ՉԶՍՊՈՂ ԳՈՐԾՈՆ
Ադրբեջանական զինված ուժերի մտքով անգամ չպետք է անցնի խախտել Հայաստանի սահմանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ զորամասերից մեկում ներկայացնելով 3-րդ կորպուսի նոր հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին, հաղորդում է Sputnik Արմենիան։
Նախարարը վստահություն է հայտնել, որ Ցականյանի մեծ փորձառության և ռազմական հմտության շնորհիվ կորպուսը կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: Նախարարը խիստ հրահանգել է կանխել սահմանն ապօրինի հատելու ցանկացած փորձ։
«Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք։ Դա ձեր խնդիրն է։ Դրա համար կորպուսի հրամանատարը և զորամասի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով։Միևնույն ժամանակ, մենք ոչ մի ձև չենք ուզում ոչ մի ուղղության վրա սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»,- հավելել է նա։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թշնամու ագրեսիվ գործողություններին արձագանքելու հարցում նախարարի խստությունը միանգամայն բնական ու տրամաբանական կլիներ, եթե չլինեին մի շարք նրբություններ։ Եվ դրանցից գլխավորն այն է, որ հակառակորդն արդեն արել է այն, ինչը մենք, տեսեք-տեսե՜ք, թույլ չենք տա անել։ Երեք ամիս առաջ սահմանի տարբեր հատվածներում թշնամին ներթափանցել է հայկական տարածքներ, ավելի քան հազար ադրբեջանցի զինվորականներ նույնիսկ ոչ թե մտածում են «սահմանն ապօրինի հատելու» մասին, այլ ընդհանրապես ապրում են հայկական հողում, իրենց տեր ու տնօրեն զգում այստեղ, անասուններ գողանում, ահաբեկում հայկական սահմանամերձ գյուղերի բնակիչներին, գերի վերցնում Հայաստանի քաղաքացիներին, կրակում...
Թե ինչու նախկին նախարարն այդչափ խիստ հրահանգներ չէր տալիս, ինչու նախկինում (արդեն մոտ երեք ամիս շարունակ) չեն կիրառվել մեր տարածք ներթափանցումը կանխելու բոլոր միջոցները, առանձին հարց է։ Եվ, հավանաբար, հետագայում այս և այլ հարցերի պատասխանները տրվելու են քննչական մարմինների կողմից ։ Իսկ առայժմ առանցքայինը հետևյալն է. ըստ նոր նախարարի «խիստ» տրամաբանության՝ հայկական սահմանը պետք է պաշտպանվի անզիջում, ցանկացած միջոցներով։ Բայց այսօր այդ սահմանը խախտված է, թշնամու զինված ուժերն արդեն ապօրինի մուտք են գործել մեր տարածքներ։ Ընդ որում հայկական կողմը՝ ի դեմս երկրի բարձրագույն ղեկավարության, բազմիցս հաստատել է այդ հանգամանքը, նշելով, որ հակառակորդը պետք է հեռանա։ Այնպես որ տրամաբանական է ենթադրել, որ այժմ Հայաստանի ԶՈՒ-ն ուժի կիրառմամբ, բոլոր միջոցներով մտադիր է ոչ միայն թույլ չտալ հակառակորդի այդպիսի ոտնձգություններ հետագայում, այլև դուրս նետել նրան մեր երկրի սահմաններից:
Մինչդեռ, դատելով ՊՆ հաղորդագրությունից, հակառակորդը դուրս չի նետվում, նույնիսկ շարունակում է լկտիանալ։ «Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00-ը, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»։ Եթե ոմանք մոռացել են, հիշեցնեմ. մայիսի 12-ին Սև լճի հատվածից հակառակորդը սկսել է անարգել մուտք գործել հայկական տարածքներ։ Հետո ներխուժել է նաև այլ հատվածներում։ Հիշեցնեմ նաև, որ հենց այդ տարածքների մասին էր ՀՀ վարչապետը (այն ժամանակ պաշտոնակատարը) հայտարարում, թե՝ հո պատերազմ չե՞նք սկսելու լճի 30 տոկոսի պատճառով։ Եվ ահա այժմ հայկական տարածքում գտնվող հակառակորդը սադրանքներ է կազմակերպում, կրակ բացում, իսկ հայկական կողմն ուղղակի ճնշում է այդ կրակը։ Բոլորը մնում են իրենց տեղերում, բայց մեր տարածքում։ Հայաստանի տարածքային ամբողջականությունն այդ շրջանում խախտված է և վերականգնված չէ, հայկական հողն առաջվա պես կոխկրտում է թշնամին, և այդ խորապատկերին հնչում է ներթափանցման փորձերը կոշտ կերպով կասեցնելու նախարարի «ահեղ» հրահանգը: Եթե մտամուխ լինենք, ապա դա կատարյալ անհեթեթություն է։
Ի ԴԵՊ, ԱՅՍ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ԿԱՆ Է՛Լ ԱՎԵԼԻ ԱՆՀԵԹԵԹ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Ահավասիկ նախարարն ասում է, թե հակառակորդը նույնիսկ չպետք է մտածի հայկական սահմանն ապօրինի հատելու մասին։ Իսկ ի՞նչն է, մի հարցնող լինի, ստիպելու նրան հրաժարվել այդ մտադրություններից։ Ճիշտ է, ոչ միայն և ոչ այնքան թշնամու ցանկացած գրոհ ու հարձակում հետ մղելու ի վերջո հայտնված ցանկությունը, որքան մեր ԶՈՒ-ի պատրաստականությունը։ Իսկ ի՞նչ է նա տեսնում իրականում։ Այստեղ մտովի վերադառնանք եռամսյա վաղեմության իրադարձություններին։
Մայիսի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, դիմեց վարչապետի պաշտոնակատարին՝ առաջնագծում հայկական դիրքերի վիճակին վերաբերող հարցով: «Գեղարքունիքում և Սյունիքում մենք չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, և մեր անվտանգությունը, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում է: Ուզում եմ հասկանալ՝ ինչ խոչընդոտներ ունենք, սահհմանային դեմարկացիա, դելիմիտացիա չի եղել դեռ, բայց այնուամենայնիվ ի՞նչ է սպասվում մեզ մինչև սահմանային վերջնական ճշգրտումները, ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ»,- հետաքրքրվեց պատգամավորը։ Փաշինյանին հարցը, իհարկե, սաստիկ վրդովեց, բայց այդուհանդերձ նա ներկայացրեց խնդրի իր տեսլականը։ Նշեց, թե առաջնագիծը կահավորվում է պատշաճ կերպով, սակայն այդ աշխատանքը գաղտնի է կատարվում։
«Երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, ես հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի: Հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներով, կամ հրապարակեք, ասեք, օրինակ՝ կոորդինատ էսինչից էսինչը մենք չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք. էստեղով չարժե հարձակվել, բայց այս կողքը փոքր միջանցք կա, կարելի է էստեղից մտնել… Ժողովուրդ, մենք հասկանո՞ւմ ենք՝ ի՞նչ ենք անում ընդհանրապես, ասենք, հասկանո՞ւմ ենք՝ ի՞նչ ենք անում»,- վրդովվեց նա։ Ի պատասխան Թովմասյանը նկատեց, որ դիրքերը միմյանցից մի քանի մետր հեռավորության վրա են և խրամատների վիճակն ու նույնիսկ զինվորների արտահագուստը հստակ տեսանելի են հակառակորդին: Ի պատասխան Փաշինյանը ասաց. «Ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն ամեն ինչը, որ արվում է, որովհետև այդ արվողի հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի»։ Եվ հավելեց. «Էն առաջնագիծը, որը տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, վատ առաջնագիծ է»:
Հայոց խորհրդարանում տեղի ունեցած այս բանավեճից ընդամենը 10 օր անց ադրբեջանական զինուժը սկսեց ներխուժել մեր տարածքներ, չբախվելով «գաղտնի», «պատշաճ կերպով» կահավարված խոչընդոտների՝ հայկական դիրքերի տեսքով։ Եվ ահա այսօր նախարարը հայտարարում է, թե թշնամին չպետք է նույնիսկ մտածի սահմանը խախտելու մասին։ Ակնհայտ է, որ չտեսնելով, թե ինչպես է հայկական կողմն ամրացնում իր դիրքերը, հակառակորդը ոչ միայն մտածում է նոր հարձակումների մասին, այլև ձեռնարկում նման գործողություններ։
Բացի այդ, հակառակորդը տեսնում ու լսում է հայկական կողմի հրապարակային խոստովանությունը սեփական սահմանները պաշտպանելու անկարողության վերաբերյալ, քանի որ այդ հարցում Երևանը դիմում է դաշնակիցների օգնությանը։ Ի դեպ, նկատենք, որ արդեն այսօր Հայաստանի սահմանների պաշտպանությունը գրեթե ամբողջությամբ իրականացնում է ռուսական կողմը։ Ռուս սահմանապահներն են հսկում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները։ Ռուս սահմանապահները, խաղաղապահները, ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն են պաշտպանում հայ-ադրբեջանական սահմանի հատվածները Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում... Իսկ այնտեղ, որտեղ առաջնագծում կանգնած են հայկական ստորաբաժանումները, մեր դիրքերն այնքան խորն են «գաղտնիացված», որ թշնամին, «չնկատելով» դրանք, ներխուժում է մեր տարածքներ՝ ոտքը քարին չառնելով։ Համենայն դեպս մինչ օրս այդպես է եղել։ Այս իրավիճակում հարց է ծագում. ի՞նչը վերացնի մեր սահմանների խախտման մասին «մտածելու» թշնամական ուժերի ցանկությունը։ ՀՀ պաշտպանության նախարարի խիստ ձայներա՞նգը։
Իր վերջին հարցազրույցներից մեկում Իլհամ Ալիևը հայտարարեց, թե համաձայն չէ, որ Հայաստանի հետ սահմանակից տարածքները վիճելի են։ «Ես համարում եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է։ Իսկ Զանգեզուրը մեր նախնիների հողն է, և մենք մեր հողի վրա ենք»,- ասաց Ալիևը։ Նա հավելեց, որ ադրբեջանական զինուժն ամրացրել է իր դիրքերը սահմանի վրա: «Այն բանից հետո, երբ ձյունը հալվեց, մենք վերցրեցինք անհրաժեշտ բարձունքները և տեղավորվեցինք դրանց վրա, ամրացանք այնտեղ և կշարունակենք ամրանալ»:
Բնավ առաջին անգամ չէ, որ Ալիևը հրապարակավ շաղ է տալիս փսլինքները՝ իր «զանգեզուրյան» անուրջներով տարված։ Բնավ առաջին անգամ չէ, որ վկայակոչում է իր նախնիներին, իբր՝ «զանգեզուրցի բնիկներին»։ Հերթական սուտը, հերթական կեղծիքը, ալիևյան պատրանքների հերթական ծանուցումը։ Բայց մեկ հարցում նա չի ստում։ Ադրբեջանական զինուժն իրոք դիրքեր է գրավել, ամրացել այնտեղ և շարունակում է ամրանալ։ Եվ այս հարցում վկաները ոչ թե հիպոթետիկ, մտացածին նախնիներն են, այլ Հայաստանի միանգամայն իրական քաղաքացիները, մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները։ Վերջին ամիսներին գրեթե ամենօրյա ռեժիմով նրանք ահազանգում են, որ մեր տարածք ներթափանցած թշնամին ամրացնում է դիրքերը, և դա երևում է անզեն աչքով։
Բնակռելով մեր տարածքում, չթաքցնելով դա, ակտիվորեն և ցուցադրաբար կահավորելով զավթած դիրքերը, հենց ադրբեջանցիներն են այնպես անում, որ հայկական կողմը նույնիսկ չմտածի սեփական տարածքները վերադարձնելու մասին։ Ի պատասխան՝ հայկական կողմը փաստացի համարում է, թե հակառակորդի ամրությունները վատն են, քանի որ տեսանելի են մեզ ։ Իսկ իր ամրությունները համարում է լավը, քանի որ հակառակորդը դրանք «չի տեսնում»։ Բացի այդ, ենթադրվում է, որ եթե հայ մարտիկները վերջապես հնարավորություն են ստացել զենք կիրառել թշնամու հարձակման ժամանակ, ապա դա պետք է արմատախիլ անի ադրբեջանցիների մտքերը սահմանի նոր խախտումների մասին... Ադրբեջանցիներին զսպող գործոններ նույնիսկ զինված աչքով նշմարել գործնականում անհնար է: