ՀՐԱՏԱՊ ՕՐԱԿԱՐԳԸ ԿԼԱՆՎԵՑ ՈՒ ԿՈՐԱՎ ՍԿԱՆԴԱԼԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ
Այս օրվան էլ հասանք. անվտանգության ծառայության աշխատակիցները ԱԺ նիստերի դահլիճում ծեծել են ժողովրդին առաջնային մանդատով օժտված պաշտոնատար անձանց: Չէ՞ որ հենց առաջնային մանդատի մասին են սիրում խոսել իշխող խմբակցության պատգամավորները, որոնք երեկ հանգիստ հետևում էին ծեծին։ Թե՞, ճիշտ ինչպես մեզանում ներկայումս հանրաճանաչ ու արդիական դարձած օրուելյան «Անասնաֆերմա»-ում, անվտանգության աշխատակցի առաջնային մանդատն ավելի առաջնային է, քան ընդդիմադիր պատգամավորներինը։ Դատելով Փաշինյանի հայտարարություններից և Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին ԱԺ ամբիոնից նրա հայտնած շնորհակալությունից, այդպես է որ կա…
Ընդդիմությունը, ինչպես հայտնի է, արդեն հայտարարել է, որ կդիմի իրավապահ մարմիններին։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարություն են տարածել, նշելով, որ 2021 թվականի օգոստոսի 24-ը դառնալու է Հայաստանի խորհրդարանի պատմության ամենախայտառակ էջերից մեկը, երբ Սահմանադրության և օրենքների խախտումով հանցագործություն է կատարվել ժողովրդավարական և խորհրդարանական նորմերի դեմ։ Եվ որ Հայաստանում բռնության քարոզչությունն ու ատելության մթնոլորտը ունեն մեկ աղբյուր. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Անչափ կցանկանայինք հուսալ, որ ընդդիմությանը կհաջողվի այդքանով սահմանափակվել նաև այսօր՝ կառավարության ծրագրի քննարկման երկրորդ օրվա ընթացքում, և իշխանությունները չեն կարողանա նոր սկանդալ սադրել ու դրա մեջ ներքաշել ընդդիմությանը։ Եվ վերջինս ԱԺ-ում առաջ կտանի իր օրակարգը։
Քանզի, համաձայնեք, երբ բոլոր խնդիրները հանգում են քաղբանտարկյալների ազատ արձակման համար պայքարին, դա նշանակում է, որ իշխանությունները կարողացել են ընդդիմությանը թելադրել իրենց օրակարգը և ուշադրություն շեղել գլխավոր թեմաներից։ Ժողովուրդը հոգնում է մշտական փոխադարձ կշտամբանքներից, սկանդալներից, որոնց արդյունքում գրեթե ոչ մի հրատապ խնդիր չի լուծվում, հատկապես՝ այսօր առավել քան արդիական անվտանգության խնդիրը։
Այս անգամ ընդդիմությանը կարծես թե հաջողվեց չենթարկվել իշխանության հնարքին, որը հենց նախքան ԱԺ-ում ծրագրի քննարկումը «կազմակերպեց» պատգամավոր Արմեն Չարչյանի կալանավորումը. այդ թեմայով ելույթները չափավոր էին։ Ակնհայտ էր, որ իշխանությանը չհաջողվեց հասնել իր նպատակին. շեղել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ուշադրությունը իրենց կողմից առաջ մղվող օրակարգից։ Տասնյակ պատգամավորների հարցերը վերաբերում էին այն ամենին, ինչն այսօր հուզում է սթափ մտածող հանրությանը, ակնբախորեն ցույց տալով, որ կառավարության ներկայացրած փաստաթուղթն ընդհանուր ոչինչ չունի մեր իրողությունների հետ։
Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով գործարկվեց «Բ» ծրագիրը։ Բայց ոչ թե ընդդիմության, այլ իշխանության, որը մշակել է այդ մեթոդը դեռևս նախորդ գումարման խորհրդարանի օրոք՝ կիրառելով ԲՀ-ի և ԼՀ-ի առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի և Էդմոն Մարուքյանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ առաջինի հետևից միջնորդությամբ ԱԺ էր եկել գլխավոր դատախազը։ Երկրորդին իմքայլականները ԱԺ ամբիոնի մոտ ծեծեցին Փաշինյանի վարչապետ նշանակվելուց ուղիղ երկու տարի անց՝ 2020-ի մայիսի 8-ին։
Ի դեպ, այն ժամանակ էլ վարչապետը լուռ հետևում էր ծեծկռտուքին։ Իսկ հետո, ելնելով ամբիոն, անվանեց դա... բռնություն իշխանության նկատմամբ և սադրանք, որին ենթարկվել են իր թիմի անդամները։ Սկզբում հայտարարելով, թե դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, Փաշինյանը նշեց, թե իշխանությունն արդեն երկու տարի շարունակ հետևողականորեն ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնության, իսկ այժմ՝ նաև ֆիզիկական։ Այն ժամանակ ԼՀ-ն էլ դիմեց իրավապահ մարմիններին, որոնք հանցակազմ չտեսան՝ հայտարարելով, թե ծոծրակին ու հետույքին ստացած մի քանի հարվածը դեռ ծեծ չէ…
Թե ինչպես այս անգամ իրենց կպահեն իրավապահները, պատասխանատվության կենթարկե՞ն արդյոք պատգամավորներին հարվածած անվտանգության աշխատակիցներին, ցույց կտան զարգացումները, թեև խոստովանենք, մեծապես կասկածում ենք։ Թեպետ, դա հարցի մյուս կողմն է։ Իսկ առայժմ կարելի է արձանագրել, որ Փաշինյանին ու Սիմոնյանին, պահազորի պետ Հովհաննիսյանի հետ միասին, հաջողվեց կենսագործել իրենց ծրագիրը և շեղել թե՛ ընդդիմության, թե՛ հասարակայնության ուշադրությունը ընդդիմության բարձրացրած սուր հարցերից, որոնք հուզում են մեր հասարակությանը։ Իսկ ավելի ճիշտ՝ այն փաստից, որ իշխանությունը չունի այդ հարցերի պատասխանները։
Օրինակ, թե ինչու են թշնամուն հանձնվել այն տարածքները, մասնավորապես՝ Հին Թաղերը, Խծաբերդը, Կովսականը և այլ բնակավայրեր, որոնց որևէ անդրադարձ չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Կամ պե՞տք է արդյոք ենթադրել, որ նոր պատերազմի սպառնալիքի դեպքում թշնամուն կարող են հանձնվել արդեն ՀՀ-ի, գուցե նաև Արցախի նոր տարածքներ։ Կամ եղե՞լ Է արդյոք առանձին փաստաթուղթ Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհահատվածների վերաբերյալ: Կամ ի՞նչ ռիսկեր է տեսնում կառավարությունը հաղորդակցության բացման մեջ։ Կամ ինչպե՞ս է կառավարությունը մտադիր բարեփոխել բանակը, մի՞թե պրոֆեսիոնալ բանակի անցնելը չի անդրադառնա երկրի պաշտպանունակության վրա: Կամ կառավարության ինչի՞ն է պետք փոխադրել ՊՊԾ-ն վարչապետի անմիջական ենթակայության տակ։ Կամ ինչո՞ւ Արցախում ներդրումների մասին իշխող կուսակցության նախընտրական խոստումները տեղ չեն գտել կառավարության 5-ամյա ծրագրում։ Կամ այն, որ Փաշինյանը հրաժարվեց Հադրութն ու Շուշին անվանել բռնազավթված՝ պատճառաբանելով, թե դա ԱԺ նիստ է, այլ ոչ թե ռազմահայրենասիրական թեմայով երեկո։ Կամ…
Հարցեր՝ հրատապ ու բազմազան, ընդդիմության կողմից հնչեցին մեծ քանակությամբ, և Փաշինյանն էլ տվեց որոշ պատասխաններ, որոնք արժանի են սևեռուն ուշադրության ու առանձին վերլուծության: Բայց դրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը, կլանվեցին ու կորան ԱԺ-ում բռնկված սկանդալի հորձանուտում։ Միջին վիճակագրական հանրության ուշադրությունը կենտրոնացավ ոչ թե հատիկի, այլ թեփի վրա, ինչի հետևանքով սոցցանցերում արդեն մտքեր են շրջանառվում են ընդդիմությունից հիասթափության մասին, թե իբր՝ այդ սկանդալները ձեռնտու են երկու կողմերին, որոնք փորձում են փրկել սեփական դեմքը։
...Կլինի արդյոք այսօր ԱԺ-ում երկրորդ ռաունդ, թե՞ ընդդիմությանը կհաջողվի չտրվել իշխանության սադրանքներին, ցույց կտան զարգացումները։ Իսկ առայժմ ակնհայտ է, որ իշխանությունները պահուստում ունեն հասարակայնությանը շեղելու և հիմարացնելու նաև այլ ծրագրեր. «Գ», «Դ», և այդպես շարունակ՝ այբբենական կարգով։ Օրինակ, Փաշինյանի կողմնակիցների հավաք խորհրդարանի շենքի մոտ այսօր ցերեկով, որպեսզի «սովորեցնեն ընդդիմությանը հարգել գործող իշխանության ԱԺ-ում գտնվող բոլոր ներկայացուցիչներին»։ Երեկ Ֆեյսբուքում այդպիսի կոչ էր արել տխրահռչակ Դիանա Մարտիրոսյանը, որի անունը, ըստ շրջանառվող լուրերի, կապում են իշխանության սիրելի օլիգարխ... խոշոր սեփականատեր, ներկայումս ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։