ՄԻԱՅՆ ԹԵ՝ ԱՌԱՆՑ «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ»…
Անհասկանալի տարածքային զիջումներն Ադրբեջանին, որոնք արեց Նիկոլը, նոյեմբերի 9-ի համաձայնագրով ոչ մի կերպ չնախատեսված զիջումներն իրենց զգացնել են տալիս. ադրբեջանցիները երեկ կեսգիշերին մոտ փակել են Գորիս-Կապան ճանապարհահատվածը, թույլ չտալով անցնել մի քանի տասնյակ ավտոմեքենաների։ Ռուս և հայ սահմանապահների հետ բանակցություններից հետո մեքենաները բաց են թողել, սակայն ճանապարհի արգելափակումը հանել են միայն առավոտյան։ Այդպես է հաղորդվում, սակայն բացառված չէ, որ սադրանքները կշարունակվեն։
Հիմա կարեվոր է, որ խորհրդարանական ընդդիմությունը թույլ չտա այն սխալը, որը դրա ներկայացուցիչ ուժերը բազմիցս թույլ են տվել նախկինում։ Սպառազինության չառնի այն կեղծ հայրենասիրական կարգախոսը, թե իբր՝Բաքվի սադրանքների հետևանքով առաջացած հերթական ճգնաժամի պայմաններում պետք է միավորվել կառավարության շուրջ, չնայած տարաձայնություններին։
Փաշինյանի կառավարության հետ ոչ մի համագործակցություն չպետք է լինի։ Նոր ճգնաժամը ստեղծել է այս իշխանությունը, և հենց ինքն էլ պետք է վերացնի դա։ Ընդդիմության խնդիրն է՝ հասնել կառավարության հրաժարականին։
Եթե դրա համար անհրաժեշտ են փողոցային ակցիաներ, պետք է լինեն փողոցային ակցիաներ։ Առիթներն առավել քան շատ են. իշխող խմբակցության պատգամավորների խուլիգանական պահվածք խորհրդարանում, ընդդիմադիր երեք պատգամավորների կալանավորում՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքի շրջանցումով, ակնբախ են քաղաքական բռնաճնշումները, կառավարությունն ի վիճակի չէ ապահովել իր քաղաքացիների անվտանգ ու անարգել տեղաշարժը հանրապետության տարածքում: Այս ամենը՝ արդեն հունիսի 20-ի ընտրություններից հետո։ Ուրիշ ի՞նչ է պետք, որ Փաշինյանի կառավարության անհապաղ հրաժարականի մասին կարգախոսը կրկին հայտնվի ընդդիմության հիմնական օրակարգում։
Եվ պետք չէ մտածել, թե դա ձեռնտու է Ալիևին։ Ամենևին էլ ձեռնտու չէ։ Ալիևին Հայաստանում ձեռնտու է միայն Փաշինյանի ոչնչով չսահմանափակված իշխանությունը։ Այդժամ նա կարող է ակնկալել ստանալ ավելին, քան այն, ինչ արդեն ստացել է։
Այն, որ վերջին շրջանում Ալիևը դժգոհ է, ակնհայտ է։ Դրա պատճառները շատ են։ Մինսկի խմբի համանախագահ երկրները շարունակում են պնդել Ալիևին, որ հակամարտությունը լուծված չէ և լուծված չի համարվի, քանի դեռ չի որոշվել Արցախի կարգավիճակը։ Ռուս խաղաղապահները հասկացնել են տալիս, որ լուծելու են դրված խնդիրները՝ Արցախում խաղաղության ապահովման ուղղությամբ, անկախ նրանից՝ դուր է գալիս դա Բաքվին, թե ոչ։ Նույնը կարելի է ասել Մոսկվայի ու Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի մասին։ Դրան հավելենք հերթական սառեցումը ռուս-թուրքական հարաբերություններում…
Դե, և վերջապես այն, որ Ալիևը գիտակցում է. հայկական կողմից նոր զիջումներ չեն սպասվում։ Դրա որոշակի երաշխիքն են նաև խորհրդարանական գործընթացները, որոնք ցույց են տալիս, որ խորհրդարանական ընդդիմությունը թույլ չի տա իշխանություններին գնալ որևէ նոր հնարավոր զիջումների։
Հասկանալով, որ նոր զիջումներ չեն սպասվում, Ալիևը սադրում է լարվածության նոր օջախների բռնկում, հենց այն հաշվարկով, թե հերթական սադրանքը կնպաստի Հայաստանում ներքաղաքական թեժ պայքարի թուլացմանը, ուշադրություն կշեղի խորհրդարանում Նիկոլի խուլիգան հաճկատարների խայտառակ պահվածքից, և հետևաբար՝ արդյունքում կնպաստի Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։
Հուսանք, որ ընդդիմությունը կուլ չի տա այդ խայծը, որքան էլ նրան դրդի դա անել Բաքվի ու Անկարայի շահերը Երևանում սպասարկող հինգերորդ շարասյունը, որը գործում է բավական անկաշկանդ, քանի որ մեր ԱԱԾ-ն զբաղված է հիմնականում Նիկոլի ու նրա գրպանային օլիգարխների շահերի սպասարկմամբ։ Որքան էլ որ իշխանությունը ձգտի շահարկել կառավարության շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը։ Ընդդիմության ամենամեծ սխալը կլինի, եթե նա հիմա «կառուցողական կեցվածք» ընդունի և հայտարարի Նիկոլի հետ համագործակցելու անհրաժեշտության մասին։ Ալիևի ուզածն էլ հենց դա է։
Ընդդիմությունը պարտավոր է շարունակել կոշտ դիմակայության քաղաքականությունը, ինչպես որ պահանջում են իրեն ընտրած մարդիկ։ Այո, իշխանությունը շահարկելու է դա, թե իբր՝ ընդդիմությունը խանգարում է։ Բայց իրար պաս տվող Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի խաղին ենթարկվելու իրավունք ընդդիմությունը չունի։ Այո, հնարավոր է, որ ընդդիմության վարկանիշը թեթևակի ընկնի։ Բայց ի՞նչն է նրա համար ավելի կարևոր. վարկանիշը, թե՞ պետության շահերի պաշտպանությունը, նրա անվտանգությունը։ Իսկ հենց պետության շահերի պաշտպանությունն էլ պահանջում է շարունակել կոշտ դիմակայություն ցուցաբերել գործող իշխանությանը։ Կառուցողականություն կխաղաք հետո, կառուցախեղդ եղանք արդեն...
Հ.Գ.- «Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանը, որը բոլոր թեթև ընդհարումների ժամանակ անվտանգության աշխատակիցներին անմիջապես ներս էր հրավիրում, Ալեքսանյանի կողմից ոտքով հարվածելուց հետո նման հրահանգ չհնչեցրեց։ Մոտ 5 րոպե իշխող մեծամասնությունը ծեծի էր ենթարկում փոքրաթիվ ընդդիմությանը, որից հետո նոր ՊՊԾ զորքը մտավ դահլիճ։ Փաշինյանն այդ ընթացքում ինքնագոհ հետևում էր, թե ինչպես են իր քավոր Վահե Ղալումյանը, Հայկ Սարգսյանը ծեծում Հակոբյանին, Գեղամ Մանուկյանին և մյուսներին»։ Դե-դե, տղաներ։
Հ.Հ.Գ. Կապան-Գորիս միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, ադրբեջանցիներն առայժմ կոնկրետ ոչինչ չեն պահանջում: Այս մասին հայտարարել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։