ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԹՇՆԱՄԱՆՔԸ
Խորհրդարանին ներկայացված կառավարության ծրագրի հիմնադրույթը, պարզվում է, կայուն խաղաղության ձգտումն է, այսինքն՝ արևելյան և արևմտյան երկու հարևան պետություններն իբրև թշնամի չընկալելու կանխավարկածը։ Ադրբեջանի և Թուրքիայի կառուցողականության վրա հույս դնելով՝ կառավարող թիմը հույս ունի կարգավորելու հարաբերություններն այդ երկրների հետ և հավերժ փակելու թշնամանքի էջը։ Լավ բաժակաճառ է, իհարկե, եթե միայն չհիշենք, թե այդ որ երկրներն էին ամիսներ առաջ «Բայրաքթարներ» ուղարկում մեր զորքի և խաղաղ բնակչության վրա, այսօր էլ սպառնում են հայության ֆիզիկական ոչնչացմամբ։
Առհասարակ, այս արտահերթ ընտրության նախընտրական քարոզարշավն առանձնացավ խաղաղասիրական թեզերի առատությամբ։ Եթե 2017-ի ԱԺ ընտրություններին «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով մասնակցում էր մարգինալ ՀԱԿ-ը, որը չանցավ խորհրդարան, այս անգամ կայուն խաղաղության էջը բացել է խոստանում այն իշխանությունը, որն ամիսներ առաջ երկիրն աղետալի պատերազմի, ապա և պարտության եզրին հասցրեց։
Նախընտրական քարոզարշավից դեռևս ամիսներ առաջ սկսած իր մարզային հանդիպումներում, ի դեպ՝ խախտելով ընտրական օրենսդրությունը, Փաշինյանը խոսում էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման առավելությունների մասին։ Դա ուղեկցվում էր իր, Անվտանգության խորհրդի վերանշանակված քարտուղարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով, թե պետք է վերանայել Թուրքիայի հանդեպ մեր մոտեցումը, Թուրքիան այլևս Հայաստանի թշնամին չէ, թշնամանքը պետք է կառավարելի դարձնել։
Իշխանությունը մի ձեռքով, փաստորեն, խիստ անընդունելի, հանրության զգոնությունը և անվտանգության զգացողությունը բթացնող մտքեր է արտահայտում, մյուս կողմից՝ հավասարության նշան է դնում Հայաստանի ապաշրջափակման հարցում մեր և Ադրբեջանի շահերի միջև։ Սա պարզունակ, բայց չափազանց վտանգավոր մանիպուլյացիա է, և շատ ցավալի է, որ մեր մարզաբնակ շատ հայրենակիցներ կուրորեն տրվեցին այդ մանիպուլյացիային՝ հավատալով, թե Փաշինյանին վերընտրելով՝ կայուն խաղաղության դարն է սկսվելու։
Արդյունքում՝ թշնամին միայն լկտիացավ, ախորժակը մեծացրեց՝ ԱԹՍ-ներ ուղարկելով Վարդենիսի գյուղերի վրա, թիրախավորելով Երասխը, ամրանալով Սև լճում և Կութում, հավակնելով ամբողջ Սյունիքին։ Փոխանակ այս շարունակական սադրանքները կանխելու, թշնամուն զսպելու և հետ շպրտելու՝ վարչապետն զբաղված է թշնամական թեզերի փաստացի հիմնավորմամբ, որ եթե մենք Ադրբեջանի տարածքով ճանապարհ ենք ստանալու, իրենք էլ պիտի Սյունիքով կապվեն Նախիջևանի հետ։
Փաշինյանն, իհարկե, հմտորեն շրջանցում էր այն հարցը, թե այդ ինչո՞ւ է թուրքական վաղեմի ռազմաստրատեգիական նպատակի իրականացումը հիմնավորում սեփական «ազգային» շահով։ Այդ շահն էլ, պարզվում է, Նախիջևանի տարածքով Ռուսաստանի հետ կապվելն է, ինչը լոգիստիկ առումով պարզապես անհեթեթություն է։ Հայկական կողմը չի կարողանում հասնել անգամ Երևան-Այրում-Թբիլիսի-Բաքու-Դաղստան-Մոսկվա գործող երկաթգծի վերագործարկմանը, ի՞նչ այլընտրանքների փնտրտուքի մասին է խոսքը։
Ի վերջո, անցած տասն ամսում այդպես էլ չտրվեց երկու պարզ, բայց սկզբունքային հարցի պատասխան։ Նախ՝ ո՞ր ազգի ներկայացուցիչ մաքսավորը և սահմանապահը պետք է հսկեն Սյունիքում ձևավորվելիք հաղորդակցության ուղիները՝ հա՞յ, ռո՞ւս, թե՞ ադրբեջանցի։ Հայկական կողմը կարող է շարունակաբար վիճարկել միջանցք բառի կիրառությունը, բայց ոչ հայ ցանկացած մաքսավորի ու սահմանապահի ներկայությունն ինքնիշխանության փաստացի զիջում է ենթադրելու։
Եվ ապա՝ Նախիջևանում և Ադրբեջանում ո՞վ է երաշխավորելու մեր բեռնափոխադրումների անվտանգությունը, երբ նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին, Սյունիքի և Գեղարքունիքի մի շարք հողատարածքներում, մեր անվտանգությունը երաշխավորող չկա, և մենք կարող ենք գերեվարվել մեր իսկ երկրում։