ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՏՐԱԳԻՖԱՐՍ՝ ԽԻՍՏ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԵԼՔՈՎ

Քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների կալանավորումները, ահաբեկումները, դատական համակարգի նկատմամբ լիարժեք վերահսկողություն հաստատելու փորձերը «Նոր Հայաստանում» բնավ նոր չեն։ 2018-ին սկսվելով իբրև տարերային գործողությունների շղթա՝ այսօր դատարանների և դատավորների ինքնուրույնության և անկախության դեմ ոտնձգությունները ձեռք են բերել համակարգված, ինստիտուցիոնալ և անգամ «հանրայնորեն արդարացված» բնույթ։

Մի քանի աղմկահարույց դատավարություները, նախեվառաջ՝ սյունեցի համայնքապետերի, դրանից առաջ՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով, հաճախ հիշեցնում են ավստրիացի հանճարեղ գրող Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» հրաշալի վեպը։

Դրանում գլխավոր հերոսը՝ Յոզեֆ Կ. անունով, որը սովորական բանկային մի գործակալ է, մի օր հանկարծ պարզում է, որ ինքը ձերբակալված է և դատապարտված, բայց թե ինչի՞ համար, ի՞նչ հանցադրվագով՝ հայտնի չէ, նա անտեղյակ է իր ենթադրյալ հանցանքի հանգամանքներին, չի հասկանում, թե ո՞վ է իրեն դատելու։ Թե ո՞րն է Յոզեֆի հանցանքը, ի՞նչ է իրենից ներկայացնում դատական ատյանը՝ մինչև վեպի վերջ էլ մնում են անհասկանալի։

Ավելի քան երեք տարի շարունակվող տասնյակ քրեական դատավարություններ այդպես էլ որևէ կերպ չմոտեցրին քննվող գործերի հանգուցալուծումը, և եթե անգամ դրանք բուն դատաքննության փուլում են, դոփում են տեղում, ինչը կարծես ձեռնտու է քաղաքական իշխանությանը։ Էլ ի՞նչ հարմար թեզ կարելի է առաջ քաշել և արտահերթ ընտրությանը հաղթել, քան չապացուցված մեղքը կամ ընթացքի մեջ գտնվող քրեական գործը։ Թեև, ինչ խոսք, անմեղության կանխավարկածն էլ այս իշխանության համար ոչինչ չարժե, այնպես որ՝ անգամ կարճված գործերով կամ արդարացված անձանց մասին կարելի է անհարկի զազրախոսել։

Նույնիսկ այս իշխանության կողմից հակասահմանադրական ճանապարհով փոխված Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի որոշումը քաղաքական իշխանության հռետորաբանությունը դույզն-ինչ չսրբագրեց, ճիշտ հակառակը՝ քաղաքական ախոյան Ռոբերտ Քոչարյանը կասկածվեց անգամ ՔՊ-ի կողմից ընտրված ՍԴ դատավորների վրա ազդելու փորձերի համար։

Իսկ ո՞ւր են արդարադության իրականացմանը միջամտելու կասկածանքով ձերբակալված անձինք կամ քրեական գործերը, եթե նման հիմնավոր կասկած կա։ Ինչո՞ւ են շարունակում պաշտոնավարել այն դատավորները, որոնք կասկածվում են իբր որևէ քաղաքական ուժի, ներառյալ ընդդիմության, կողմից անթույլատրելի ազդեցություն կրելու համար։ Եթե ԱԱԾ-ն ավելի քան երեք տարում գեթ մեկ նման դեպք չի բացահայտել, դատավորի կամ նրա վրա ներգործել փորձող ընդդիմադիրի չի հայտնաբերել, ի՞նչ պարապ և անհասցե մեղադրանքներ է հղում օրվա իշխանությունը։

Հաճախ անհարկի օգտագործվող «սահմանադրական կարգի տապալում» եզրույթը, որն իշխանությունը մեկնաբանում է բացառապես իրեն հարմար քաղաքական համատեքստում, ենթադրում է նախևառաջ Մայր օրենքի առաջին գլխի՝ սահմանադրական կարգի հիմունքներին վերաբերող դրույթների ոտնահարում։ Սահմանադրության առաջին հոդվածն անփոփոխելի է և բոլոր երեք խմբագրություններում ունեցել է և ունի նույն ձևակերպումը՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։

Սահմանադրական կարգի տապալման մասին ճամարտակող իշխանավորներին հարկ է շարունակաբար հիշեցնել, որ ինքնիշխան հռչակված Հայաստանն ի վիճակի չէ անգամ սեփական գյուղերն ու ճանապարհները պաշտպանելու, ժողովրդավարության իրավիճակի մասին կարելի է գնահատական տալ՝ կառավարման ուղղահայացի, հատկապես ուժայինների և իրավապահների, հետևողական գերկենտրոնացման օրինակով, սոցիալական իրավունքների անկատարության լավագույն ապացույցը պետական համակարգի համատարած ինքնապարգևատրումներն են, իրավական ոլորտում էլ՝ իշխանության սրտի դատավորները ամեն մի հերթական դատական ակտով իրավական կամայականության և հաճոյակատարության նորանոր բարձունքներ են նվաճում։