Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԳԵՆԵՐԱԼԱԿԱՆ ՈՒՍԱԴԻՐԻ ՊԱՏԻՎԸ

Հայոց նորագույն պատմության մեջ կա մի ֆանտաստիկ կերպար, որի անունը գրեթե ոչ ոքի որևէ բան չի ասում՝ Գուրգեն Տեր-Մովսիսյան։ 1918-ի Ղարաքիլիսիայի (ներկայիս Վանաձորի) ճակատամարտի նախօրեին Դիլիջանում գնդապետ Բեյ Մամիկոնյանը հավաքում է զորքին և մայիսյան հերոսամարտերի ընդհանուր հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանի անունից հրահանգում զորքի մի մասը ցրել, հրետանին էլ տեղափոխել Սևան։

Եվ միակ զինվորականը, որն ընդդիմանում է այդ հրամանին, հրետանավոր, կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանն էր։ Նա ոտքի է կանգնում և ասում՝ «Ես չեմ հնազանդի այդ որոշմանը, դա դավաճանություն է, ոչ ոք իրավունք չունի այդպես վարվելու հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ՝ մեռնելու, ով տղամարդ է և հայի արյուն ունի իր երակներում, թող գա իմ հետևից»։ Արցախցի այս հերոս հայորդին՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանը, իր մի քանի զինակից ընկերների հետ գնում է Ղարաքիլիսա, թշնամու դիրքերը հրետակոծում և այնտեղ էլ հերոսի մահով ընկնում։

Անձնվիրության նմանատիպ օրինակներ շատ կարելի է գտնել և՛ արցախյան առաջին, և՛ ապրիլյան քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմներում։ Թշնամու հրետանին ու տանկերը խոցած, վիրավոր մարտընկերներին կրակի տակից հանած, իրենց կյանքի կամ առողջության գնով զինակիցներին փրկած հերոս հայորդիների պատմությունների պակաս չկա վերջին պատերազմում։ Սակայն ցավոք, համեմատության եզրեր կան նաև գեներալ Նազարբեկյանի տված նահանջի հրամանի հետ։

Օրինակ, Քարվաճառի կամ Ասկերանի գնդերի հրամանատարները պատերազմի ամբողջ ընթացքում անառիկ պահեցին հայրենիքի՝ իրենց վստահված հատվածները։ Քարվաճառի կամ Ակնայի՝ անխոցելի մնացած այդ նվիրական հողակտորների հանձնումը տեղի ունեցավ գրչի մեկ հարվածով՝ առանց մեկ փամփուշտ կրակելու։ Զորքին հրահանգվեց նահանջել պատերազմի օրերին չնահանջած դիրքերից։ Մղկտալով, սրտից արյուն կաթելով՝ միջին սպայական օղակը, շարքային անձնակազմն ու կամավորականները քաղաքական պայմանավորվածության արդյունքում լքեցին իրենց դիրքերը։

Հետո պիտի պարզվեր, որ Որոտանի և Կովսականի՝ մեր վերահսկողության ներքո մնացած հատվածից հետ քաշվելու անընդունելի հրաման է իջեցվել, որը հակասում էր անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Եվ ամեն անգամ մտապատկերումդ անձնվեր կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանն էր, որը չհնազանդվեց անընդունելի քաղաքական որոշմանն ու իր կռիվը տվեց մինչև վերջ։

Հետպատերազմյան տասն ամսվա ամենանվաստացուցիչ տեսարաններից մեկը, թերևս, այն էր, երբ վարչապետի հրաժարականը պահանջելուց մի քանի շաբաթ անց ԶՈւ ԳՇ հրամանատարական կազմը հոտնկայս հյուրընկալեց նույն այդ վարչապետին, ապա գլխիկոր ընդունեց իր բաժին նախատինքները, թե բանակը չպետք է խառնվի քաղաքականությանը։

Դե իսկ խայտառակության գագաթնակետը վարչապետի աշխատակազմի ղեկավար, բանակում չծառայած Արայիկ Հարությունյանի կողմից նախարարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանին գեներալներին ներկայացնելն էր։

Ցավոք, պատերազմի ընթացքում և դրանից հետո մեր գեներալների մեջ կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի խիզախությունն ունեցող գեթ մեկ տղամարդ չգտնվեց։ Ավելին՝ պատերազմի ընթացքում նրանք չխորշեցին Հայաստանի ազգային հերոսի կոչումներ ստանալ, աստղեր ավելացնել իրենց ուսադիրներին։ Երբ 1920-ին Կարսի բերդն անարյուն և դավադրաբար հանձնվեց թուրքերին, չորս հայ սպա անձնասպան եղավ, ամենահայտնին գնդապետ Հովհաննես Մազմանյանի ինքնասպանությունն է։ Մեր գեներալների շարքում ո՛չ Գուրգեն Տեր-Մովսիսյանի անձնազոհությունը, ո՛չ էլ Հովհաննես Մազմանյանի պատվախնդրությունն ունեցող որևէ մեկը չկար։

Նրանք լուռ և հնազանդ մասնակիցը դարձան հայտնի դավադրություններին՝ անմռունչ կատարելով իրենց առջև դրված անընդունելի պահանջները, նահանջի հրաման արձակելով իրենց ենթակայության զորքերին, արժեզրկելով սպայի պատիվը և մեկընդմիշտ թաղելով շամպայնի մեջ օծած գեներալական ուսադիրները, որոնք այլևս որևէ գրոշի արժեք չունեն։