ԳՈՐԾԻՔԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՄԵԿ ՈՒՐԻՇՈՎ
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում երկրի բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 72 մլրդ դրամով: Իսկ դա գրեթե 10-տոկոսանոց աճ է, ինչը, բնականաբար, դրական ցուցանիշ է։ Ճիշտ է, համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, երբ երկրում մոլեգնում էր կորոնավիրուսը, հայտարարված էր լոքդաուն և արտակարգ դրություն, խիստ սահմանափակումներ էին մտցված ձեռնարկությունների գործունեության առումով, այնքան էլ կոռեկտ չէ։ Այդուհանդերձ դրական շարժ է արձանագրվում։ Գոնե ինչ-որ չափով։
Մինչդեռ, ինչպես պարզվում է, ծախսերի մասով պատկերը բնավ ուրախալի չէ։ Բանն այն է, որ կրկին իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գանձարանը մոտ 100 միլիարդով ավելի մեծ գումար է ծախսել։ Բնականաբար, զգալիորեն աճել է նաև բյուջեի դեֆիցիտը։ Եթե 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին դա (դեֆիցիտը) կազմում էր 48,9 միլիարդ, ապա այս տարի՝ 75,4 միլիարդ: Համաձայնեք, տխուր իրավիճակ է, երբ ծախսերի ու եկամուտների անհավասարակշռությունն այդչափ զգալիորեն աճում է։
Իհարկե, հետպատերազմյան իրավիճակը լրացուցիչ բյուջետային ծախսեր է պահանջում, և կարծես թե կարելի է այդ գործոնով արդարացնել բյուջետային ծախսերի ու դեֆիցիտի այդքան զգալի աճը։ Բայց այդ դեպքում պետք է ուշադրության առնել այն հանգամանքը, թե որ ուղղություններով են իրականացվել և աճել երկրի բյուջեի ծախսերը, որի տնտեսությունը հետհամաճարակային և հետպատերազմյան սինդրոմ է ապրում։ Ահա ուրեմն, ավելի քան 75 միլիարդը ծախսվել է աշխատավարձերի վրա, մոտ 70 միլիարդը՝ ծառայությունների և ապրանքների գնման, 87 միլիարդ հատկացվել է ներքին և արտաքին պարտքի տոկոսավճարների մարմանը, 33 միլիարդ կազմել են դրամական օժանդակությունները, 90 միլիարդ՝ դրամաշնորհները, 297 միլիարդ՝ սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները, և մոտ 110 միլիարդ հատկացվել է այլ ծախսերի համար: Նշենք, որ թվարկված բոլոր ուղղություններով, բացառությամբ տոկոսավճարների, աճ է գրանցվել։
Այսպիսով, արձանագրենք, որ բյուջեի ծախսերի առնվազն երկու երրորդն ընթացիկ է։ Արձանագրենք նաև, որ կապիտալ ծախսերի մասնաբաժինը նվազագույնի է հասցված։
Այստեղ կարելի է, իհարկե, վկայակոչել այն փաստը, որ դիլետանտների կառավարությունում քչերն են գիտակցում կապիտալ ծախսերի կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման կարևորությունը։ Եվ ժամանակին հենց այդպես էլ եղավ։ Դեռ երկու տարի առաջ կառավարության ղեկավարը համարում էր, թե կապիտալ ծախսերը պարարտ հող են կոռուպցիայի ծաղկման համար և դա (հողը) պետք է վերացնել կոռուպցիոներների ոտքի տակից։ Փաշինյանը որոշեց, որ բյուջեի այդ ծախսերն արդյունավետ չեն։ Այդպես թավշե ժամանակաշրջանի սկիզբը հայկական տնտեսության մեջ նշանավորվեց բացի ամենից նաև պետգանձարանի կապիտալ ծախսերի կտրուկ կրճատմամբ։ Բայց անցավ որոշ ժամանակ, սկսվեց ճգնաժամային շրջանը, և կառավարության ղեկավարի աչքերն ի վերջո բացվեցին։ Ընդ որում՝ այն աստիճան, որ խոստացավ կապիտալ ծախսերի ռեկորդային մակարդակ և նույնիսկ դրանց (ծախսերի) մեջ տեսավ ճգնաժամի դեմ պայքարի հիմնական գործիքը։
Եվ ահա այսօր, դատելով ամենից, այդ հակաճգնաժամային գործիքը կրկին դադարել է գրավել կառավարության ուշադրությունը։ Հիմա մեծ պահանջարկ է վայելում մեկ այլ գործիք։ Իշխանությունը, հավանաբար, կարծում է, թե չագուճը ձեռքին ավելի հեշտ է պայքարել ճգնաժամի դեմ։ Չագուճն աշխատանքային վիճակում պահելու համար անհրաժեշտ են ընթացիկ ծախսեր (աշխատավարձեր, նպաստներ, պարգևավճարներ): Ուստի դրանք աճում են։ Իսկ կապիտալ ծախսերի մակարդակի վերաբերյալ Փաշինյանի խոստացած ռեկորդի, դրանց հակաճգնաժամային ազդեցության մասին բոլորը համերաշխ մոռացել են…