ԲՀԿ-Ն ԶԲԱՂԵՑՐԵԼ Է ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՈՒԺԻ ԽՈՐՇԸ

Ծառուկյանին լքեցին ռեժիմի ամենաանհաշտ հակառակորդները

Իր հիմնադրումից հետո առաջին անգամ ԲՀԿ-ն չկարողացավ հաղթահարել իշխանության դեմ տրվող ձայներն իր օգտին ուղղելու առաքելությունը։ Այդ ձայները տրվեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։ Արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուն ընտրողները չհավատացին։

Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը խորհրդարան չանցավ, իսկ դրա առաջնորդը, ի հաստատումն մեր կանխատեսումների, սեղմեց Փաշինյանի ձեռքն ու համաձայնություն տվեց համագործակցել արտախորհրդարանական ուժերի ոչ պաշտոնական դաշինքի կազմում։ Եվ դա՝ սկանդալային խուզարկությունից, կալանավորումից և այն մեղադրանքներից հետո, թե Շուշին ընկավ, որովհետև Ծառուկյանն իր ջոկատը չուղարկեց այնտեղ։ Ծառուկյանի հետ մեկտեղ Փաշինյանը քաղաքը հանձնելու մեջ մեղադրել էր նաև Արթուր Վանեցյանին, բայց Վանեցյանն այսօր ընդդիմության ճամբարում է, իսկ ի՞նչ խաղ է պատրաստ խաղալ Ծառուկյանը։ Ցանկացած պատասխանի դեպքում պետք է հաշվի առնել, որ Գագիկ Նիկոլայիչը խաղալու է Խաչատուր Ալբերտիչի կանոններով։

Այսուհետ Ծառուկյանի կայսրության շահերը խորհրդարանում ներկայացնելու է նրա խնամի Խաչատուր Սուքիասյանը։ Իշխանության գլխավոր օլիգարխն է նշանակում կառավարության անդամներին, համակարգում ազդեցության ոլորտների վերաբաշխումը և, ըստ լուրերի, մտադիր է առաջադրվել Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ գլխավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Ասում են, որ օլիգարխը դեմ չէ առավել քան կիսով չափ իր վրա վերցնել Հայաստանի ղեկավարումը, բայց այդ ծրագրերի մասին կխոսենք ավելի ուշ, իսկ այսօր խոսակցությունն այն մասին է, թե ինչպես է տնօրինելու կուսակցական կառույցներին ու մարդկային ռեսուրսին Ծառուկյանը։

«Թռիչքների վերլուծությունից» հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններում իր պարտության մեղավոր նշանակեց երիտասարդական թևի ղեկավար Աշոտ Անդրեասյանին։ «Գոլոս»-ի ուշադիր ընթերցողներն ամենայն հավանականությամբ կհիշեն հրապարակումները ԲՀԿ երիտասարդական թևի անդամների դեմ հալածանքների մասին։ Անդրեասյանը եղել է այդ հալածանքների և ԱԱԾ բաժիններում բռնության կիրառմամբ հարցաքննությունների էպիկենտրոնում։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Ծառուկյանը Անդրեասյանին մեղադրել է այն բանում, թե նա իրեն սխալ տվյալներ է զեկուցել սոցհարցումների վերաբերյալ, իբր՝ Երևանում ԲՀԿ-ն ունի ձայների 23%, իսկ մարզերում՝ է՛լ ավելի շատ (մոտ 30%)։ Ծառուկյանը բոլոր ջանքերը գործադրել է և արդյունքում ներշնչել կուսակցության ղեկավարությանը, որ սոցհարցումների տվյալներն իրեն գոհացրել են, ուստի առավելագույն ջանքեր չի գործադրել, որպեսզի ապահովի ԲՀԿ-ի անցումը խորհրդարան։

ԲՀԿ տարածքային ստորաբաժանումները նույնպես ընտրական հազարավոր ձայներ են խոստացել, բայց հայտնվելով իրավապահ մարմինների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղական ստորաբաժանումների զգոն հայացքի ներքո, ռիսկի չեն դիմել։ Բոլորը հիշում են, որ ԲՀԿ որոշ անդամների քրեական հետապնդման պատճառ էր դարձել խուզարկության ժամանակ հայտնաբերված ցուցակը՝ ընտրակաշառք ստացողների անուններով։ Այդ առիթով խորհրդարան էր եկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը...

ԲՀԿ տեղական ներկայացուցիչները գիտեին, որ ակնհայտ խախտումների դեպքում կարող են հայտնվել մեղադրյալի աթոռին, ուստի առանձնապես չեն ջանացել ձայներ հրապուրել։ Ծառուկյանին, սակայն, զեկուցել են, թե ամեն ինչ կարգին է։ Մի խոսքով, պարտության պատճառները շատ են, բայց չի լքում այն զգացողությունը, որ Ծառուկյանը գիտեր, որ ԲՀԿ-ն չի անցնելու խորհրդարան, և պատրաստ էր դրան։ Մեր վարկածի օգտին է խոսում այն հանգամանքը, որ նախքան ընտրությունները կուսակցությունից հեռացան ղեկավար մարմնի ամենահանդուգն ու աղմկոտ ներկայացուցիչները՝ Փաշինյանի անհաշտ հակառակորդներ Գևորգ Պետրոսյանն ու Նաիրա Զոհրաբյանը։ Դա տեղի ունեցավ ոչ այլ կերպ, քան հենց Փաշինյանի թելադրանքով։ Նույն այդ թելադրանքով ավելի վաղ ԲՀԿ խմբակցությունը լքեց Սերգեյ Բագրատյանը, դավաճանության դիմաց մանդատ ստանալով նոր խորհրդարանում։ Պետրոսյանն ու Զոհրաբյանը ոչ մեկին չեն դավաճանել, նրանց դավաճանել է Գագիկ Նիկոլայիչը…

ԲՀԿ-ն լարախաղացություն է անելու իշխանության և ընդդիմության միջև

Համառ լուրեր են շրջում, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու աշնանը նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Մի՞թե Գագիկ Նիկոլայիչը Փաշինյանին կտա Կոտայքի մարզի համայնքները։ Առայժմ հայտնի է լոկ այն, որ Ծառուկյանն իր կուսակիցներին լավ հանգիստ է մաղթել՝ ակնարկելով, որ աշնանը կհստակեցնի իր քաղաքական ծրագրերը։

Նախքան դադարը, կրկնեմ, Ծառուկյանը հանդիպեց Փաշինյանի հետ ու սեղմեց նրա ձեռքը։ Դրանից անմիջապես հետո սկսվեցին փոփոխությունները Ծառուկյանին պատկանող հեռուստաալիքում։ Լրատվական հաղորդումների խմբագրությունից ազատվեց Իվետա Տոնոյանը, ինչից հետևում է, որ հեռուստաալիքը փոխում է կողմնորոշումը։ Այնտեղ արդեն տեր ու տնօրեն են Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակիցները, իսկ վերլուծական ծրագրի թողարկումները դարձել են առավելագույնս չեզոք։ «Կենտրոն» հեռուստաալիքի հյուրերի թվում գերակշռում են իշխանության ներկայացուցիչներն ու բացահայտ փաշինյանական թեքումով քաղաքագետները։

Չնայած պարտությանը՝ ԲՀԿ-ն պահպանել է շարքերի թվաքանակն ու կառույցները տեղերում։ Այսօր դա արտախորհրդարանական ամենաազդեցիկ կուսակցությունն է։ Արտահերթ ընտրությունների արդյունքում Ծառուկյանի կուսակցությունը զբաղեցրեց հենց այն տեղը, որը նախորդ արտահերթ ընտրությունների արդյունքներով (2018թ.դեկտեմբերի 9) զբաղեցրել էր ՀՀԿ-ն։ Այսօր ՀՀԿ-ականները խորհրդարանում ներկայացված են «Պատիվ ունեմ» դաշինքով, իսկ ԲՀԿ-ն կարող է հավակնել փողոցային ամենաազդեցիկ ուժի դերին։ Շատ կարևոր է, թե ինչ խորշ կզբաղեցնի այդ կուսակցությունը, բայց ինչ-որ բան հուշում է, որ իշխանության օլիմպոսում Սուքիասյանի ներկայությունը բնավ դրական դեր չի խաղալու ԲՀԿ-ի ճակատագրում։ Եթե Ծառուկյանի կուսակցությունը մի կողմ քաշվի փողոցային պայքարից, ապա դա կհարթի նրա ուղիղ ճանապարհը դեպի անէություն, չնայած իր համակիրների նկատմամբ Ծառուկյանի ցուցաբերած հոգատարությանն ու մարդասիրական օգնությանը։ Եթե ԲՀԿ-ն սկսի լարախաղացություն անել իշխանության և ընդդիմության միջև, ապա դա կլինի վերջնական փլուզման ամենակարճ ճանապարհը։

Սուքիասյանը լուծում է բոլոր խնդիրները

ԲՀԿ-ն երբեք ընդդիմադիր կուսակցություն չի եղել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Ծառուկյանը ստիպված եղավ հեռանալ քաղաքականությունից և երբ Նիկոլի օրոք բանտ նստեց, ԲՀԿ-ն ջանում էր հավասարակշռություն պահպանել իշխանության ու ընդդիմության միջև: ԲՀԿ-ն չի ունեցել ընդդիմադիր ծրագիր, չի պահպանել ընդդիմադիր սկզբունքները։

Այդ կուսակցությունը միշտ սպասարկել է մեկ անձի շահերը և գործել է ի պաշտպանություն նրա կապիտալների։ Այսօր այդ կապիտալներին պաշտպան է կանգնած Սուքիասյանը, հենց նա էլ լուծում է բոլոր խնդիրները, ուստի Ծառուկյանը արտախորհրդարանական ամենաազդեցիկ ուժի առաջնորդի կարգավիճակում հլու-հնազանդ պարելու է իր խնամի օլիգարխի դուդուկի տակ, բայց միևնույն ժամանակ ձևացնելու է, թե իր կուսակցությունը հետապնդում է սեփական նպատակները…

Այս խաղը բնավ այնքան անվնաս չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Եթե ժամանակի հետ փողոցային պայքարը ելնի առաջին պլան (իսկ այդ օրը, դատելով ամենից, սարերի հետևում չէ), ապա Ծառուկյանի կուսակցությանը կհատկացվի առանձնահատուկ դեր, սակայն այդ մասին կխոսենք, երբ ռեժիմի դեմ պայքարի էպիկենտրոնը խորհրդարանի պատերից տեղափոխվի փողոց։ Մի շարք կանխատեսումներով՝ դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան համարում են մանդատների երջանիկ տերերը բարիկադների երկու կողմերում։

Основная тема: