Ավթանդիլյան․ Վարժական հավաքներին չեն մասնակցի առողջական խնդիրներ ունեցող անձինք

Օգոստոսի 25-ին մեկնարկող եռամսյա վարժական հավաքներին մասնակցելու են ենթակա շարքային և ենթասպայական կազմի մինչև 53 տարեկան, սպայական կազմից՝ մինչև 55 տարեկան պահեստազորայինները: Այս մասին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ԶՈՒ Զորակոչային և զորահավաքային ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը:

ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ վարժական հավաքներին մասնակցելու պարտավորությունը չի տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք առողջական խնդիրներ ունենալու հիմքով ազատված են զինվորական ծառայությունից:

«Ընտանիքի կազմում փոփոխություն լինելու՝ 4 և ավելի երեխա ունենալու դեպքում, 7-օրյա ժամկետում քաղաքացիները պարտավոր են տեղեկանք ներկայացնել իրենց տարածքային զինկոմիսարիատներ, որպեսզի մենք իմանանք իր ընտանեկան վիճակը: Առողջական խնդիր ունեցող պահեստազորայինները պարտավոր են առողջական վիճակի փոփոխման դեպքում տեղեկանք ներկայացնել զինկոմիսարիատ, որի հիման վրա բժշկական հետազոտության են ուղարկվելու, ապա զինկոմիսարիատի բուժանձնակազմը որոշելու է նրա պիտանելիությունը զինծառայության համար: Ովքեր կլինեն պիտանի, կզորակոչվեն վարժական հավաքներին»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը:

Ավթանդիլյանը շեշտել է, որ զորահավաքներին մասնակցելու պարտավորություն ունեն առաջին կարգում հաշվառված քաղաքացիները, որոնք ծառայել են բանակում և համարվում են պահեստազորային:

«Կան գիտությունների թեկնածուներ, որոնք օրենքով սահմանված կարգով ազատված են զինվորական ծառայությունից: Նրանք առաջին կարգին չեն դասվում, իսկ ռազմական ամբիոն ավարտած սպաները ենթակա են վարժական հավաքներին մասնակցելու»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը:

Ավթանդիլյանը հիշեցրել է, որ վարժական հավաքի մասնակիցներն ունենալու են զինծառայողին հավասարեցված կարգավիճակ, և, համապատասխան իրենց զինվորական կոչումներին, վարձատրվելու են. դասակի հրամանատարները՝ մոտ 180 հազար դրամ, կրտսեր ենթասպայական և շարքային անձնակազմից զորակոչվողները՝ շուրջ 148 հազար դրամ, գումարտակի հրամանատարները՝ ավելի քան 385 հազար դրամ:

Եթե, ըստ անհրաժեշտության, զորակոչված պահեստազորայինները մասնակցեն նաև մարտական հերթապահության, ապա նրանց աշխատավարձերը կարող են աճել 50-70 հազար դրամի չափով, տեղեկացնում է News.am: