ԵՐԲ ԲԱՑԻ «ՄԱՄԱՅԻ ԱՐԵՎ»-ԻՑ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆ

Հայկական հայտնի տելեգրամ-ալիքներից մեկն օրերս գրել էր, որ 2018-ից ի վեր մեծ տարածում ունեցող «հեղափոխական» այն հակափաստարկը, թե «իսկ այ նախկինների ժամանակ...», մի տեսակ սպառվել ու դուրս է եկել գործածությունից։ Թույլ տվեք չհամաձայնել. կենցաղային բառապաշարից՝ միգուցե, իսկ այ քաղաքականից՝ դեռևս ոչ այնքան։ Դրա հետ մեկտեղ ներկայիս իշխանությունը շատ ակտիվ օգտագործում է իր «բարի կամքի» թեզը և իր իսկ «ազնիվ խոսքը»։ Այդքանով բոլոր փաստարկներն ավարտվում են և սկսվում են մեղադրանքներն ու սպառնալիքները։ Ընդ որում, եթե 2018-ին այդ «ժողովրդական իշխանությունը» սպառնում էր ժողովրդի արդար զայրույթով և ամբոխի հաշվեհարդարով, ապա այժմ՝ առավելապես քրեական գործերով...

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ: Դե, գործնականում այն ամենի, ինչ քննադատում էր ներկայիս իշխանությունը ընդդիմություն եղած ժամանակ։ Խոսքի, ԶԼՄ-ների, հավաքների ազատություն, սուպերվարչապետություն, Սահմանադրական դատարան, կուտակային կենսաթոշակային համակարգ, «Հայաստան» հիմնադրամ, օլիգարխների ներկայություն իշխանության մեջ, բուհերի քաղաքականացում, ջրառ Սևանա լճից... Եվ սա լոկ այն է, ինչը թռուցիկ մտաբերեցինք։

Ավելի քան երեք տարի շարունակ այս իշխանությունը հասարակությանն է հրամցնում այն սուտը, թե իր հռետորաբանության մեջ ատելությունը տեղ չունի. միայն «հանդուրժողականության, եղբայրության և համերաշխության մթնոլորտ», և ընդ որում իր ողջ նախընտրական արշավն անցկացնում է չագուճը ձեռքին։ Այդ ժամանակից ի վեր շատերը, ովքեր այլ տեսակետ ունեն կատարվող ամենի վերաբերյալ, իրենց մաշկի վրա զգացել են այդ մթնոլորտը բնավ ոչ մեկ, ոչ էլ երկու անգամ։ Ըստ որում՝ ինչպես իրական կյանքում, այնպես էլ վիրտուալ տարածքում։ Կալանավորումները, քրեական գործերի կարուձևը շարունակվում են առ այսօր և, դատելով սուպերվարչապետության լիազորություններից հրաժարվելու Փաշինյանի ցանկության բացակայությունից և միանձնյա կառավարման ձգտումից, դեռ շարունակվելու են։

Ժամանակին ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագրի» կողմից քննադատվող և «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության կողմից արդարացվող սուպերվարչապետական լիազորությունների մասին շատ է խոսվել։ Մենք լոկ ուշադրություն են հրավիրում ներկայիս իշխանության հիմնական փաստարկի վրա, որը ներկայացվում է, նկատեք, համակարգային, ինստիտուցիոնալ որոշման փոխարեն. «անհատի բարի կամք» և «ազնիվ խոսք»։ Ասել է թե՝ նախկին իշխանությունը կարող էր ի չարս օգտագործել ուժայինների անմիջական ենթակայությունը, անտեսել շահերի բախումը՝ ուժային կառույցների կողմից որոշակի գործերի քննության ժամանակ, ճնշում գործադրել այդ գերատեսչությունների վրա, օգտագործել դրանք անձնական նպատակներով, իսկ եթե հետաքննությունը շոշափեր անձամբ վարչապետին, ապա պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ կարող էր անել նախկին իշխանությունը... իսկ Նիկոլ Փաշինյանը դա չի անի։ Ազնիվ խո՛սք։

Ազնիվ խոսքն այս իշխանությունը, ինչպես ցույց են տալիս զարգացումները, դրժեց. բերման ենթարկումներ, ձերբակալություններ, կալանավորումներ, ծեծուջարդ, իրավապահների աննախադեպ դաժանություն քաղաքացիների նկատմամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ ուժայինների անմիջական ենթակայության օգտագործում ի չարս։ Ուրիշ ինչպիսի՞ն դա պետք է լինի, որպեսզի կոչվի այդպիսին։ Իր գալուց շատ չանցած այս «ժողովրդի իշխանությունը» համարեց, որ ի նշան բողոքի ճանապարհներ փակող քաղաքացիները նման լիազորություններ չունեն, քանի որ դրանով սահմանափակում են այլ քաղաքացիների իրավունքները…

Այսօրվա իշխանությունն իր ընդդիմություն եղած ժամանակ բաց չէր թողնում պարտադիր կուտակային համակարգի հակառակորդների բողոքի ոչ մի ակցիա։ Բայց նույն այդ իշխանությունը իր գալուց անմիջապես հետո ներդրեց կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ Այսօր ԱԺ-ի ղեկավարության կազմում փոխխոսնակի աթոռին նստած է այն մարդկանցից մեկը, որոնք հանրապետականների իշխանության օրոք հանրահավաքներ էին անում այդ համակարգի դեմ։ Իսկ այն հարցին, թե ինչու հիմա չի ընդդիմանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, նա պատասխանեց, թե այն իշխանությանը ինքը չէր վստահում, իսկ այս իշխանության ազնիվ խոսքին ու երկարաժամկետ փողերը չլափելու խոստմանը վստահում է։

Ի դեպ, կրկին իսկ վստահության ու ազնիվ խոսքի մասին: Հենց դրանց է կոչ անում ապավինել հասարակությանը ներկայիս իշխանությունը, երբ խոսք է բացվում պատերազմի օրերին «Հայաստան» հիմնադրամի հավաքած միլիոնների մասին։ Այն միջոցների, որոնք հիմնադրամն առանց հարցնելու փոխանցեց կառավարությանը, ինչով զայրացրեց Սփյուռքի մեր հայրենակիցներին ու մեր քաղաքացիներին և անվստահություն առաջացրեց իր գործունեության նկատմամբ։ Վերջերս ԱԺ պետաիրավական և ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողովների ղեկավարները կոչ արեցին հավատալ ու վստահել իշխանության ազնիվ խոսքին, թե իբր՝ հիմնադրամի միջոցներից իրեն փոխանցված 107 մլն դոլարն արդյունավետ է ծախսվել։ Հավատալ ու վստահել ազնիվ խոսքին, թե այս իշխանությունը չի թալանում և անձնվիրաբար աշխատում է ի նպաստ մեր քաղաքացիների, վե՛րջ։

Ճիշտ նույն կերպ վարվելու կոչ էր անում օրերս նաև Սևանից լրացուցիչ ջրառի թույտվության համար խորհրդարան եկած Ջրտնտեսության ղեկավարը։ Նա ոչ մի ծանրակշիռ փաստարկ չբերեց և չպատասխանեց, թե ուր են անհետացել Սևանի ջրի օրենքով թույլատրված 170 մլն խորանարդ մետրերը, եթե հիմա լրացուցիչ 75 մլն խմ ջրի պահանջ է առաջացել։ Մանավանդ որ Սևանի ջրով ոռոգվող հողերի մակերեսը կրճատվել է։ Ցուցանշական է, որ ներկայիս իշխանությունը ընդդիմություն եղած ժամանակ Սևանից լրացուցիչ ջրառի համար ԱԺ դիմող հանրապետականների կառավարությանը մեղադրում էր կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման մեջ, որպես գլխավոր փաստարկ բերելով իր անվստահությունը իշխանությունների հանդեպ։ Հիմա նա, չներկայացնելով ոչ մի հիմնավորում, կոչ է անում վստահել իրեն ու հավատալ իր ազնիվ խոսքին, թե Սևանի ջուրը օգտագործվել է և կշարունակի օգտագործվել արդյունավետ։

Այս իշխանությունը խոստացել էր, որ իր գալուց հետո օլիգարխներ իշխանության մեջ չեն լինելու։ Բայց նրանցից մեկին, ընդդիմադիր խմբակցության ղեկավարին, սկզբում անվանեց խոշոր սեփականատեր։ Իսկ հետո ընդհանրապես երկու մագնատների ընդգրկեց իր խմբակցությունում։ Այս իշխանությունը խոստացել էր ապաքաղաքականացնել բուհերը, իսկ իրականում է՛լ ավելի քաղաքականացրեց դրանք՝ նախկին ռեկտորներին փոխարինելով նորերով, ցրելով բուհերի հոգաբարձուների խորհուրդները, ամենուրեք տնկելով իր դրածոներին։ Զրպարտությանն ու վիրավորանքին վերաբերող հոդվածները ապաքրեականացվել են նախկին իշխանությունների կողմից, դրանց խախտման համար չափավոր տուգանքներ են սահմանվել դեռևս նախկին իշխանության օրոք: Այդ թվում՝ ոչ առանց խոսքի ազատության համար պայքարող ԶԼՄ-ների, ակտիվիստների և ընդդիմադիրների ջանքերի։ Այն մարդկանց, ովքեր այսօր ներկայացնում են իշխանությունը, երկիրն անվանում ժողովրդավարության բաստիոն և... բաժանում ԶԼՄ-ներին յուրայինների ու հակաների, սահմանում աստղաբաշխական տուգանքներ, քրեականացնում վիրավորանքը, անում ամեն ինչ, որպեսզի մամուլը կոշտ գրաքննության ենթարկվի, առավելագույնս սահմանափակվի լրագրողների աշխատանքը։ Իսկ ազատ մամուլի թշնամիներից մեկին՝ նախկին լրագրողին, որը, դառնալով իշխանավոր, անձամբ բազմիցս վիրավորել է լրագրողներին, նշանակում են մամուլի հետ կապերի իշխող խմբակցության պատասխանատու։

... Հին նոր կառավարությունն աչքի ընկավ նրանով, որ այսուհետ կառավարության անդամները հոտնկայս են ողջունում վարչապետին։ Օրերս լրատվամիջոցներում ու սոցցանցերում տարածվեց ԱԺ աշխատասենյակներից մեկի լուսանկարը, որի պատը զարդարված է Նիկոլ Փաշինյանի դիմանկարով։ Այդօրինակ բոլոր երևույթները նախկին իշխանության օրոք ՔՊ-ական ընդդիմադիրները քննադատում էին անողոքաբար, անվանելով ավտորիտարիզմ։ Այսօր նույն այդ մարդիկ, դառնալով իշխանավորներ, անվանում են նման պահվածքը կոռեկտություն պետության առաջին դեմքի նկատմամբ, իսկ երկիրը՝ ժողովրդավարության բաստիոն…