ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ։ Ի՞ՆՉ ԿՈՐՈՇԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
Նախկին համայնքապետերի հայցերով ՍԴ որոշումը ոչինչ չի փոխի
Ինչպես արդեն հաղորդվել է, հենց այն ժամանակ, երբ ադրբեջանցիները կրակում էին Գեղարքունիքի մարզի ռազմական դիրքերի և խաղաղ բնակչության վրա, նույն մարզի Զոլաքար համայնքում իշխանությունը փոխատեղում էր կատարում ոստիկանության մի ամբողջ դասակի մասնակցությամբ։ Իշխանությունը համայնքապետի պաշտոնակատար է նշանակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամին, որը գյուղապետարանի շենք է մտել տասնյակ ոստիկանների ուղեկցությամբ և զբաղեցրել ղեկավար աթոռը՝ չնայած համայնքի բնակիչների բողոքի ակցիային:
Զոլաքարցիները ցանկանում էին, որ մինչ աշնանային ընտրություններ այդ աթոռը զբաղեցնի համայնքի աշխատակիցներից որևէ մեկը, այլ ոչ թե կողմնակի անձ։ Բողոքի ակցիաները շարունակվեցին մի քանի օր, վերջին անգամ (օգոստոսի 5) բերման են ենթարկվել աշխատակազմի անդամները: Արդյունքում Զոլաքարի նախկին համայնքապետ Արմեն Ղազարյանը, Դիլիջան համայնքի (Տավուշ) նախկին համայնքապետ Արմեն Սանթրոսյանը, Թումանյան համայնքի (Լոռի) նախկին ղեկավար Լևոն Զավարյանը և էլի մի քանի նախկին համայնքապետեր դիմել են ՍԴ՝ Հիմնական օրենքին ՀՀ Ընտրական օրենսգրքի որոշ հոդվածների համապատասխանության հարցը պարզելու համար:
ՍԴ դիմումները վերաբերում են նախորդ հրապարակումներում բազմիցս արծարծված խնդրին. համայնքների ղեկավարներին փոխելուն։ Հայտնի է, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության և դրան հաջորդած ռազմական դրության պատճառով մեր երկրում տեղական իշխանության ընտրություններ չանցկացվեցին: Այդ ընթացքում գյուղական և քաղաքային համայնքների մի շարք ղեկավարների լիազորություններն, ըստ օրենքի, ավարտվել են։ Տրամաբանական կլիներ, եթե համայնքապետերը շարունակեին ղեկավարել համայնքները պաշտոնակատարի կարգավիճակով, մանավանդ որ հերթական ընտրությունների ժամկետները բաց են թողնվել օրինական հիմքերով։ Ավաղ, իշխանությունը հանգեց այլ եզրակացության. ի տարբերություն Փաշինյանի, տեղական մակարդակի ընտրված ղեկավարներին թույլ չտվեցին պաշտոնակատարի կարգավիճակով ղեկավարել մինչև աշնանային ընտրությունները։ Ընդ որում պետք է հաշվի առնել, որ, ի տարբերություն Նիկոլի, նրանք հրաժարական չեն տվել։
Տեղի է ունեցել օրինականության կոպիտ խախտում, այն է՝ իշխանությունը փոխարինել է տեղական իշխանության ընտրված ներկայացուցիչներին պաշտոնակատարի կարգավիճակ ստացած դրածոներով։ Դա կոպտագույն խախտում է, բայց բնավ միակը չէ։ Ըստ օրենքի, համայնքների ղեկավարների լիազորությունների հետ մեկտեղ լրանում է ավագանու խորհուրդների անդամների լիազորությունների ժամկետը, բայց իշխանությունը չդիպավ ավագանուն, փոխարենը պարտադրելով նրանց նոր ղեկավարներ, որպեսզի աշնանային ընտրություններում հեշտությամբ անցկացնի իր նշանակած պաշտոնակատարներին համայնքների ղեկավարների պաշտոնի։
Ինչպես արդեն հաղորդվել է, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին, ընդ որում ՍԴ-ն արդեն մի քանի անգամ հետաձգել է համայնքապետերի դիմումների քննարկումը: Նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին։ Նույնիսկ եթե որոշումը լինի համայնքապետերի օգտին, այն արդեն ոչինչ չի փոխի։ Պարզապես իշխանության անթիվ ապօրինություններին կավելանա ևս մեկ դրվագ…
Աշնանային ընտրությունների մոտենալուն զուգընթաց ուժգնանում են ճնշումները համայնքների այն ղեկավարների նկատմամբ, որոնք արտահերթ ընտրություններում չեն աջակցել կապիտուլյանտի կուսակցությանը։ Հալածանքների էպիկենտրոնում են հայտնվել Սյունիքի ոչ միայն խոշոր համայնքների, այլև փոքրիկ գյուղերի ղեկավարները, ինչպիսիք են, օրինակ, Ալվանքը (Ալիկ Թումանյան) և Տաթևը (Մուրադ Սիմոնյան)։ Տեղական իշխանության ղեկավարների դեմ քրեական գործերի քանակով առաջատար են Սյունիքի և Արմավիրի մարզերը։
Նյութեր են նախապատրաստվում քրեական գործի համար
Հուլիսի 21-ին «Հայրենիք» կուսակցության առաջնորդ (այժմ արդեն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար) Արթուր Վանեցյանը Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարեց բառացիորեն հետևյալը.
«Մեր թիմակիցներին ազատում են աշխատանքից քաղաքական հայացքների համար: Մեր թիմակիցներին, որոնք ընտրված համայնքի ղեկավար են, ստիպում են, որ հրաժարական ներկայացնեն»։ Վանեցյանը օրինակ բերեց Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքրոջ ցուցմունքը։ Այդ կնոջը մարզպետի մակարդակով ստիպել են աշխատանքից ազատվելու դիմում գրել «Հայրենիք» կուսակցությանը աջակցելու համար։
Այդ հաղորդագրությունը դարձել է քննչական մարմինների ուսումնասիրության առարկա, ներկայումս նյութերն ուղարկվել են Լոռու մարզի դատախազություն: Մինչ նախապատրաստվում են նյութերը, գործընթացը վերահսկում է մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանը:
Պայմանագիրը չեն երկարաձգել
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն օրերս հայտնեց, որ Պետական կառավարման ակադեմիան չի ցանկացել երկարաձգել իր հետ համագործակցության աշխատանքային պայմանագիրը:
Զաքարյանը ակադեմիայում դասավանդել է 2003 թվականից: Սոցցանցերում նա գրել է, որ այդ որոշումը պատկանում է ոչ թե ակադեմիայի ղեկավարությանը, այլ վարչապետի աշխատակազմին: «Սրանց վախերը սարսափի են վերածվում։ Սարսափում են նաև լսարաններում ընդդիմադիր հայացքներով դասախոսներից»,- հայտարարել է նախկին փոխնախարարը:
Մեր կողմից հավելենք, որ Պետկառավարման ակադեմիան հիմնադրվել է հանրապետականների ծրագրով, դրա պատերի ներսում դասավանդել են հայ նշանավոր քաղաքական բազմաթիվ գործիչներ և դիվանագետներ: Քանի դեռ ՀՀԿ-ն իշխող ուժ էր, ակադեմիայի աշխատանքում որպես դասախոսներ ներգրավված էին ինչպես նախկին խորհրդային նոմենկլատուրայի ներկայացուցիչները, այնպես էլ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին պատկանող մարդիկ։ Այսօր ակադեմիայից վտարում են քաղաքական հայացքների համար։ Ընդ որում կապիտուլյանտի ռեժիմը մեղադրում է երկրի նախկին ղեկավարությանը ժողովրդավարության դեմ գրոհի մեջ։ Տեղյակ չե՞ք, թե ինչու։
«Չե՞ն ցանկանում, որ շարունակեմ դասախոսել, ինչպես ժողովուրդն է ասում՝ ջհանդամին ցանկանան։ Աստված իրենց հետ։ Միևնույն է, պատժվելու են Հայրենիքը և պետական կառավարման համակարգը միտումնավոր կործանելու համար»,- գրել է պաշտպանության նախկին փոխնախարարը։ Բռնաճնշումները շարունակվում են…