Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՇՈՒՐՋ 40 ՕՐ Է՝ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ ՍԵՎ ԼՃԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՈՐԱԾ ՄԵՐ ԵՐԿՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍԻՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում կորած երկու հայ զինծառայողների վերաբերյալ մինչ օրս որևէ տեղեկություն չկա, ինչը, ըստ պատգամավորի, վկայում է ռազմաքաղաքական իշխանության հանցավոր անտարբերության մասին։

«Շուրջ 40 օր է՝ տեղեկություններ չունենք Սյունիքի մարզի Սև լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողների մասին:

Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի վերնախավը խոսում է ամեն ինչից, բացի մեր կորած 2 զինծառայողների ճակատագրից:

Սա սովորական միջադեպ չէ, սա պատերազմական ժամանակահատվածում գրանցված դեպք չէ:

Հիշեցնեմ, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը մեր երկու զինծառայողի հետ, որից անմիջապես հետո մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Զինծառայողը սահմանին չի զգում պետության սատարումը, պետության ներկայությունը, սա զուտ միջադեպ չէ, սա ինքնին շատ բան է ասում զինված ուժերում, սահմանային հատվածում ստեղծված իրավիճակի և ռազմաքաղաքական իշխանության հանցավոր անտարբերության մասին», - գրել է Տիգրան Աբրահամյանը:

Aysor.am