ՈՉ ԹԵ «ԷՐԱՏՈ», ԱՅԼ «ՓԱՌԱՆՁԵՄ»
Հայրենիքի համար պայքարում հայ կանանց դերի մասին բազմաթիվ հիշատակումներ կան՝ սկսած դեռևս վաղ միջնադարից։ Շատերին ծանոթ է 5-րդ դարի պատմիչ Եղիշեի հայտնի արտահայտությունը՝ «Տիկնանք փափկասունք Հայոց աշխարհի», որտեղ նկարագրում է, թե ինչպես Վարդանանց պատերազմի ժամանակ մեր գերեվարված և նահատակված հայորդիների կանայք անլուր տանջանքների ու փորձությունների ենթարկվեցին՝ իրենց հայրենիքի հանդեպ անսահման համբերությամբ և հավատով։
Առաջին արցախյան պատերազմից հետո մեր սրբազան նահատակները համազգային ցավ էին, բայց ողբերգություն չէին, քանի որ պատերազմի ելքը հաղթական էր, Արցախը՝ ազատագրված, և որդեկորույս մայրերն ու այրիացած տիկնայք գիտեին իրենց որդիների ու ամուսինների նահատակման գինը, և լի էին ցաված հպարտությամբ։ Ավելի քան 5000 մարտիրոսված հայորդու մեծագույն սխրանքն Արցախի վերանվաճումն էր, նույն Եղիշեի ձևակերպմամբ՝ մահը՝ իմացյալ։
Լրանում է երկրորդ արցախյան պատերազմի առաջին տարելիցը, բայց հազարավոր որդեկորույս մայրերը, այրիացած տիկնայք ու որբացած աղջիկներն ի զորու չեն հոգու մխիթարություն գտնելու։ Զինվորական կամ աշխարհազորային նրանց որդիները, եղբայրները, ամուսիններն ու հայրերը զոհվեցին՝ Արցախը որևէ դեպքում թշնամուն չզիջելու գաղափարով տոգորված, մինչդեռ պատերազմից հետո որքան թեթևությամբ է օրվա իշխանությունը ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը զիջում թշնամուն։
Տասնամյակներ շարունակ առաջին պատերազմի հերոսների մայրերն ու այրիները՝ Դուշման Վարդանի մայրը՝ տիկին Զարիկը, Թաթուլ Կրպեյանի այրին՝ տիկին Իրինան, Աշոտ Չախոյանի մայրը՝ տիկին Գոհարը և այլք, իրենց նահատակների սխրանքներն ու հերոսությունները նկարագրելով, մատաղ սերնդին անձնվիրության և պատվախնդրության դաս էին տալիս, սովորեցնում, թե ինչ զոհողությունների գնով է պետք հայրենիք ազատագրել։ Ի՞նչ պիտի ասեն նրանք այսօրվա պատանուն։
Առաջին արցախյան պատերազմի օրերից կա մի ֆանտաստիկ դրվագ, որը հրաշալիորեն նկարագրում է հայ կնոջ վճռականությունն ու կամքը ազատագրական պայքարում։ 1991 թվականի օգոստոսին, երբ լայնածավալ պատերազմը դեռևս չէր էլ սկսվել, ուշագրավ դեպք պատահեց Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։
Խորհրդային օմոնականները շրջապատել էին գյուղը, և հաթերքցի կանայք, ձևավորելով «Փառանձեմ» կամավորական ջոկատը (չշփոթել կասկածելի անվամբ և ծագմամբ «Էրատո» ջոկատի հետ), գերի վերցրին և զինաթափեցին ռուս օմոնականների մեծ խմբի և նույնիսկ առգրավեցին նրանց ռազմական մեքենաները՝ պահանջելով ազատ արձակել իրենց պատանդառված համագյուղացիներին։
Հաթերքցի կանայք նաև նամակներ հղեցին Գորբաչովին և Ելցինին՝ սպառնալով, որ եթե իրենց նկատմամբ ուժ կիրառվի կամ գրոհ լինի, ապա իրենք կպայթեցնեն իրենց և ռուս օմոնականներին։ Արդյունքում՝ պատանդ հաթերքցիներն ազատ արձակվեցին, իսկ ռուս օմոնականները գլխապատառ փախան Հաթերքից՝ անձամբ ծանոթանալով արցախցի կանանց բազկի զորությանը։
Սա է հայ կինը, սա է նրա պատվախնդրության լավագույն վկայությունը։ Մինչդեռ վերջին պատերազմում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի թեթև ձեռամբ կանանց կամավորական ջոկատը վերածվեց ծաղրուծանակի՝ «էլիտար» դիրքերում, խնամված տեսքով, հարդարված մազերով, մաս-մաքուր և լավ արդուկված համազգեստներով, լայն ժպիտներով կանանց մի խմբավորում, որն անհասկանալի առաքելությամբ և անհայտ տեղում գործելով՝ նույնիսկ պատերազմի ավարտից հետո իբր չէր իջնում դիրքերից։
Ի դեպ, նույնքան անընդունելի և հակաբնական էին նաև Աննա Հակոբյանի հետպատերազմյան լուսանկարները զոհերի հարազատների տներում։ Հյուրընկալվողի շքեղության և զոհի օջախի թշվառության, տիկնոջ բութ անտարբերության և տանտիրուհու կորստի անասելի վշտի, տիկնոջ մխիթարության կեղծ խոսքերի և որդեկորույս մոր կամ այրիացած կնոջ լուռ ցավի հակադրությունը տիեզերական էր։