ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՄԱՐԴՈՒ՝ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՏԵՍԱԿ
Ինդոնեզական Սուլավեսի կղզում՝ Լեանգ Պանինգե քարանձավում, հայտնաբերվել է կնոջ կմախք, որը անհայտ ազգության ներկայացուցիչներից է՝ գիտնականներին հայտնի որպես «տոալեացիներ»: Ինչպես հաղորդել է Daily Mail-ը, կինն ապրել է մոտ 7200 տարի առաջ:
Քարանձավում հայտնաբերված երիտասարդ կնոջ կմախքը ճանաչվել է որպես հնագույն մարդու նոր տեսակ, որն անհետացել էր 1500 տարի առաջ: Գիտնականները կնոջը անվանել են «Բես», փոխանցել է Gazeta-ն:
Գտածոն ուշագրավ է նրանով, որ գիտնականները կարողացել են հետազոտել Բեսի ԴՆԹ-ն, չնայած այն հանգամանքին, որ հասարակածային լայնությունների տաք և խոնավ կլիմայական պայմաններում օրգանական նյութերը սովորաբար չափազանց արագ են քայքայվում:
Տոալեացիները, որոնցից էր Բեսը, զբաղվում էին հավաքչությամբ ու որսորդությամբ և ապրում էին Մեծ Զոնդյան կղզիներում մինչև մ.թ. VI դար, երբ նրանց փոխարինելու եկան Ասիայի ավստրոնեզիացիները, որոնք մինչ օրս բնակեցնում են Ինդոնեզիան: Նոր գտածոյի շնորհիվ պարզվեց, որ տոալեացիները ավստրալացի աբորիգենների և պապուասների ազգականներ չեն, ինչպես նախկինում կարծում էին: Նրանց պոպուլյացիան, ըստ երևույթին, հայտնվել է այս տարածաշրջանում Սառցե դարաշրջանի վերջում և որևէ կերպ կապված չէ տարածաշրջանում բնակվող ժողովուրդներից որևէ մեկի հետ:
Գենետիկական փորձաքննության արդյունքում պարզվել է նաև, որ Լեանգ Պանինգեի մարդու գենոմը պարունակում է դենիսովցիների ԴՆԹ-ից, որը նախամարդկանց անհետացած տեսակներից է: Գիտնականները ենթադրում են, որ Սուլավեսի շրջանում դենիսովցիները ակտիվորեն խառնվել են հին մարդկանց հետ:
«Այն փաստը, որ նրանց գեները հայտնաբերվել են Լիանգ Պանինգեում, փաստում է, որ մեր նախորդ վարկածը, որ դենիսովցիները բնակության համեմատաբար լայն շրջան են ունեցել, ճիշտ է», - հայտարարել է Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի պրոֆեսոր Յոհան Կրաուզեն:
Այժմ գիտնականները կարծում են, որ դենիսովցիները Homo ցեղի շատ տարածված տեսակ են եղել, ինչը զգալիորեն ազդել է ժամանակակից գիտակից մարդու ձևավորման վրա: Չնայած դրան, նրանց հնարավոր եղավ ճանաչել որպես հնագույն մարդկանց առանձին տեսակ միայն 2010 թվականին՝ Ալթայի քարանձավներում գտածոների շնորհիվ: