ԹՇՆԱՄՈՒ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱԿՏ

Տարածաշրջանային ապաշրջափակմանը փորձում են հասնել Հայաստանի ներսում շրջափակումով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի նիստում մեկնաբանել է Իրան-Հայաստան միջպետական մայրուղու, ներառյալ Կապան-Գորիս ճանապարհահատվածի արգելափակման միջադեպը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ի ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը արգելափակել Է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

Փաշինյանը բացատրեց, որ այն հատվածներում, որոնք Խորհրդային Միության քարտեզներով դուրս են եղել Խորհրդային Հայաստանի տարածքից, ադրբեջանցիները փակել են ճանապարհը, պատճառաբանելով, թե անցած գիշեր հայկական կողմից մարդիկ հարձակվել են ադրբեջանցի սահմանապահների վրա:

«Մենք պաշտոնապես ասում ենք, որ էդ տեղեկությունը՝ դանակահարության վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում, և կոչ ենք անում, որ եթե անդրբեջանական կողմը հիմնավորումներ ունի, որ էդպիսի բան եղել է, կոչ ենք անում, թող փոխանցեն մեզ, որ մենք էլ հասկանանք, թե ինչ է»,- հայտարարեց նա:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. մինչ Փաշինյանը խորհրդարանում անում էր այդ հայտարարությունը, ադրբեջանական զինված ուժերը փակեցին ճանապարհի ևս մեկ հատված։ Որոշ ժամանակ անց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ Սյունիքի մարզի մի քանի գյուղերում դժվարացել է պարենի մատակարարումն ու բուժօգնության ցուցաբերումը: Միաժամանակ Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռներ փոխադրող հարյուրավոր մեքենաներ լռվել են ճանապարհին…

Փաշինյանը, իհարկե, փորձեց ստեղծված իրավիճակը հերթական անգամ բացատրել «նախկինների» դավերով, վարչատարածքային բաժանման մասին նրանց ընդունած օրենքով, խորհրդային քարտեզներով, որոնց համաձայն այդ հատվածները եղել են Խորհրդային Ադրբեջանի տարածքում, ադրբեջանցի զինծառայողների վրա հայ զինձառայողների հարձակման մասին ադրբեջանցիների ստով, այդ ճանապարհահատվածի վերաբերյալ ստորագրված փաստաթղթի բացակայությամբ։ Իսկ բացի այդ՝ ընդգծեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածի փակումը հակասում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանավորվածություններին։ Մի խոսքով, կրկին մի փունջ պատրվակներ։ Բայց…

Կարելի է ինչպես ասես բացատրել, թե ինչու է հայկական կողմը համաձայնել իր ռազմավարական մայրուղու այդ հատվածը ճանաչել ոչ իր տարածք և դրա (տարածքի) նկատմամբ իրավունքները զիջել թշնամուն։ Սակայն ոչ մի փաստաթուղթ, ոչ մի բանավոր պայմանավորվածություն, առհասարակ ոչ մի բան չի կարող հիմնավորում լինել այստեղ իրականացվող շրջափակման համար։ Երբ արգելափակվում են արտաքին աշխարհի հետ երկրի կապն ապահովող տրանսպորտային հաղորդակցությունները, դա, ըստ միջազգային իրավունքի, ագրեսիայի ակտ է։ Մինչդեռ այսօր թշնամին տրանսպորտային հաղորդակցությունների արգելափակում է իրականացնում բուն Հայաստանի ներսում։ Եվ դա արտառո՛ց է։ Դա անհեթեթությո՛ւն է: Դա աղե՛տ է։ Եվ պարզապես հրեշավոր է, երբ կառավարության ղեկավարը ստեղծված իրավիճակում գերադասում է երկարուձիգ ներկայացնել հարցի ակունքները, քան խստորեն դատապարտել ու համարժեք պատասխան տալ թշնամու ագրեսիայի ակտին։ Ի վերջո, կրկնեմ, եթե գործ ունենք մեր երկրում ճանապարհի արգելափակման, մեր բնակավայրերի միջև կապի խաթարման հետ, ապա ոչինչ, ոչ ոք չի կարող մեզ խանգարել քայլեր ձեռնարկել արգելափակումը վերացնելու ուղղությամբ։

Այդուհանդերձ արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանցիները հանգիստ ու լկտիաբար, առանց մեր կողմից չնչին իսկ դիմադրության, արգելափակում են մեր իսկ ճանապարհը, խզում Հայաստանի կապն Իրանի հետ, արտաքին աշխարհից կտրում հայկական գյուղերը՝ ստեղծելով հումանիտար խնդիր։

Իրավիճակն առավելևս սյուրռեալիստական է, եթե հաշվի առնենք, որ բառացիորեն օրերս կայացավ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ բանակցությունների հերթական փուլը՝ կապված տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների հետ։ Նկատեք, քննարկվում են տարածաշրջանային ապաշրջափակման հարցեր, երբ կողմերից մեկն արգելափակում է տրանսպորտային հաղորդակցությունները մյուս կողմի տարածքում։ Թվում էր, թե Երևանը գոնե այսօր պետք է հայտարարեր, որ դուրս է գալիս բանակցային այդպիսի ձևաչափից։ Համենայնդեպս՝ այնքան ժամանակով, քանի դեռ Բաքուն չի դադարեցրել ակնհայտ ագրեսիան և չի ներկայացրել երկաթե երաշխիքներ, որ նման բան չի կրկնվի հետագայում։ Ինչպե՞ս կարելի է գալիք տրանսպորտային համագործակցության մասին պայմանավորվել նրան հետ, ով այսօր խեղդում է քեզ քո իսկ տարածքում: Պատասխանն այստեղ մեկն է. չի կարելի ոչ մի կերպ, եթե համաձայն չես հանձնվել թշնամու ողորմածությանն ու ընդունել նրա բոլոր պայմանները: Այսինքն՝ կապիտուլյացիայի ենթարկվել։