ՄԻՊ․ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը ու տեղադրել նախորդ շաբաթ ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամի ղեկավարի հետ Սյունիք կատարած այցն ամփոփոխ տեսանյութ, տեղեկացնում է News.am-ը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Շատ բնակիչներ ադրբջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված:
Տեսանյութում ներկայացված են մարդկանց խնդիրները, կարիքները, որոնք գնահատելու համար Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ այց էին իրականացրել Սյունիքի մարզ:
Այցերի ընթացքում մարդկանց բարձրացրած սոցիալական տարաբնույթ հարցերն արձանագրվել են, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկվեն լուծմանը նպաստելու ուղղությամբ»։