ՀՀ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրներ կան

Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում, որ Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ նոր անձնագրեր չկան, և պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար, տեղեկացնում է News.am:

Ոստիկանությունը «Արմենպրեսին» պարզաբանել է, որ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:

Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին, սակայն խոստացան խնդրի առնչությամբ ավելի մանրամասն պաշտոնական հաղորդագրություն տարածել:

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համաձայն` անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15- րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: