակցին։ Ոչ, ռուսները կապ չունեն։ Նրանք արդեն նախորոշել են իրենց բեռը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման գործում, և նոր ազդակներ այստեղ չկան։ Նիկոլին «դուխ է տվել» նրա մեկ այլ գործընկեր. Ադրբեջանի «կառուցողական», ինչպես մի առիթով բնութագրեց նրան Փաշինյանը, նախագահ Իլհամ Ալիևը։ Հենց նա է Նիկոլին վստահեցրել, որ թուլացնում է ճնշումը, վարչապետը կարող է շունչ քաշել ու ամբողջությամբ նվիրվել ներքին խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ ընդդիմության հետ դիմակայությանը, և ոչ միայն, իհարկե։ Բայց այդ մասին՝ հետո։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՅԴ ՈՒՂԵՐՁԸ ՓՈԽԱՆՑԵԼ ԱԼԻԵՎԸ։ Դե, հայտնի է, որ Փաշինյան-Ալիև զույգն ունի իր մասնավոր կապուղին։ Գուցեև՝ մեկից ավելի։ Այնպես որ կարևոր չէ, թե ում միջոցով է Ալիևի ուղերձը փոխանցվել Փաշինյանին. Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի, Արսեն Խառատյանի, ԱԱԾ-ի, Դուշանբեի վերելակի, թե ինչ-որ այլ կերպ։ Գլխավորն այն է, որ փոխանցվել է ։
Հաջորդ հարցը. ինչո՞ւ Ալիևը հանկարծ բարիացավ։ Ինչո՞ւ հանկարծ որոշեց դառնալ խաղաղասեր ու փամփլիկ և նույնիսկ Մակրոնի հետ քննարկեց Մինսկի խմբի դերը…
Այստեղ էլ մեծ գաղտնիք չկա։ Ալիևը ոչ միայն նենգ, այլև իմաստուն քաղաքական գործիչ է, ընդ որում նրա օգտին են աշխատում խելացի մարդիկ՝ տարբեր երկրներում։ Եվ այդ խելացի մարդիկ բացատրել են Ալիևին, որ չափն անցնել պետք չէ, հիմա Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ փոխվել է. նոր խայտառակ զիջումներ անել Նիկոլին ոչ ոք թույլ չի տա։ Իսկ եթե հանկարծ նման բան տեղի ունենա, ապա Նիկոլն ու իր թիմը համերաշխ կթռչեն հայտնի ուղղությամբ։ Ռիսկի ենթարկել այնպիսի կապիտալը, այնպիսի բոնուսը, ինչպիսիք Փաշինյանն ու իր թիմն են, Ալիևի կողմից չափազանց անխոհեմ կլիներ։ Մեկ էլ ե՞րբ կհաջողվի մի կույտի մեջ հավաքել ցինիկ ու հավակնոտ թուրքասերների և ռուսատյացների այսպիսի ընտիր ցուցանմուշներ։
Այնպես որ Իլհամ Ալիևի համար ճիշտ ժամանակն է կառուցողականություն դրսևորել և սահմանափակվել նրանով, ինչ արդեն հաջողվել է պոկել Նիկոլից, իրականացնել ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները։ Կարելի է նույնիսկ զոհաբերել երկու-երեք հին ԱՕԹՍ-ներ։ Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ այժմ պետք է ժամանակ տալ Նիկոլին ու ընկերախմբին ուշքի գալու, փետուրները մաքրելու, դիրքերն ամրապնդելու համար։ Պետք է ժամանակ տալ Նիկոլին, որպեսզի հետ մղի ընդդիմության ճնշումը, զուգահեռաբար, ինչն ավելի կարևոր է, շարունակի բանակը և պետական մյուս կառույցները թուլացնող «բարեփոխումները»։ Ժամանակ տալ, մինչև որ համապատասխան դրամաշնորհային ծրագրերի իրականացման փորձված եղանակով Հայաստանի քաղաքական ասպարեզ դուրս գա հավակնոտ ու ցինիկ թուրքասերների ու ռուսատյացների նոր սերունդ՝ այսօր դեռ էյֆորիայի մեջ գտնվող, բայց արդեն իրենց խիստ վարկաբեկած ներկայիս չեբուրաշկաների փոխարեն։