ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Ցանկացած պետության իշխանության մեջ կան վերնախավեր՝ ռազմական, դիվանագիտական, դատական, որոնք կոչված են սպասարկելու նախևառաջ պետական շահը՝ անկախ նրանից, թե ով է իշխանության։ Ավելին, եթե իշխանությունը չի առաջնորդվում պետական և ազգային շահերով, այդ վերնախավերը ռազմավարական խորություն ունենալու դեպքում զսպում են իշխանությանը՝ երբեմն հարկադրելով անգամ հրաժարական տալ։ Ինչպես առիթ ենք ունեցել համոզվելու, Հայաստանի ո՛չ ռազմական և ո՛չ էլ դատաիրավական վերնախավերն այդպիսին չեն։

Դժբախտաբար, այդպիսին չէ նաև Հայաստանի դիվանագիտական կորպուսը, ընդ որում՝ այս դեպքում հարցի արժեքը կրկնակի բարձր է, քանի որ խոսքն արտաքին և ոչ թե ներքին մարտահրավերների, պետության հեղինակության և վարկանիշի մասին է։ Ամիսներ շարունակ արտաքին քաղաքական գերատեսչությունը գլխատված թողնելը, դիվանագիտական փորձառություն չունեցող անձանց դեսպան կամ ԱԳ փոխնախարար նշանակելը, նախարարությունից գաղտնի՝ թշնամու կամ դաշնակցի հետ միանձնյա բանակցելը, պարզվում է, լիովին ընդունելի պրակտիկա է։

Երբ ԱԳՆ համակարգը թողեցին կամ էլ քաղաքական որոշմամբ ազատվեցին սկզբունքային դիրքորոշում և բարձր մասնագիտական որակներ ունեցող անձինք՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը կամ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, նրանց գործընկեր դիվանագետները լուռ էին։ Տասնամյակների ինստիտուցիոնալ ավանդույթներ և սեփական ներքին վարքականոն ունեցող կառույցի չեզոքացումն ու այն վարչապետի կցորդ դարձնելը, փաստորեն, որևէ մեկի ներքին դիմադրությունը չհարուցեց։

Եթե տարբեր ոլորտների հանրային գործիչներ, մտավորականներ, գեներալներ, տարբեր գիտակրթական կառույցներ պարտությունից հետո պահանջեցին վարչապետի հրաժարականը, հարյուրավոր գործող դիվանագետների ձայնն այդպես էլ անլսելի մնաց։ Մինչդեռ, օրինակ, 2008-ի նախագահական ընտրություններից հետո մի խումբ գործող դիվանագետներ՝ փոխարտգործնախարար, ներկայումս Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի գլխավորությամբ, հայտարարություն տարածեցին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով ընտրությունների արդյունքների հետ և աջակցություն հայտնելով ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։

Բոլոր այդ դիվանագետները ժամանակին ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, իսկ ներկայումս վերականգնված են և պաշտոնավարում են՝ նախագահականից մինչև հյուպատոսարաններ։ Բայց, փաստորեն, այս անգամ ասելիք չունեն, համատեղ հայտարարության կարիք չկա, երևի նրանց համար ամեն ինչ ընթանում է արտաքին քաղաքականության սահմանված ուղեգծով։ Եթե 2008-ի նախագահական ընտրություններին նրանք արձագանքում էին իբրև ըմբոստ քաղաքացի, ապա չէ՞ որ ներկայումս ընթացող ստվերային դիվանագիտությունն ուղղակիորեն վերաբերում է իրենց և պետք է որ նսեմացներ կադրային դիվանագետի մասնագիտական արժանապատվությունը։

Անկախության հռչակումից հետո մեր դիվանագետները տասնամյակներ շարունակ աշխարհի տարբեր երկրներում և միջազգային հարթակներում կռիվ են տվել արցախյան հիմնահարցի և Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բարձրաձայնման համար, հաջողել են հայկական թեմատիկայի խոսույթ ձևավորել և հակակշռել թշնամական պետությունների ստերին։ Ո՞ւր են նրանք այսօր, ինչպե՞ս են համակերպվում իրենց հսկայածավալ աշխատանքը գրչի մեկ հարվածով ջուրը նետողի պաշտոնավարման հետ։

Արցախյան հիմնահարցի բանակցություններին անգամ տեխնիկական մասնակցություն բերած ցանկացած դիվանագետի համար պետք է որ վիրավորական լինեին խորհրդարանի ամբիոնից վարչապետի արտաբերած անհեթեթությունները Շուշիի՝ իբր Ադրբեջանին փոխանցման անհրաժեշտության, կամ արտաքին քաղաքականությունը ոչ թե վերափոխելու, այլ այն նոր ստեղծելու մասին։ Քանի դեռ այդ ներքին ընդվզումը չկա, դիվանագիտական փորձառություն չունեցող անձինք, ինչպես Լիլիթ Մակունցը, կշարունակեն առանցքային երկրներում դեսպաններ նշանակվել՝ մեկ օրում ստանալով դիվանագիտական բարձրագույն այն կոչումը, որին արժանանալու համար կադրային դիվանագետները ջանք են թափում մի քանի տասնամյակ։